Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի իրավաբանական թիմի ներկայացուցիչներն իրավաբանորեն անհիմն են համարում Բաքվի դատարանի կայացրած դատավճիռը։ Իրավաբանական թիմի հայտարարությունը հրապարակվել է Ռուբեն Վարդանյանի ֆեյսբուքյան էջում։
Փետրվարի 17-ին Բաքվի ռազմական դատարանը մեղադրական որոշում կայացրեց Ռուբեն Վարդանյանի նկատմամբ՝ նրան դատապարտելով քսան տարվա ազատազրկման:
«Այս վճիռն անկախ և անաչառ դատական գործընթացի արդյունք չէ, այլ քաղաքական նկատառումներով պայմանավորված վարույթի կանխատեսելի հետևանք՝ ամբողջությամբ անհամատեղելի արդար դատաքննության երաշխիքների հետ։
Դատավարությունն ի սկզբանե ընթացել է և՛ Ադրբեջանի ներքին օրենսդրության, և՛ այդ երկրի միջազգային պարտավորությունների լուրջ և համակարգային խախտումներով: Դատարանը չի բավարարել Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրով և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված անկախության և անկողմնակալության պահանջներին: Մեղադրանքների ձևակերպումը և էությունը խաթարել են անմեղության կանխավարկածը»- ասված է հայտարարության մեջ։
Իրավաբանական թիմը հայտնել է, որ պաշտպանական կողմը զրկված է եղել գործի նյութերին պատշաճ ծանոթանալու հնարավորությունից՝ ունենալով խիստ անբավարար ժամանակ նյութերի ուսումնասիրման համար։ Բազմիցս խոչընդոտվել են միջնորդություններ անելու և արդարացնող ապացույցներ ներկայացնելու փորձերը։ Պարոն Վարդանյանին չի տրամադրվել իր կողմից ընտրված փաստաբանի հետ լիարժեք աշխատելու հնարավորություն։ Սրանք ընթացակարգային խախտումներ չեն և ուղղակիորեն զրկել են Վարդանյանին արդյունավետ պաշտպանություն իրակականացնելու հիմնարար իրավունքից։
«Դատավարության կողմերի հավասարության սկզբունքը չի գործել։ Պարոն Վարդանյանին չի տրվել իրեն առաջադրված մեղադրանքներն իրավասու, անկախ ու անաչառ դատարանում վիճարկելու իրական հնարավորություն: Նման հանգամանքներում դատավճիռն անկողմնակալ լինել չի կարող։
Մեղադրանքների բնույթն ավելի է ընդգծում մեղադրանքի քաղաքական էությունը։ Պարոն Վարդանյանը քրեական պատասխանատվության է ենթարկվել ոչ թե ապացուցված անհատական արարքների, այլ Արցախի/Լեռնային Ղարաբաղի ինստիտուտների հետ քաղաքական ներգրավվածության ու հանրային ծառայության համար: Ժամանակակից քրեական օրենսդրությունը, և՛ ներպետական, և՛ միջազգային, թույլ չի տալիս քրեականացնել ինքնությունը, քաղաքական պատկանելությունը կամ կառավարման հաստատությունների հետ առնչությունը՝ առանց կոնկրետ և ապացուցված հանցավոր գործողությունների»- ասված է հայտարարության մեջ։
Վարդանյանի իրավաբանական թիմը, այս բոլոր խախտումները հաշվի առնելով, եզրահանգել է, որ Ռուբեն Վարդանյանին զրկել են արդար դատաքննության իրավունքից՝ բոլոր ասպեկտներով: Նրա դատապարտումն արտահայտում է Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի նկատմամբ իրականացվող քաղաքականության օրինաչափությունը և խորը մտահոգություններ է առաջ բերում իրավունքի գերակայության վերաբերյալ։ Հետևաբար այս դատավարությունը ևս, ինչպես մյուս տասնհինգ հայերի նկատմամբ վերջերս ավարտված դատավարությունը, ապօրինի է:
«Կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին, մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներին և պատասխանատու կառավարություններին` անհապաղ և կոնկրետ քայլեր ձեռնարկել պարոն Վարդանյանի և Բաքվում պահվող և ապօրինի դատապարտված մյուս հայերի իրավունքները պաշտպանելու և նրանց ազատ արձակումն ապահովելու համար: Քաղաքական դրդապատճառներով հետապնդումների նորմալիզացումը սպառնում է ոչ միայն շահագրգիռ անձանց, այլև միջազգային իրավակարգի հեղինակությանը»,- ասված է հայտարարության մեջ։
Սիրանուշ Սահակյան, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ
Եղիշե Կիրակոսյան, «Equity Law Partners» իրավաբանական ընկերության կառավարող գործընկեր
Տարոն Սիմոյան, ELL PARTNERSHIP իրավաբանական ընկերության հիմնադիր գործընկեր
Civilnet











