Գլխավոր Լրահոս

Ավստրիայում մեկնարկել է Եպիսկոպոսաց հավաքը

Ավստրիայում մեկնարկել է Եպիսկոպոսաց հավաքը

Փետրվարի 17-ին Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում մեկնարկել է Եպիսկոպոսաց հավաքը, որին մասնակցել են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Ամենայն Հայոց Կաթողիկոսության քսանհինգ արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ, այդ թվում` Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություններից։ Այս մասին տեղեկանում ենք Ամենայն Հայոց Կաթողիկոսության Եպիսկոպոսաց հավաք ֆեյսբուքյան էջից։

Առավոտյան ժողովականները մասնակցեցին Արևագալի ժամերգությանը։ Հոգևոր խորհրդածությունից և աղոթական առանձնացումից հետո հետմիջօրեի մեկնարկել է հավաքը։

Եպիսկոպոսաց հավաքը բացվել է Տերունական աղոթքով, որին հաջորդել է միասնության մասին Պողոս առաքյալի՝ եփեսացիներին ուղղված նամակից ընթերցումը։ Ապա ժողովականներին հայրական իր խոսքն ու պատգամն առցանց հղել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Այնուհետև մասնակիցներին իրենց ուղերձն են հղել նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, Երուսաղեմի Հայ Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։

Օրակարգի քննարկումից և հաստատումից հետո ընտրվել է դիվանը՝ վարելու Եպիսկոպոսաց հավաքի հետագա աշխատանքները։

Նույն օրը Սանկտ Փյոլթընի Մայր Տաճարում եպիսկոպոսաց մասնակցությամբ տեղի է ունեցել Երեկոյան ժամերգություն, որի առիթով նրանց իր ողջույնի խոսքն է հղել Կաթոլիկ Եկեղեցու Սանկտ Փյոլթընի թեմի առաջնորդ Գերաշնորհ Ալոիս եպիսկոպոս Շվարցը։

***

Ամենայն հայոց կաթողիկոս գարեգին Բ-ն չի մասնակցում Եպիսկոպոսաց հավաքին, քնի որ փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ արգելվել է նրա ելքը Հայաստանից։ Փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել է, որ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ՝ Արման Սարոյանի (Գևորգ եպիսկոպոս) հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով:

Արման Սարոյանը (Գևորգ եպիսկոպոս) այն 10 եպիսկոպոսներից է, որոնք պահանջում են Կաթողիկոսի հրաժարականը, հանդիպումներ ունենում Նիկոլ Փաշինյանի հետ և պարբերաբար հայտարարություններով հանդես գալիս Կաթողիկոսի դեմ։

Հունվարի 31-ին արգելվեց մի շարք բարձրաստիճան հոգևորականների ելքը երկրից՝ հունվարի 31-ին որպես մեղադրյալ Քննչական կոմիտե էին հրավիրվել Գերագույն հոգևոր խորհրդի եպիսկոպոս անդամներին։ Եպիսկոպոսները մեղադրվում են նույն գործով՝ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար։

Երեկ՝ փետրվարի 13-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր որ ժողովը «կաթողիկությունը Հայաստանից դուրս տանելու փորձ է» և ասել էր, որ «կզգան զգուշացումները»։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը փետրվարի 16-19-ին եպիսկոպոսաց ժողով է հրավիրել՝ քննարկելու Հայ Առաքելական եկեղեցու շուրջ վերջին զարգացումները և ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր։ Ժողովն ի սկզբանե նախատեսված էր 2025 թվականի դեկտեմբերի 10-12-ը, սակայն Մայր Աթոռը հայտարարել էր դրա հետաձգման մասին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում