AI «քահանան», Գարեգին Բ-ի «սպանության» ծրագիրը և ԵԽԽՎ բանաձևը․ ապատեղեկատվական նոր արշավ

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck
Վերջին շաբաթներին ռուսալեզու և անգլալեզու մի շարք հարթակներում տարածվել են «հետաքննական» ձևաչափով հրապարակումներ, որոնք պնդում են, թե Հայաստանում իրականացվում են բարձրաստիճան հոգևորականների զանգվածային խոշտանգումներ և իբր գոյություն ունի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ ֆիզիկական վերացման գաղտնի ծրագիր։
Հոդվածներում նաև վկայակոչվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մի բանաձև, որը, ըստ հեղինակների, դատապարտում է Հայաստանի իշխանությունների գործողությունները։
#CivilNetCheck-ն ուսումնասիրել է հրապարակումները և պարզել, որ դրանցում ներկայացված տեղեկատվությունը հորինված է, իսկ աղբյուրները կապված են ապատեղեկատվության տարածմամբ զբաղվող հայտնի ցանցերի հետ։
Հորինված խոշտանգումներ և Կաթողիկոսի «սպանության ծրագիրը»
Փետրվարի 14-ին ռուսալեզու «Բռնաճնշումների դեմ պայքարի ֆոնդը» (Фонд борьбы с репрессиями, ФБР) հրապարակել է մի հոդված, որտեղ նկարագրվում են Հայաստանում եկեղեցականների խոշտանգումների տեսարաններ:
Որպես ապացույց կայքը ներկայացրել է «Գևորգ Խաչատրյան» անունով մի քահանայի տեսաուղերձը, որը, սակայն, իրականում գոյություն չունեցող՝ հորինված անձ է: Տեսանյութում «քահանան» արհեստական բանականությանը բնորոշ հայերեն անբնական սինթեզված ձայնով պատմում է, որ «խոշտանգումների» է ենթարկել: Նա պնդում է, թե իբր իրեն առևանգել են և տեղափոխել Ազգային անվտանգության ծառայության մեկուսարան, որտեղ սովի են մատնել և եղունգների «փայտե տաշեղներ մտցրել»:

Տեսանյութում «քահանան» նաև հայտնում է հորինված պատմություն, թե ականատես է եղել ԱԱԾ-ում ևս վեց հոգևորականների կտտանքների, որոնցից մեկն իբր խոշտանգումներից մահացել է:
Արհեստական բանականությամբ ստեղծված բովանդակության ճանաչման Hive Moderation և Sightengine առցանց հարթակները վկայում են, որ տեսանյութը ստեղծվել է AI-ի՝ դեմքի փոփոխման տեխնոլոգիաների միջոցով։
Տեսանյութում՝ AI-ով ստեղծված կեղծ քահանայի վկայությունը fondfbr[.]ru կայքից
Միևնույն ժամանակ, հոդվածում վկայակոչվում է անանուն աղբյուր, ըստ որի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նստավայրում համաձայնեցվել է Գարեգին Բ կաթողիկոսին վերացնելու գաղտնի ծրագիր: Այն իբրև բաղկացած է երկու փուլից. սկզբում նախատեսվում է քրեական գործ հարուցել Կաթողիկոսի դեմ՝ «սփյուռքի հիմնադրամների միջոցով փողերի լվացման» մեղադրանքով, իսկ այնուհետև իրականացնել նրա ձերբակալությունն ու սպանությունը մեկուսարանում՝ սրտի կաթված հիշեցնող «մահացու ներարկման միջոցով»:
Հարկ է նշել, որ փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ Կաթողիկոսի նկատմամբ քրեական վարույթ է իրականացվում և կիրառվել է ելքի արգելք, սակայն սա կապված է բոլորովին այլ իրավական գործընթացի հետ: Վարույթը վերաբերում է դատական ակտի կատարմանը խոչընդոտելուն, որն առնչվում է Մասսյացոտնի թեմի առաջնորդության շուրջ դատական վեճին և Գևորգ (Արման) եպիսկոպոս Սարոյանի պաշտոնավարմանը: Ի հեճուկս հոդվածում ներկայացված պնդումների, Կաթողիկոսին կալանավորելու որոշում կամ պաշտոնական հայտարարություն այս պահին առկա չէ։

Ռուսական ապատեղեկատվական ցանցը շահարկում է իրական իրադարձությունները՝ փորձելով առաջ մղել այն դավադրապաշտական թեզը, թե կառավարությունը մտադիր է «ուկրաինական սցենարով» ստեղծել նոր «պետական եկեղեցի», որը պետք է վերահսկվի կառավարության կողմից։
Չնայած հորինված խոշտանգումների և սպանության ծրագրերին, իշխանությունների և եկեղեցու միջև առկա լարվածությունը փաստ է. 2025-ից ի վեր առնվազն 11 եկեղեցական կալանավորվել է կամ ենթարկվել քրեական հետապնդման, այդ թվում՝ հինգ բարձրաստիճան հոգևորականներ։ Սակայն խոշտանգումների մասին ոչ հոգևորականները, ոչ էլ նրանց պաշտպանները երբևէ չեն հայտնել։
«Բռնաճնշումների դեմ պայքարի ֆոնդը», որը տարածում է այս լուրերը, անկախ իրավապաշտպան կազմակերպություն չէ: Այն հիմնադրվել է 2021 թվականին ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինի կողմից: Մինչ մահը, Պրիգոժինը ստեղծել էր բազմաթիվ ապատեղեկատվական հարթակներ, այդ թվում՝ հայտնի կրեմլյան «տրոլների ֆաբրիկան»: Այժմ ֆոնդը գլխավորում է Միրա Տերադան (նաև հայտնի որպես Օքսանա Վովկ), որը ԱՄՆ-ում բանտարկվել է փողերի լվացման համար: Այս հարթակը պարբերաբար կեղծ լուրեր և դավադրապաշտական տեսություններ է տարածում Հայաստանի ու այլ երկրների վերաբերյալ։
ԵԽԽՎ-ի գոյություն չունեցող «դատապարտող» բանաձևը
«Բռնաճնշումների դեմ պայքարի ֆոնդի» մեկ այլ՝ հունվարի 31-ին հրապարակված հոդվածը պնդում է, թե Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) 2026-ի հունվարի 26-ին ընդունել է բանաձև, որով Հայաստանում եկեղեցու դեմ իրականացվող իշխանության գործողությունները ճանաչել է որպես «ռեպրեսիաներ»։

Իրականում ԵԽԽՎ-ն այդ օրն իրոք ընդունել է մի բանաձև, որն անդրադառնում է Հայաստանի իշխանությունների և եկեղեցու միջև լարվածությանը, սակայն այնտեղ չկա որևէ խոսք բռնաճնշումների մասին։
Բանաձևը միայն «խորը մտահոգություն» է հայտնում վարչապետի և եկեղեցու ղեկավարության միջև առկա լարվածության և հասարակության մեջ առկա բևեռացման վերաբերյալ։ Ուշագրավ է, որ փաստաթուղթը հղում է անում «մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը զավթելու ծրագրերի մասին հաղորդումներին», ինչը ռուսական ցանցը միտումնավոր բաց է թողել:

Ռուսական ցանցը պարզապես վերցրել է իրական փաստաթուղթը և խեղաթյուրել դրա բովանդակությունը։
Կեղծիքների արտահանումը դեպի «արևմտյան» մամուլ
Անգլալեզու vtforeignpolicy[.]com կայքում հունվարի 14-ին հրապարակվել է հոդված, որը կրկնում էր «Բռնաճնշումների դեմ պայքարի ֆոնդի» վերոնշյալ «բացահայտումները»։ Հոդվածի հեղինակ Լուկաս Լեյրոսը (Lucas Leiroz) պնդում է, թե Փաշինյանը զանգվածաբար հեռացրել է դատավորների և «զավթել» դատական համակարգը՝ քաղաքական հակառակորդների դեմ օգտագործելու համար։
Հոդվածում նշվում է, թե 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից առաջ իշխանությունները ցանկանում են «մաքրել քաղաքական դաշտը» ։ Որպես ապացույց բերվում են Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի և Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված գործերը։

Հայաստանի արդարադատության նախարարությունը պաշտոնապես հերքել է այս պնդումները։ Նախարարությունը հայտարարել է, որ վարչապետը «դատավորների ընտրության կամ նշանակման որևէ փուլում որևէ լիազորություն, ազդեցություն կամ ներգրավվածություն չունի»։ Այդ գործառույթը իրականացվում է անկախ Բարձրագույն դատական խորհրդի կողմից։
Հոդվածի հեղինակ Լուկաս Լեյրոսը, սակայն, ոչ թե անկախ լրագրող է, այլ հանդիսանում է «Storm-1516» անունով հայտնի ապատեղեկատվական ցանցի առանցքային անդամներից մեկը: Microsoft-ի և ֆրանսիական VIGINUM գործակալության տվյալներով՝ Լեյրոսը սերտորեն կապված է ռուս ուլտրաազգայնական գաղափարախոս Ալեքսանդր Դուգինի շարժման հետ և պարբերաբար համագործակցում է Russia Today-ի հետ:
Vtforeignpolicy[.]com կայքը, չնայած իր անվանմանը և ձևավորմանը, չի հանդիսանում հեղինակավոր կամ արևմտյան լրատվամիջոց։ Այն հաճախ է հրապարակում կեղծ տեղեկություններ և ռուսական քարոզչական և ապատեղեկատվական ցանցի մաս է կազմում։ Վերջին ամիսներին vtforeignpolicy[.]com և Լեյրոսը տասնյակ հոդվածներ են հրապարակել հայաստանյան իշխանությունների դեմ՝ պնդելով անհիմն մեղադրանքներ թմրանյութերի, թրաֆիքինգի, կոռուպցիայի և այլ հանցագործությունների մասին։
Կարդացեք նաև՝ «Հայաստանի դեմ ապատեղեկատվության հետքերով․ նարատիվներից՝ կազմակերպված ցանցեր»
Փաստերի ստուգում
Հասանելի է
english
CivilNetCheck










