Սոցիալական ցանցերում նոյեմբերի 24-ից տարածվում է տեսանյութ, որում ռուսական НТВ հեռուստաալիքի «Место встречи» հաղորդման վարող Իվան Տրուշկինը, անդրադառնալով Հայաստանի նոր Սահմանադրության նախագծին, իբր դժգոհում է, որ Հայաստանի իշխանություններն առանց Ռուսաստանի թույլտվության որոշումներ են կայացնում։
«Փաշինյանը, ուրեմն, օրերս ներկայացրեց մի թուղթ՝ Հայաստանի նոր Սահմանադրությունը՝ առանց վիճելի տարածքների հիշատակման։ Ահա այսպես որոշեցին խորամանկել հայերը՝ ծածուկ, մեր թիկունքում։ Իսկ մեզանից ընդհանրապես թույլտվություն հարցրե՞լ են, որ որևէ բան փոխեն։ Ժամանակն է, որ Վլադիմիր Վլադիմիրովիչը դաստիարակչական աշխատանք տանի, որովհետև բոլորովին սանձարձակվել են։ [...] Ուղղակի այսպես սա թողնել չի կարելի»,-տեսանյութում իբր ասում է Տրուշկինը։
Տեսանյութի վրա հայերեն գրված է․ «Պուտլեռի պաշտպաններ, լավ լսեք, թե ձեր շեֆերը ինչ են ասում, հայերը ով են, որ առանց ռուսի բան որոշեն»։
Սակայն Իվան Տրուշկինը նման հայտարարություն չի արել։ Տարածվող տեսանյութում օգտագործվել են իրական հեռուստահաղորդման կադրեր, որոնց վրա ավելացվել է արհեստական բանականությամբ գեներացված խոսք։ Տեսանյութը դիփֆեյք է (deepfake)։
Տեսանյութում օգտագործվել են իրական հեռուստահաղորդման կադրեր
Ավելի քան հազար արձագանք և 230-ից ավելի տարածում ստացած տեսանյութում օգտագործվել են ռուսական НТВ հեռուստաալիքով 2026-ի սեպտեմբերի 4-ին հեռարձակված «Место встречи» հաղորդման կադրերը։
Հաղորդման ամբողջական տեսագրության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրա ընթացքում չեն քննարկվել ո՛չ Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը, ո՛չ էլ Հայաստանին առնչվող այլ հարցեր։
Քննարկման հիմնական թեմաներն են եղել Ուկրաինայի պատերազմը և Ռուսաստանի ներքաղաքական զարգացումները, այդ թվում՝ Պետդումայի ընտրություններում դերասանների, երաժիշտների և բլոգերների առաջադրումը։
#CivilNetCheck-ը տեսանյութը ստուգել է նաև արհեստական բանականությամբ ստեղծված բովանդակության հայտնաբերման Hive Moderation գործիքով։ Ստուգման արդյունքների համաձայն՝ տեսանյութում հնչող խոսքի՝ արհեստական բանականությամբ գեներացված լինելու հավանականությունը գերազանցում է 99%-ը։

Այսպիսով, սոցիալական ցանցերում տարածվող տեսանյութը կեղծ է։ Հեռուստահաղորդման իրական կադրերն օգտագործվել են Իվան Տրուշկինին արհեստական բանականությամբ գեներացված խոսք վերագրելու համար։ Բնօրինակ հաղորդման ընթացքում Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը չի քննարկվել։
Նելլի Լազարյան
CivilNetCheck











