Գլխավոր Լրահոս

Թաղապետի եղբոր ընտանիքի հողամասը. ջրատար, շինթույլտվություններ և քրեական վարույթ

Թաղապետի եղբոր ընտանիքի հողամասը. ջրատար, շինթույլտվություններ և քրեական վարույթ

Երևանի Աջափնյակ վարչական շրջանում հոկտեմբերին մայթերին տեղադրված կրպակների ապամոնտաժման աշխատանքների ընթացքում հասարակական գործիչ Արթուր Չախոյանը հայտարարեց, որ Երևանի քաղաքապետարանը երկակի ստանդարտ է կիրառում՝ որոշ քաղաքացիների շինություններն ապամոնտաժում է, իսկ պաշտոնյաների հետ կապ ունեցող անձանց շինությունները՝ ոչ։

«Զուգահեռ եմ անցկացնում և ուզում եմ հասկանալ, թե խի՞ տվյալ դեպքում քանդում եք, իսկ մյուս դեպքում՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի հալալ եղբոր շինությունը թողնում եք սարքել, թաղապետի շինությունը»,- հոկտեմբերի 13-ին Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի հետ զրույցում ասաց Չախոյանը։

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանը պատասխանեց, որ իր տեղեկություններով՝ նշված շինությունն ունեցել է անհրաժեշտ թույլտվությունները, սակայն խոստացավ հարցը կրկին ուսումնասիրել։

Խոսքը Աջափնյակի Էստոնական փողոցի 10/2 հասցեում գտնվող հողամասի մասին է։ #CivilNetCheck-ն ուսումնասիրել է աճուրդի փաստաթղթերը, շինարարության թույլտվություններն ու իրավասու մարմինների պարզաբանումները՝ պարզելու, թե ինչ հիմքերով է հողամասն օտարվել և ինչ պայմաններով է թույլատրվել կառուցապատումը։

Ի՞նչ է պնդում Արթուր Չախոյանը

Դեռևս 2025-ի փետրվարին հրապարակած տեսանյութում Չախոյանը պնդել էր, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանը շինթույլտվություն է տվել մի հողամասում, որը, ըստ նրա, Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի համաձայն՝ ենթակա չէ օտարման, քանի որ տարածքով ջրագիծ է անցնում։ Տեսանյութում երևում էր նաև շինհրապարակով անցնող խողովակաշարը։

Ի՞նչ է սահմանում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածը

Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածը սահմանում է պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի այն տեսակները, որոնք չեն կարող փոխանցվել քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով։ Դրանց թվում են նաև ջրամատակարարման և ջրահեռացման որոշ ենթակառուցվածքների համար առանձնացված հողամասերը։

Էկրանապատկերները՝ Չախոյանի տեսանյութից
Էկրանապատկերները՝ Չախոյանի տեսանյութից

Ո՞ւմ է պատկանում հողամասը և ինչպե՞ս է այն ձեռք բերվել

Երևանի քաղաքապետարանի կայքում հրապարակված փաստաթղթերի համաձայն՝ Էստոնական 10/2 հասցեում գտնվող 140.25 քմ մակերեսով հողամասի աճուրդը կայացել է 2016-ի օգոստոսին, հաղթող է ճանաչվել Գայանե Ենոքյանը։ Վերջինս Կենտրոն վարչական շրջանի ներկայիս ղեկավար Պետրոս Պետոյանի եղբոր՝ Վռամ Պետոյանի կինն է։

Էկրանապատկեր՝ Երևանի քաղաքապետի թիվ 2870-Ա որոշման 3-րդ հավելվածից
Էկրանապատկեր՝ Երևանի քաղաքապետի թիվ 2870-Ա որոշման 3-րդ հավելվածից

Հասարակական նշանակության օբյեկտի կառուցման համար նախատեսված հողամասի մեկնարկային գինը եղել է 3 506 250 դրամ, իսկ հաղթող առաջարկը՝ 3 681 563 դրամ կամ մոտ 26 250 դրամ՝ մեկ քառակուսի մետրի համար։

Էկրանապատկերը՝ Պետրոս Պետոյանի և Գայանե Ենոքյանի ֆեյսբուքյան էջերից
Էկրանապատկերը՝ Պետրոս Պետոյանի և Գայանե Ենոքյանի ֆեյսբուքյան էջերից

Աճուրդի հայտարարությունում նշվել էր, որ հողամասում ջրատար չկա

2016-ի հուլիսի 4-ին Երևանի քաղաքապետարանի հրապարակած փակ դասական աճուրդի հայտարարության մեջ նշված էր, որ Էստոնական 10/2 հասցեի հողամասում ճանապարհներ, ջրատար, կոյուղի, էլեկտրահաղորդման գծեր և գազատար չկան։

Էկրանապատկերը՝ Երևանի քաղաքապետարանի կայքից
Էկրանապատկերը՝ Երևանի քաղաքապետարանի կայքից

Ինչպես նշեցինք, Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի համաձայն՝ մասնավոր սեփականության չեն կարող փոխանցվել մայրուղային ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի համար առանձնացված պետական և համայնքային հողամասերը։

Քաղաքապետարանից #CivilNetCheck-ին պարզաբանեցին, որ աճուրդի ելակետային պայմաններով սահմանված է եղել, որ անհրաժեշտության դեպքում աճուրդի հաղթողը պետք է իրականացներ տարածքով անցնող ստորգետնյա և վերգետնյա հաղորդակցուղիների տեղափոխման աշխատանքները։

Էկրանապատկերը՝ Երևանի քաղաքապետարանի գրավոր պատասխանից
Էկրանապատկերը՝ Երևանի քաղաքապետարանի գրավոր պատասխանից

Արբանյակային լուսանկարների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դեռևս 2016-ին այդ տարածքը առավելապես կանաչապատ է եղել և շինություններ չեն եղել։

Ի՞նչ թույլտվություններ են տրվել

Քաղաքապետարանի տրամադրած փաստաթղթերի համաձայն՝ 2023-ի հուլիսի 6-ին վերաթողարկվել է նախագծման թույլտվություն՝ մինչև երկու հարկ և առավելագույնը 9,5 մետր բարձրությամբ շինության համար։

2024-ի սեպտեմբերի 30-ին քաղաքապետ Տիգրան Ավինյանի ստորագրությամբ տրվել է շինթույլտվություն՝ 24 ամիս ժամկետով։ 2026-ի մայիսի 21-ին շինթույլտվության ժամկետը երկարաձգվել է, իսկ հոկտեմբերի 23-ին տրվել է ժամկետի երկարաձգման ևս մեկ թույլտվություն։

Քաղաքապետարանից նաև հայտնել են, որ նախագծի համաձայնեցման և շինարարության թույլտվության տրամադրման փուլում կառուցապատողը ներկայացրել է ջրագծի տեղափոխման նախագիծ, որը համաձայնեցված է եղել համապատասխան մատակարար կազմակերպությունների հետ։#CivilNetCheck-ն այցելել է Էստոնական փողոցի 10/2 հասցե և արձանագրել, որ շինությունն արդեն կառուցված է։ Տեղում երկու հարկանի շենք է՝ տանիքին տեղադրված արևային վահանակներով։

Ջրային կոմիտեի դիրքորոշումը. քրեական վարույթ է նախաձեռնվել

#CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան՝ Ջրային կոմիտեն հայտնել է, որ իր տրամադրության տակ եղած տվյալներով՝ Էստոնական փողոցի 10/2 հասցեի հողամասով շարունակում է անցնել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից սպասարկվող 720 մմ տրամագծով «Արզական-Երևան» պողպատե ջրատարը։

Կոմիտեն նաև տեղեկացրել է, որ նշված հողամասի օտարման հանգամանքների առնչությամբ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։

Էկրանապատկերը՝ Ջրային կոմիտեի գրավոր պատասխանից
Էկրանապատկերը՝ Ջրային կոմիտեի գրավոր պատասխանից

Ի՞նչ են ասում թաղապետն ու սեփականատիրոջ ընտանիքը

Կենտրոնի թաղապետ Պետրոս Պետոյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում հաստատեց, որ հողամասը պատկանում է իր եղբոր ընտանիքին։ Նրա խոսքով՝ ջրատարի առկայության մասին տեղեկացել են հողամասը գնելուց հետո։

«Վեոլիա Ջրի հետ համաձայնեցված՝ իրենց միջոցներով ջրագիծը տեղափոխել են և ապա շինարարությունը սկսել», - հայտնեց նա։

Առավել մանրամասն պարզաբանում ներկայացրեց Պետրոս Պետոյանի եղբայրը՝ Վռամ Պետոյանը։ Նրա խոսքով՝ 2016-ին հողամասը գնելիս իրենք տեղյակ չեն եղել տարածքով անցնող ջրատարի մասին և շուրջ չորս տարի շինարարություն չեն սկսել։ Հետագայում, տեղեկանալով խողովակաշարի առկայության մասին, դիմել են համապատասխան կառույցներին, ստացել «Վեոլիա Ջրի» տեխնիկական պայմանները և, ըստ Պետոյանի, սեփական միջոցներով տեղափոխել ջրատարի 41 մետր երկարությամբ հատվածը՝ այն դուրս բերելով հողամասի տակից։

«Հիմա մեր հողի տակ այդ ջրագիծը չկա»,- պնդեց նա։

Պետոյանը նշեց՝ իրենք չէին գնի հողամասը, եթե իմանային, որ դրա տակ ջրատար է անցնում։ «Ոնց որ մինի վրա տուն սարքես»,- նշեց Պետոյանը։

«Վեոլիա Ջրի» տրամադրած՝ ջրագծի տեղափոխման տեխնիկական պայմանները. տրամադրել է Վռամ Պետոյանը
«Վեոլիա Ջրի» տրամադրած՝ ջրագծի տեղափոխման տեխնիկական պայմանները. տրամադրել է Վռամ Պետոյանը

Վռամ Պետոյանը նաև հայտնեց, որ հարցը քննվել է Հակակոռուպցիոն կոմիտեում և դատախազությունում, որտեղ իրենք ներկայացրել են ջրատարի տեղափոխման թույլտվություններն ու աշխատանքներն իրականացրած լիցենզավորված շինարարների փաստաթղթերը։ Նրա խոսքով՝ քրեական վարույթը դեռևս կարճված չէ։

Ջրային կոմիտեի այն տեղեկության մասով, թե՝ հողամասով շարունակում է անցնել «Արզական-Երևան» ջրատարը, Պետոյանը ենթադրում է՝ Կոմիտեի տվյալների բազան, հավանաբար, դեռևս չի թարմացվել։

Ջրագծի տեղափոխման աշխատանքները։ Լուսանկարները տրամադրել է կառուցապատողը։
Ջրագծի տեղափոխման աշխատանքները։ Լուսանկարները տրամադրել է կառուցապատողը։

Սակայն Ջրային կոմիտեն #CivilNetCheck-ին հայտնեց, որ ջրատարի տեղափոխման և նոր ջրագծի շահագործման ընդունման վերաբերյալ տեղեկություններ չունի։ Կոմիտեի մամուլի բաժնից պարզաբանեցին, որ փոխանցել են իրենց տրամադրության տակ եղած տվյալները։

#CivilNetCheck-ը դիմեց նաև «Վեոլիա Ջուր» ընկերությանը՝ պարզելու, թե արդյոք ջրատարն իսկապես տեղափոխվել է, նոր ջրագիծն ընդունվել է շահագործման և առկա է համապատասխան ընդունման ակտը։ Ընկերությունից խոստացան ճշտել տեղեկությունը, սակայն հետագա զանգերին չպատասխանեցին։

Այսպիսով, 2016 թվականի աճուրդի հայտարարության մեջ նշված էր, որ Էստոնական 10/2 հասցեի հողամասում ջրատար չկա, մինչդեռ Ջրային կոմիտեի ներկայիս տվյալներով՝ տարածքով անցնում է 720 մմ տրամագծով «Արզական-Երևան» ջրատարը։ Վռամ Պետոյանը պնդում է, որ ջրատարը տեղափոխվել է «Վեոլիա Ջրի» համաձայնությամբ և սեփական միջոցներով՝ ներկայացնելով նաև աշխատանքների լուսանկարները։ Քաղաքապետարանն էլ հաստատում է ջրագծի տեղափոխման համաձայնեցված նախագծի առկայությունը։ Սակայն Ջրային կոմիտեն տեղափոխման մասին տեղեկություններ չունի, իսկ «Վեոլիա Ջրից» չի հաջողվել ստանալ նոր ջրագծի շահագործման ընդունման հաստատումը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում