Թուրքիան շարունակում է բնական գազ ներկրել Իրանից, թեև երկու երկրների միջև 25-ամյա պայմանագրի ժամկետն ավարտվել է հուլիսին։ Մատակարարումները շարունակվում են Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների և Մերձավոր Արևելքում պատերազմի պայմաններում, հաղորդում է էներգետիկ հարցերով մասնագիտացած The World Energy Weekly (PETROSTRATEGIES) պարբերականը նոյեմբերի 23-ի համարում։
2026-ի առաջին ութ ամիսներին Իրանից Թուրքիա է մատակարարվել շուրջ 6.4 մլրդ խմ գազ՝ ավելի քան 30 տոկոսով շատ, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Մայիսին մատակարարումները հասել են ամսական ռեկորդային՝ գրեթե 900 մլն խմ-ի։
Երկու երկրների միջև երկարաժամկետ պայմանագիրը գործում էր 2001 թվականից և նախատեսում էր տարեկան մինչև 9.6 մլրդ խմ գազի մատակարարում։ Միջազգային էներգետիկ գործակալության տվյալներով՝ հոկտեմբերի վերջի դրությամբ նոր երկարաժամկետ համաձայնագրի մասին չէր հայտարարվել։
Կոլումբիայի համալսարանի Գլոբալ էներգետիկ քաղաքականության կենտրոնի հետազոտող Անն-Սոֆի Կորբոն կարծում է, որ շարունակվող մատակարարումները, ամենայն հավանականությամբ, նախկինում չմատակարարված գազի դիմաց փոխհատուցում են։ Նրա խոսքով՝ Իրանը հաճախ պայմանագրով նախատեսված ծավալներից պակաս գազ է մատակարարել։
Իրանական գազի ներկրումը շարունակվում է նաև ԱՄՆ-ի պատժամիջոցների պայմաններում։ Սեպտեմբերին Թուրքիայի ֆինանսների նախարարը հայտարարել էր, որ գազի դիմաց վճարումները չեն խախտում ամերիկյան պահանջները, քանի որ իրականացվում են հատուկ վերահսկողության մեխանիզմով։
Ըստ նախարարի՝ գումարներն ուղղակիորեն չեն փոխանցվում Թեհրանին։ Դրանք մուտքագրվում են հատուկ հաշիվների, որոնց միջոցներով Իրանը կարող է գնել ամերիկյան պատժամիջոցներով թույլատրված ապրանքներ, այդ թվում՝ սննդամթերք և դեղորայք։ Սակայն այս մեխանիզմն ամբողջությամբ չի վերացնում պատժամիջոցների հետ կապված ռիսկերը։
Միաժամանակ Թուրքիան ստիպված է եղել առնվազն ժամանակավորապես կասեցնել Թուրքմենստանից տարեկան 1.3 մլրդ խմ գազ ներկրելու պայմանավորվածությունը։ 2025-ի փետրվարին հայտարարված համաձայնագիրը նախատեսում էր թուրքմենական գազի տարանցում Իրանի գազատար ցանցով։
Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարի խոսքով՝ համաձայնագրի իրագործումը բարդացել է ամերիկյան պատժամիջոցների և տարանցման պայմանների պատճառով։
The World Energy Weekly-ի գնահատմամբ՝ Անկարան փորձում է հավասարակշռել Վաշինգտոնի հետ սերտ հարաբերությունները և տարածաշրջանային սեփական էներգետիկ շահերը։ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և ամերիկյան սպառազինության ու հեղուկացված բնական գազի խոշոր գնորդ, սակայն շարունակում է պահպանել Իրանից խողովակաշարային գազ ստանալու հնարավորությունը։
Անկարան միաժամանակ ընդլայնում է էներգետիկ համագործակցությունն Ադրբեջանի հետ։ 2026-ի հունիսին թուրքական պետական BOTAŞ ընկերությունը SOCAR-ի, TotalEnergies-ի և ADNOC-ի հետ կնքել է երկարաժամկետ պայմանագիր։ Այն նախատեսում է 2029 թվականից 15 տարվա ընթացքում ընդհանուր 33 մլրդ խմ գազի մատակարարում Կասպից ծովի ադրբեջանական հատվածում գտնվող Աբշերոն հանքավայրից։
Թուրքիան նաև նախատեսում է կրկնապատկել Սև ծովում գտնվող Սաքարիա հանքավայրի արդյունահանումը՝ տարեկան շուրջ 3.5 մլրդ խմ-ից հասցնելով 7.3 մլրդ խմ-ի։ Ծրագրի հաջորդ փուլի մեկնարկը սպասվում է 2027-ի սկզբին։
Չնայած սեփական արդյունահանման աճին՝ Թուրքիան շարունակում է մեծապես կախված մնալ գազի ներմուծումից։ 2025-ին երկրի գազի սպառումը կազմել է գրեթե 59 մլրդ խմ, իսկ բնական գազն ապահովել է Թուրքիայի էներգետիկ հաշվեկշռի շուրջ 28 տոկոսը։












