Իրանը կարող է հարվածել Ադրբեջանի էներգետիկ ենթակառուցվածքներին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունն ընդլայնելու շրջանակում, գրում է միջազգային հարաբերությունների մասնագետ Մոհամմադ Այաթոլլահի Թաբաարը՝ Foreign Affairs հանդեսում հոկտեմբերի 1-ին հրապարակված վերլուծությունում։
Հեղինակը հնարավոր սցենարների թվում դիտարկում է նաև Նախիջևանը գրավելու փորձը՝ այն կապելով Իսրայելի հետ Ադրբեջանի սերտ համագործակցության և Իրանի ղեկավարության անվտանգության մտահոգությունների հետ։ Հոդվածում այս տարբերակները ներկայացված են որպես հնարավոր զարգացումներ, ոչ թե Թեհրանի հաստատված ծրագրեր։
«Ադրբեջանն ու Իսրայելը սերտ գործընկերներ են, և իրանական վերնախավի շատ ներկայացուցիչներ Ադրբեջանին մեղադրել են Իսրայելին իր տարածքն Իրանի դեմ գործողությունների հենակետ օգտագործելու հնարավորություն տալու մեջ»,- գրում է Թաբաարը։
Ադրբեջանը հերքում է այդ մեղադրանքները։ Միաժամանակ, ըստ հեղինակի, Իսրայելին նավթ մատակարարելու հանգամանքն անգամ կարող է Թեհրանին մղել Նախիջևանը գրավելու փորձի։
«Առնվազն Թեհրանը կարող է հարձակվել Ադրբեջանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա»,- նշում է նա։
Թաբաարը Տեխասի A&M համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր է և Քարնեգիի միջազգային խաղաղության հիմնադրամի արտահաստիքային գիտաշխատող։ Նրա հիմնական փաստարկն այն է, որ Իրանի ղեկավարությունը սրացումը դիտում է որպես ԱՄՆ-ին Մերձավոր Արևելքից հեռացնելու միջոց։
Սրացումը՝ որպես զսպման ռազմավարություն
Ըստ հեղինակի՝ պատերազմը կարծրացրել է Իրանի ղեկավարության դիրքորոշումը։ Բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց հարազատների զոհվելը, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված հարվածները Թեհրանում ամրապնդել են համոզմունքը, որ հակառակորդները սպառնում են ամբողջ երկրի գոյությանը։
Այս ընկալումը, Թաբաարի գնահատմամբ, Իրանի ղեկավարությանը մղում է ավելի լայն հարձակումների՝ զիջումների գնալու փոխարեն։ Թեհրանը ցանկանում է ոչ միայն զսպել հաջորդ հարվածները, այլև հետևողականորեն թուլացնել տարածաշրջանում ամերիկյան ռազմական ու հետախուզական հնարավորությունները։
«Իրանի տևական նպատակը տարածաշրջանում Վաշինգտոնի մնալը այնքան ցավոտ դարձնելն է, որ վերջինս այլ ընտրություն չունենա, քան դուրս բերել իր զորքերի մեծ մասը, ընդունել Թեհրանի վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ և ճանաչել Իսլամական Հանրապետությունը որպես հարատև ուժ»,- գրում է հեղինակը։
Նրա գնահատմամբ՝ Թեհրանը գրեթե կորցրել է նաև ԱՄՆ-ի հետ բանակցությունների նկատմամբ վստահությունը։ Հոդվածում հիշատակվում են Վաշինգտոնի դուրս գալը 2015-ի միջուկային համաձայնագրից և բանակցությունների ընթացքում Իրանի դեմ իրականացված հարվածները։ Իրանի ղեկավարության տրամաբանությամբ՝ նոր համաձայնությունն անգամ կարող է միայն ժամանակ տալ ԱՄՆ-ին վերախմբավորվելու և կրկին հարձակվելու համար։
Թաբաարը գրում է, որ իրանական վերնախավը մտահոգված է նաև ներկայիս առավելությունները կորցնելու հեռանկարով։ Համաշխարհային տնտեսությունը կարող է աստիճանաբար գտնել էներգակիրների արտահանման այլ ուղիներ, իսկ Վաշինգտոնը՝ վերականգնել ռազմական պաշարներն ու ընդլայնել միջազգային աջակցությունը։ Այս հաշվարկը, ըստ հեղինակի, Թեհրանին խրախուսում է ճնշումն ուժեղացնել հիմա։
Այդ ճնշման հիմնական գործիքներից մեկը կարող է լինել Պարսից ծոցից նավթի և գազի արտահանման հետագա խափանումը։ Հոդվածում դիտարկվում են արտադրական օբյեկտների ու նավահանգիստների դեմ հարվածները, ինչպես նաև Եմենի հութիների հետ համագործակցությամբ Կարմիր ծովով փոխադրումների սահմանափակումը։
Հեղինակը չի բացառում նաև ամերիկյան ռազմաբազաների դեմ հարձակումների ընդլայնումը, կիբերգործողությունները և ստորջրյա հաղորդակցության մալուխների վնասումը։ Ցամաքային գործողությունների հնարավոր ուղղությունների թվում նա նշում է Պարսից ծոցի երկրներն ու Իրաքի քրդական շրջանը։
Մեկ այլ հնարավոր զարգացում է միջուկային զենք ստեղծելու որոշումը։ Իրանը պաշտոնապես շարունակում է հերքել նման մտադրությունը, սակայն, ըստ Թաբաարի, վերնախավի մի մասը միջուկային զենքն արդեն դիտում է որպես անհրաժեշտ զսպող միջոց։ Հեղինակը նշում է, որ պարզ չէ՝ որքան տարածված է այդ դիրքորոշումը։
Սրացման ռազմավարությունը, սակայն, կարող է հակառակ արդյունքը տալ՝ առաջացնելով ավելի լայն ամերիկյան միջամտություն և խորացնելով Իրանի ներքին խնդիրները։
«Եթե Իրանը չափազանց հեռուն գնա, կարող է հրահրել հենց այնպիսի ամերիկյան պատասխան, որը փորձում է կանխել՝ ներառյալ ԱՄՆ-ի ուժերի ավելացումը Մերձավոր Արևելքում և լայնածավալ ցամաքային ներխուժումը»,- գրում է Թաբաարը։
Նա նաև նշում է, որ պատերազմի տնտեսական հետևանքները կարող են մեծացնել հանրային դժգոհությունը։ Այդուհանդերձ, հեղինակի գնահատմամբ, Իրանի ղեկավարությունը համոզված է, որ ներկայիս իրավիճակը հնարավորություն է տալիս հասնելու իր երկարաժամկետ նպատակին՝ տարածաշրջանից ամերիկյան ուժերի հեռացմանը։












