Գլխավոր Լրահոս

Իրանն ուժեղացնում է հարձակումները Պարսից ծոցում, մինչ ԱՄՆ շրջափակումը ճնշում է նրա տնտեսությունը

Բահրեյնի Սիտրա քաղաքում հարձակումից հետո քաղաքացիական նշանակության օբյեկտում բռնկված հրդեհը,  2026-ի նոյեմբերի 21։ Լուսանկարը՝ Reuters-ի։

Բահրեյնի Սիտրա քաղաքում հարձակումից հետո քաղաքացիական նշանակության օբյեկտում բռնկված հրդեհը, 2026-ի նոյեմբերի 21։ Լուսանկարը՝ Reuters-ի։

Վերջին մեկ շաբաթում Իրանն ուժեղացրել է հարձակումները Պարսից ծոցում ամերիկյան ռազմական թիրախների և նավագնացության վրա։ Միևնույն ժամանակ ԱՄՆ ծովային շրջափակումն ու նոր պատժամիջոցներն ավելի ու ավելի են հարվածում իրանական տնտեսությանը։

Al Jazeera-ի տվյալներով՝ նոյեմբերի 14-ից ի վեր Հորմուզի նեղուցում և դրա շրջակայքում հարված է ստացել առնվազն 25 լցանավ։ Նեղուցով է անցնում աշխարհի նավթի ու գազի մոտ մեկ հինգերորդը։

Հարձակումների հիմնական թիրախը Բահրեյնն է եղել։ Շաբաթ օրը Մանաման հայտնել է, որ իրանական հարվածը խոցել է քաղաքացիական արդյունաբերական օբյեկտ և հրդեհ առաջացրել։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ թիրախավորել է ամերիկյան դիրքերը ալ-Ռիֆայի և Ավալիի ռազմաբազաներում և ոչնչացրել Patriot հակաօդային պաշտպանության երկու ռադար։ ԻՀՊԿ-ն գործողությունը որակել է որպես պատասխան Իրանի Հենգամ կղզում ռադարային կայանի վրա ԱՄՆ հարվածին։

Կիրակի իրանական ուժերը հայտարարել են, որ խոցել են ևս մեկ ամերիկյան MQ-1 անօդաչու։ ԻՀՊԿ-ի պնդմամբ՝ դա այդ տեսակի 20-րդ անօդաչուն է, որը խոցվել է փետրվարի վերջին պատերազմի սկսվելուց ի վեր։ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունն իր հերթին հերքել է իրանական բանակի պնդումը, թե այն վնասել է ամերիկյան F-16 կործանիչը Պարսից ծոցի վրա։

Հորմուզով նավագնացությունը կտրուկ նվազել է։ Մեծ Բրիտանիայի Ծովային առևտրային գործողությունների կենտրոնի (UKMTO) տվյալներով՝ նոյեմբերի 12-18-ը նեղուցով անցել է 263 նավ, ինչը նախորդ շաբաթվանից 15 տոկոսով պակաս է։ Մինչև պատերազմը նեղուցով օրական անցնում էր մոտ 135 նավ։ Նավթի գինը մեկ բարելի համար անցել էր 100 դոլարը, ապա կայունացել է մոտ 83 դոլարի սահմաններում։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ իր երկիրը կանգնած է «լուռ տնտեսական պատերազմի» առջև։ Արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին շրջափակումը որակել է թշնամական քայլ։ Նրա խոսքով՝ Թեհրանը «կձեռնարկի ցանկացած անհրաժեշտ միջոց՝ այս տնտեսական պաշարումը ճեղքելու համար»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հայտարարել է, որ ցանկանում է Իրանի հետ «մշտական» համաձայնություն, որը թույլ չի տա նրան միջուկային զենք ձեռք բերել։

Al Jazeera-ի հետ զրույցում Պատասխանատու պետական կառավարման Քուինսի ինստիտուտի գործադիր փոխնախագահ Թրիտա Փարսին նշել է, որ ճնշումը շարունակելու դեպքում Վաշինգտոնը նոր բախումների վտանգ կունենա։ «Եթե նա շարունակի շրջափակումը, էսկալացիա կլինի»,- ասել է Փարսին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում