Գլխավոր Լրահոս

Իրանն առաջադրում է յոթ պայման, Թրամփը հայտարարում է՝ գործարք պետք չէ

Իրանն առաջադրում է յոթ պայման, Թրամփը հայտարարում է՝ գործարք պետք չէ

Իրանը Հորմուզի նեղուցի վերաբացումը պայմանավորում է Միացյալ Նահանգներին իր առաջադրած յոթ պահանջների կատարմամբ, որոնց մասին հրապարակային ամբողջական տեղեկատվություն չկա։ Վաշինգտոնը դրանք անընդունելի է համարում։ Չնայած պատերազմը դադարեցնելու և բանակցությունները վերսկսելու ուղղությամբ գործադրվող ջանքերին՝ երկու երկրների միջև առանցքային տարաձայնությունները պահպանվում են՝ անորոշ դարձնելով հետագա կարգավորման հեռանկարները։

«Իրանը Միացյալ Նահանգների պատասխանանին ու պայմանների կատարմանն է սպասում, որը կանխորոշելու է Հորմուզի նեղուցի բացումը», այդ մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային։ Նա օգոստոսին այդ պաշտոնը ստանձնելուց ի վեր՝ համարվում է երկրի ամենաազդեցիկ գործիչներից մեկը։

Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար առաջ է քաշել յոթ պայման։ Դրանք ԱՄՆ-ին է փոխանցվել սեպտեմբերին Կատարի միջնորդությամբ՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի աշխատանքներին ընդառաջ։ Դատելով Իրանի հայտարարություններից՝ դեռևս հստակ պատասխան չի հնչել դրանց վերաբերյալ։

Իրանի ներկայացրած պահանջների մասին ամբողջական տեղեկություն չկա։ Թեհրանը սեպտեմբերին հայտարարել էր երեք պայմանի մասին, որոնք վերաբերում են բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում պատերազմի ավարտին, արտերկրում պահվող իրանական հաշիվների ապասառեցմանն ու ԱՄՆ-ի կողմից Իրանի նավահանգիստների շրջափակման վերացմանը։ Սակայն միջազգային մամուլը գրել է նաև Իրանի ներքին գործերին չմիջամտելու և պատերազմի պաշտոնական ավարտի (ոչ թե հրադադարի) վերաբերյալ Իրանի պահանջների մասին։

Այդ դրույթները սկզբունքորեն նորություն չեն պարունակում․ դրանց մի մասն արդեն ներառված էր հունիսին Իրանի և Միացյալ Նահանգների ստորագրած 14 կետից բաղկացած փոխըմբռնման հուշագրում։ Փաստաթղթի դրույթների իրագործման շուրջ կողմերի միջև տարաձայնությունները պահպանվեցին։ Դրանցից առանցքայինը Հորմուզի նեղուցով նավագնացության և դրա կառավարման հարցն էր, սակայն տարաձայնություններ կային նաև պատժամիջոցների վերացման, սառեցված իրանական ակտիվների և միջուկային ծրագրի շուրջ։ Ի վերջո, հուշագրով նախատեսված համաձայնությունը չվերածվեց կայուն կարգավորման։

Հարստացված ուրանի խնդիրը

Իրան-ԱՄՆ բանակցային գործընթացի բարդություններից մեկը հարստացված ուրանին է վերաբերում, որը Իրանի միջուկային ծրագրի մաս է կազմում։

Թեև Թեհրանը հավաստիացնում է, որ այդ խնդիրը բանակցությունների կենտրոնական թեմաներից չէ, այնուամենայնիվ, Իրանի դիրքորոշումը հարցի շուրջ բավականին կարծր է։

«Հարստացված ուրանի նյութերը մնալու են Իրանում, և դրանք մենք ինքներս կօգտագործենք։ Այդ մասին տեղեկացրել ենք նաև ռուս բարեկամներին»,- հայտարարել է Ռեզային։

Թեհրանի այս դիրքորոշումը ուշագրավ է․ այն սկզբունքորեն տարբերվում է 2015-ի Իրանի միջուկային ծրագրի համաձայնությունից։ 2015-ի միջուկային համաձայնության իրականացման շրջանակում Իրանը 2015-ի դեկտեմբերին հարստացված ուրանի իր պաշարների մեծ մասը տեղափոխեց Ռուսաստան։ Իրանը ստանձնեց մի շարք պարտավորություններ, այդ թվում՝ ուրանի հարստացման մակարդակը 3.67%-ից չգերազանցելու վերաբերյալ։

Թրամփի վարչակազմի՝ 2018-ին համաձայնագրից դուրս գալուց հետո Իրանը շուրջ մեկ տարի շարունակեց պահպանել դրա միջուկային սահմանափակումները, սակայն 2019-ից սկսեց աստիճանաբար հրաժարվել ստանձնած պարտավորությունների մի մասից՝ ընդլայնելով ուրանի հարստացման ծավալներն ու մակարդակը։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության 2025-ի տվյալների համաձայն՝ Իրանի հարստացված ուրանի պաշարը 440.9 կգ-է, որի հարստացման աստիճանը հասնում է 60%-ի։ Ատոմային էներգիայի գործակալության ղեկավարի գնահատականների համաձայն՝ ուրանի այդ պաշարն Իրանին կարող է տալ մինչև 10 միջուկային զենքի համար անհրաժեշտ նյութ ստանալու հնարավորությու ։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ դա չի նշանակում, թե Իրանը նման զենք արդեն ունի»։

Ներկայում Թեհրանն ավելի վստահ դիրքերից է հանդես գալիս և հարստացված ուրանի պաշարները դիտարկում է որպես բանակցային կարևոր գործոն։

Եթե այն ժամանակ Թեհրանը պատրաստ էր հարստացված ուրանի պաշարների մեծ մասը դուրս բերել երկրից՝ միջազգային պատժամիջոցների վերացման դիմաց, ապա ներկայում նման քայլը կարող է դիտարկել որպես ռազմավարական ակտիվից հրաժարում՝ առանց ԱՄՆ-ի կողմից երկարաժամկետ երաշխիքների։

Իրանի վերաբերյալ ԱՄՆ-ի վերջին հայտարարությունները

Իրանի դեմ պատերազմը դարձել է նաև ԱՄՆ-ի ներքաղաքական օրակարգի կարևոր հարցերից մեկը։ Դա հատկապես ակնառու դարձավ նոյեմբերի 3-ին կայացած Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախաշեմին։ Դեմոկրատները քարոզարշավի ընթացքում քննադատում էին Թրամփի վարչակազմին Իրանի դեմ պատերազմ սկսելու համար՝ պահանջելով դադարեցնել ռազմական գործողությունները։ Հակամարտության հետևանքով Հորմուզի նեղուցում նավագնացության խափանումները և նավթի գների բարձրացումը լրացուցիչ տնտեսական ճնշում են գործադրել ԱՄՆ-ի վրա։

Ընտրությունների հետևանքով դեմոկրատները վերահսկողություն ստացան Կոնգրեսի երկու պալատներում, իսկ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչներն ընդունեցին, որ պատերազմի և դրա տնտեսական հետևանքների շուրջ դժգոհությունը նպաստել է հանրապետականների պարտությանը։

Այնուամենայնիվ, ամերիկյան վարչակազմի հայտարարությունները ցույց են տալիս, որ Վաշինգտոնն ընդառաջ չի գնում իրանական պայմաններին, և նաև չի շտապում նոր գործողությունների հարցում։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, թեև խնդիրները դիվանագիտական ճանապարհով լուծելու պատրաստակամություն է հայտնել, սակայն բանակցություններին իրանական պահանջներն անընդունելի է համարել։

Իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին օրերին երկու հայատարարություն է արել Իրանի վերաբերյալ։ Նոյեմբերի 11-ին նա հայտարարեց Իրանի դեմ պատերազմում տարած հաղթանակի մասին, իսկ նոյեմբերի 12-ին նշել, որ «ԱՄՆ-ին այլևս պետք չէ համաձայնություն»։

«Մեզ այլևս պետք է չէ գործարք Իրանի հետ, այդ ժամանակներն անցել են։ Մենք տիրապետում ենք նրանց փողերին ու նեղուցին, հայտարարել է Թրամփը՝ նկատի ունենալով Հորմուզի նեղուցը։

Թրամփի հայտարարություններն ուշագրավ էին նաև նրանով, որ վերջինս ավել հայտարարում էր միջանկյալ ընտրություններից հետո Իրանի հետ գործարքի հասնելու պատրաստակամության մասին։ Այնուամենայնիվ, ներկա հայտարարությունները, կարծես, վկայում են, որ Թրամփն իր տեսակետը փոխել է՝ Իրանի դեմ արդյունավետ համարելով Հորմուզի նեղուցի շրջափակման քաղաքականությունը։

ԱՄՆ-ը մի քանի ամիս շարունակ պահպանում է Իրանի նավահանգիստների ծովային շրջափակումը՝ սահմանափակելով Իրանի ծովային առևտուրն ու նավթի արտահանման հնարավորությունները։ Իրանն էլ իր հերթին սահմանափակում է Հորմուզի նեղուցով նավագնացությունը՝ պահանջելով, որ առևտրային նավերն անցնեն իր սահմանած վերահսկողության և անվտանգության պայմաններով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում