Օգոստոսի սկզբին Թուրքիան, Պակիստանն ու Սաուդյան Արաբիան պաշտպանական համաձայնություն ստորագրեցին, որը միտված է Մերձավոր Արևելքի նոր անվտանգային ճարտարապետության ձևավորմանը։ Երեք երկրների ռազմական դաշինքը կնքվեց ԱՄՆ-Իրան պատերազմի և դրա հետևանքով անխուսափելի դարձած տարածաշրջանային փոխակերպումների համատեքստում։ Չնայած փաստաթղթի պաշտպանական բնույթին՝ դրա նշանակությունը կարող է դուրս գալ ռազմական բովանադակությունից՝ ներառելով նաև տնտեսական, տեխնոլոգիական և այլ ոլորտներ։
Թուրքիայի, Պակիստանի ու Սաուդյան Արաբիայի միջև ստորագրված պաշտպանական փաստաթուղթը հայտնի է «Մեքքայի համաձայնագիր» անունով. սաուդական համանուն քաղաքում՝ իսլամական աշխարհի ամենակարևոր կենտրոններից մեկում են այդ երկրները հասել համաձայնության։
Փաստաթուղթը պաշտպանական հովանոցի տակ է առնում սուննիական աշխարհի ամենաազդեցիկ երկրներից երեքին, ինչը կարող է փոխել Մերձավոր Արևելքի ռազմավարական քարտեզն ու ուժային հավասարակշռությունը։ Դրա օգտին է խոսում համաձայնագրի կետերից մեկը, որն անդամ երկրներից մեկի դեմ հարձակումը բնորոշում է ագրեսիա՝ բոլորի դեմ։ Այդ դրույթը համադրելի է Հյուսիսատլանտյան դաշինքի՝ ՆԱՏՕ-ի հինգերորդ կետի հետ, որը թույլ է տվել որոշ փորձագետների «Մեքքայի համաձայնագիրն» անգամ անվանելու «Մերձավորարևելյան ՆԱՏՕ»։
«Մեքքայի համաձայնագրի» նշանակության մասին են խոսում նրա անդամ երկրների կարողությունները. Պակիստանը միջուկային պետություն է իր ռազմական ուժով, Թուրքիան հայտնի է զարգացած ռազմարդյունաբերությամբ, իսկ Սաուդյան Արաբիան՝ նավթի բնական պաշարներով ու կրոնա-քաղաքական ազդեցությամբ։
Համագործակցության կարևոր բաղադրիչ է նաև տնտեսական գործոնը։ Երեք երկրների աշխարհագրությունը, որն Արևմտյան Ասիան միացնում է Եվրոպային, կարևոր առանցք է դիտվում համաշխարհային նշանակության կապուղիների վերահսկողության տեսանկյունից, հատկապես՝ իրանա-ամերիկյան պատերազմի պայմաններում։
Թուրքիայի, Պակիստանի ու Սաուդյան Արաբիայի այս դաշինքը, ի հավելումն ռազմական գործոնի, առաջին հերթին դիտվում է Իսրայելի և նրա շուրջ ձևավորված առանցքի դեմ, որտեղ, բացի Իսրայելից, ներգրավված են Հնդկաստանը, Հունաստանն ու Կիպրոսը։ Հետևաբար՝ Մերձավոր Արևելքում ձևավորվում են տարածաշրջանային կենտրոններ, որոնցում յուրաքանչյուրը հետապնդում է թե՛ տնտեսական, թե՛ ռազմական շահեր։

Սաուդյան Արաբիայի մասնակցությունը պակտին
Պաշտպանական պակտում Սաուդյան Արաբիայի ներգրավումը համաձայնության ուշագրավ կողմերից է. նրա տարածքը քանիցս թիրախավորվել է Իրանի կողմից ԱՄՆ-ի դեմ պատերազմում։ Իրանի դեմ մղվող պատերազմն ու անկայուն վիճակը սաուդական կողմին դրդել են ավելի հրատապ զբաղվել սեփական անվտանգային միջավայրի ուժեղացմամբ։
Սաուդյան Արաբիան Պարսից ծոցից Կարմիր ծով ձգվող առանցքային էներգետիկ ենթակառուցվածքների, օդային տարածքի և կենսական նշանակության տարանցման ուղիների շուրջ ավելի կուռ պաշտպանության կարիք է զգում։ Ըստ միջազգային գնահատականների՝ սաուդական կողմի այդ բացերը կարող են լրացնել նրա դաշնակիցները՝ Թուրքիան ու Պակիստանը։ Փոխարենը սաուդական կողմը իր դաշնակիցներին կարող է օգնել ֆինանսական ներդրումներով, որոնց կարիքն այդ պետությունները զգում են։
Թուրքիայի և Պակիստանի շահերը «Մեքքայի համաձայնագրում»
ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի՝ դաշինքի մաս դառնալու շարժառիթներից մեկը կարող է կապված լինել հավաքական Արևմուտքի անվտանգային համակարգից ավելի անկախ գործելու քաղաքականության հետ։
Սակայն թուրքական գլխավոր հաշվարկներից մեկը վերաբերում է Իսրայելի դեմ պայքարին։ Նրանց միջև լարվածությունը վաղուց դուրս է եկել Գազայի ճգնաժամի շրջանակներից՝ վերածվելով տարածաշրջանային գլոբալ հակամարտության՝ թե՛ տնտեսական, թե՛ ռազմական տեսանկյունից։ Իսրայելն ու Թուրքիան մեկը մյուսին զսպելու համար փորձում են իրենց շուրջ կոալիցիոն անվտանգային նոր առանցքներ փնտրել։
Ինչ վերաբերում է Պակիստանին՝ միջուկային պետություն լինելով հանդերձ նա նույնպես իր անվտանգային մտահոգություններն ունի, որոնք դուրս են մերձավորարևելյան զարգացումներից։
Վերջինիս հաշվարկներն առավելապես վերաբերում են Արևմտյան Ասիայում ավելի մեծ ազդեցություն ձեռք բերելուն և հատկապես Հնդկաստանի դեմ պայքարին։
Թեհրանի դիրքորոշումը դաշինքի հարցում
«Մեքքայի համաձայնագրի» ստորագրումից անմիջապես հետո շրջանառվեցին փորձագիտական վարկածներ (այդ թվում՝ Հայաստանում), ըստ որոնց՝ երեք երկրներից բաղկացած դաշինքը կարող է Թեհրանի դեմ լինել։
Սակայն Թեհրանը պաշտոնապես հայտարարեց իր «դրական չեզոքության» մասին։ Իրանը հայտարարեց, որ չկա «մտահոգվելու պատճառ» և համագործակցությունը դիտում է անվտանգության հարցերում սեփական ուժերին հիմնվելու քայլ։
Թեհրանի նման դիրքորոշումը պայմանավորված էր նրանով, որ պաշտպանական այդ դաշինքում անմիջականորեն ներգրավված չեն Միացյալ Նահանգները և այն ըստ էության Իսրայելի դեմ է՝ համապատասխանելով Թեհրանի տարարածաշրջանային տեսլականին։
Թեհրանը առաջ է տանում տարածաշրջանը առանց ԱՄՆ-ի ներկայության գաղափարը։ Իրանի նախկին արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ժամանակին առաջարկել էր ստեղծել տարածաշրջանի երկրներից բաղկացած երկխոսության հարթակ (Muslim West Asian Dialogue Association (MWADA)), որն ըստ Թեհրանի հաշվարկների՝ էապես կնվազեցնի ԱՄՆ-ի ներկայությունը տարածաշրջանում։
Հաշվի առնելով վերոնշյալ զարգացումները՝ Պակիստանի, Թուրքիայի ու Սաուդյան Արաբիայի պաշտպանական դաշինքն առաջին հերթին պետք է ընկալել որպես տարածաշրջանում սեփական գործոնը մեծացնելու քաղաքականություն, որը կարող է փոխել Մերձավոր Արևելքի անվտանգային ճարտարապետությունը։ Սակայն դաշինքը, որը ներկայում փորձում է ներգրավել նաև Եգիպտոսին, իր արդյունավետության տեսանկյունից երկար ճանապարհ ունի անցնելու։ Ամեն դեպքում ակնհայտ է, որ դաշինքի երկրներից յուրաքանչյուրը Միացյալ Նահանագների դաշնակիցներն են։
Գեորգի Միրզաբեկյան











