Հայաստանը դիտարկում է գործող «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» բարտերային համաձայնագրից դուրս Իրանից բնական գազ ներկրելու հնարավորությունը՝ երկրի ներքին պահանջարկը բավարարելու նպատակով։ Այս մասին ՍիվիլՆեթի հետ հոկտեմբերի 9-ի զրույցում հայտարարեց արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
Պատասխանելով Իրանի հետ խորացող համագործակցության շրջանակներում գործող «գազ էլեկտարէներգիայի դիմաց» բարտերային սխեմայից դուրս Իրանից ներքին նպատակների համար առանձին գազ ներկրելու հնարավորության մասին հարցին՝ փոխնախարարը հաստատեց, որ այդ հարցը գտնվում է երկկողմ օրակարգում։
«Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը վերջերս, երբ այցելել էր Իրան, հենց այս հարցը նույնպես քննարկվել է իրանական կողմի հետ», - նշել է Վահան Կոստանյանը։
ԱԳ նախարարի տեղակալն ընդգծեց, որ թեև գործընթացը դեռևս վերջնական հանգրվանում չէ, հեռանկարները բաց են․ «Այս պահին կոնկրետ պայմանավորվածություններ չկան, բայց ապագայում չենք բացառում, որ կլինեն նաև այդպիսի հնարավորություններ»։
Ներկայում Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ ոլորտում գործում է փոխանակման հատուկ ռեժիմ, որի շրջանակներում Երևանը ստացված իրանական բնական գազի դիմաց Թեհրանին էլեկտրաէներգիա է մատակարարում: Հայաստան ներկրվող բնական գազի ընդհանուր ծավալում, որը 2025 թվականի պաշտոնական տվյալներով կազմել է 2,7 մլրդ խմ, շուրջ 82%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին, իսկ մոտ 18%-ը՝ Իրանին:












