Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Ադրբեջանի վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել չորս տղամարդու ազատազրկման դատավճիռները։ Նրանք մեղադրվում են սոցիալական ցանցերում կոմունիզմ քարոզելու և խորհրդային դրոշներով երթ կազմակերպելու փորձի մեջ։ Սա երկրում խորհրդային խորհրդանիշների ցուցադրմանն առնչվող վերջին մի քանի գործերից մեկն է։
Գործը սկսվել է 2025-ի նոյեմբերին, երբ սոցիալական ցանցերում տեսանյութեր էին տարածվել, որոնցում մի խումբ մարդիկ փորձում էին խորհրդային դրոշներով երթ անցկացնել: Իշխանությունն այս գործողությունները բնութագրել էր որպես կոմունիստական գաղափարախոսության քարոզ։ Ներքին գործերի նախարարությունը բացահայտել էր ենթադրյալ կազմակերպիչներին։ Նրանք ձերբակալվել էին։
Չորս տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել հասարակական կարգի խախտման հանգեցնող գործողություններ կազմակերպելու կամ դրանց ակտիվորեն մասնակցելու համար։
Նոյեմբերի 18-ին դատարանը մերժել է մեղադրյալների բողոքները և անփոփոխ թողել առաջին ատյանի դատավճիռները։ Իբրահիմ Ասադլին և Աբդուլլա Իբրահիմլին դատապարտվել էին երկուական տարվա ազատազրկման, իսկ Էլչին Բայրամլին և Մեհման Զեյնալովը՝ 18-ական ամսվա։
Սա առաջին դեպքը չէ, երբ Խորհրդային Միության դրոշների օգտագործումը Ադրբեջանում հանգեցրել է քրեական հետապնդման։
2025-ի մայիսին Իմիշլիի շրջանի Ավագների խորհրդի նախկին ղեկավար Սալեհ Սամադովը պաշտոնից ազատվել էր Հաղթանակի օրվան նվիրված միջոցառմանը մասնակցելուց հետո։ Նրա ձեռքին խորհրդային դրոշ և Սուրբ Գեորգիի ժապավեն էր։ Ավելի ուշ նրան ձերբակալել էին յուրացման մեղադրանքով։
Նման գործերը բազմիցս հարցեր են առաջացրել խորհրդային խորհրդանիշների ցուցադրման և կոմունիստական գաղափարախոսության քարոզի համար մարդկանց քրեական հետապնդման իրավական հիմքերի վերաբերյալ, քանի որ դրանցից ոչ մեկը Ադրբեջանում հստակորեն արգելված չէ։












