Գլխավոր Լրահոս

Deutsche Bank-ից արտահոսած փաստաթղթերը Թրամփի ընկերությունները կապում են «Ադրբեջանական լվացքատան» հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը

Լուսանկարը՝ սոցիալական ցանցերից

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Deutsche Bank-ից արտահոսած փաստաթղթերը ցույց են տալիս, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կապվող ընկերությունները վճարումներ են ստացել «Ադրբեջանական լվացքատուն» փողերի լվացման սխեմայի հետ առնչվող կազմակերպություններից։ Այդ սխեմայով օֆշորային ընկերությունների միջոցով միլիարդավոր դոլարներ են փոխանցվել։

Նոյեմբերի 17-ին հրապարակված տվյալները գլոբալ Inside Deutsche Bank հետաքննության մաս են և հիմնված են բանկի ավելի քան 15 միլիոն արտահոսած ներքին փաստաթղթերի վրա։ Դրանք լրացնում են «Ադրբեջանական լվացքատան» մասին արդեն առկա տեղեկությունները։ 2017-ին բացահայտված խոշոր փողերի լվացման ցանցով 2012-2014-ին օֆշորային ընկերությունների բարդ համակարգի միջոցով միլիարդավոր դոլարներ են փոխանցվել։ Նախորդ հետաքննությունները սխեման կապել էին եվրոպացի քաղաքական գործիչներին, լոբբիստներին և այլ անձանց կատարված վճարումների հետ՝ հարցեր առաջացնելով, թե արդյոք Ադրբեջանի պետական միջոցներն օգտագործվել են արտերկրում երկրի իշխող վերնախավի շահերն առաջ մղելու համար։

Փաստաթղթերի համաձայն՝ 2014-ի օգոստոսին Deutsche Bank-ը ԱՄՆ իշխանություններին կասկածելի գործունեության մասին զեկույց է ներկայացրել Թրամփի ընկերություններից մեկին՝ DT Marks Baku-ին կատարված երեք փոխանցումների վերաբերյալ։ Վճարումները կատարել էր դանիական Danske Bank-ի էստոնական մասնաճյուղի հաճախորդներից մեկը։

Բանկը նշել էր, որ չի կարողացել պարզել գործարքների առևտրային նպատակը կամ ուղարկողի և ստացողի միջև կապը։

2015-ի ապրիլին Թրամփի հետ կապվող մեկ այլ ընկերություն՝ THC Baku Services-ը, 141 261 դոլար է ստացել Faberlex-ից՝ Մեծ Բրիտանիայում գրանցված ընկերություն, որը «Ադրբեջանական լվացքատան» առանցքային ընկերություններից մեկն էր։

Լրագրողների ձեռք բերած բանկային քաղվածքը ցույց է տալիս, որ Faberlex-ը գումարը THC Baku Services-ին փոխանցել է 2015-ի ապրիլի 28-ին։ Նույն գումարը նշված է նաև Deutsche Bank-ի 2020-ի ներքին փաստաթղթում, որում ուսումնասիրվել են Թրամփի ընկերությունների մասնակցությամբ կասկածելի գործարքները։

Իտալացի դատախազները պարզել էին, որ Faberlex-ն օգտագործվել է եվրոպացի նախկին քաղաքական գործիչ Լուկա Վոլոնտեին կաշառք փոխանցելու համար։ 2021-ին նա Իտալիայում դատապարտվել է չորս տարվա ազատազրկման՝ ադրբեջանցի քաղաքական գործիչներից կաշառք ստանալու համար։

Գերմանացի քննիչները ցանցի միջոցով կատարված վճարումները կապել են նաև Գերմանիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Էդուարդ Լինտների հետ, որը 2025-ին պայմանական պատիժ է ստացել Ադրբեջանի օգտին լոբբինգ անելիս կաշառք ստանալու համար։ Գերմանիայի խորհրդարանի մեկ այլ նախկին պատգամավոր՝ Աքսել Ֆիշերը, նույնպես մեղավոր է ճանաչվել կաշառակերության մեջ և 2026-ին պայմանական պատիժ ստացել։

Deutsche Bank-ի 2020-ի մայիսի ներքին փաստաթղթում նշվում է, որ DT Marks Baku-ի և THC Baku Services-ի մասնակցությամբ, ինչպես նաև ռուսական ու ադրբեջանական փողերի լվացման սխեմաների հետ կապվող կազմակերպությունների գործարքների ընդհանուր ծավալը գերազանցել է 3 միլիոն դոլարը։

Փաստաթղթում հիշատակվում է նաև 2020-ի հունվարին ներկայացված կասկածելի գործունեության մասին զեկույց, որը վերաբերում էր «Ադրբեջանական լվացքատան» հետ կապվող անձանց և ընկերությունների մասնակցությամբ գործարքներին։

Սակայն փաստաթղթերում Թրամփն անձամբ չի նշվում որպես կասկածյալ։ Բաքվում գործող այդ երկու ընկերություններից ոչ մեկը Deutsche Bank-ի հաճախորդ չի եղել։

Արտահոսած փաստաթղթերը նաև ցույց են տալիս, որ 2016-ին Թրամփի նախագահ ընտրվելուց հետո Deutsche Bank-ը նրա և նրա մերձավորների համար ներքին խիստ սահմանափակ դասակարգում է սահմանել՝ բանկի ներսում սահմանափակելով նրանց հաշիվների մասին տեղեկությունների հասանելիությունը։

Թրամփը չի պատասխանել լրագրողների մեկնաբանության խնդրանքներին։ Deutsche Bank-ը հայտնել է, որ օրենքով չի կարող մեկնաբանել ԱՄՆ վերահսկող մարմինների հետ քննարկումները կամ կասկածելի գործունեության մասին զեկույցները, այդ թվում՝ դրանց առկայությունը կամ բացակայությունը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում