Գլխավոր Լրահոս

Ճնշումների շարունակական պայմաններում Ադրբեջանում երկու լրագրող երկարատև ազատազրկման են դատապարտվել

Իմրան Ալիևը

Իմրան Ալիևը

Լուսանկարը՝ սոցիալական ցանցերից

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Ադրբեջանի դատարանը լրագրող և Meclis.info հարթակի ղեկավար Իմրան Ալիևին դատապարտել է 10 տարվա, իսկ քաղաքացիական ակտիվիստ Էլգիզ Գահրամանին՝ ինը տարվա ազատազրկման՝ մի գործով, որի հիմքում, ըստ պաշտոնական վարկածի, փողերի լվացման և մաքսանենգության մեղադրանքներն են։

Դատավճիռը կայացվել է Ադրբեջանում անկախ լրատվամիջոցների և լրագրողների նկատմամբ շարունակվող ճնշումների պայմաններում։ Վերջին տարիներին տասնյակ լրագրողներ և լրատվամիջոցների աշխատակիցներ քրեական մեղադրանքների ու ազատազրկման են բախվել։ Իշխանությունները բազմիցս հերքել են, որ հետապնդումները քաղաքական դրդապատճառներ ունեն՝ պնդելով, որ կալանավորված անձինք քրեական մեղադրանքներով են անազատության մեջ։

Դատավճռի հրապարակումից հետո Գահրամանին ձերբակալել են հենց դատարանի դահլիճում, իսկ գործով մեկ այլ մեղադրյալ՝ Meclis.info-ի հաշվապահ Թամելլա Մուսաևան, դատապարտվել է ութ տարվա պայմանական ազատազրկման։ Ալիևը հերքում է մեղադրանքները և հետապնդումը կապում Ադրբեջանի խորհրդարանի ու պատգամավորների գործունեությունը փաստագրելու իր աշխատանքի հետ։ Դատավճիռը հրապարակվել է նոյեմբերի 12-ին՝ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի նիստում։

Գահրամանի հարազատների՝ Meydan TV-ին փոխանցած տեղեկությունների համաձայն՝ դատարանը վերացրել է նրա նկատմամբ նախկին խափանման միջոցը, որով նա ոստիկանության հսկողության տակ էր, և որոշել կալանավորել նրան։

Ակտիվիստին դատավճռի հրապարակումից անմիջապես հետո ձերբակալել են դատարանի դահլիճում և տեղափոխել Բաքվի քննչական մեկուսարան։ Նրա հարազատների խոսքով՝ նա պատիժը կրելու է խիստ ռեժիմի քրեակատարողական հիմնարկում։

Երկուսին էլ մեղադրել են ապօրինի ձեռնարկատիրության, փողերի լվացման, մաքսանենգության, հարկերից խուսափելու, փաստաթղթեր կեղծելու և կեղծ փաստաթղթեր օգտագործելու մեջ։

Հոկտեմբերի 20-ի դատական նիստում դատախազը Իմրան Ալիևի համար պահանջել էր 12, իսկ Էլգիզ Գահրամանի համար՝ 11 տարվա ազատազրկում։

Meclis.info-ի գործը և Էլգիզ Գահրամանի նախկին ազատազրկումը

Meclis.info հարթակի ղեկավար Իմրան Ալիևին ձերբակալել են 2024-ի ապրիլի 19-ին։ Էլգիզ Գահրամանն ու Թամելլա Մուսաևան նույն քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավվել են 2025-ին։ Նրանց չեն կալանավորել, այլ ոստիկանության հսկողության տակ են վերցրել։

Ալիևը հերքում է մեղադրանքները և իր ձերբակալությունը կապում Meclis.info-ի ղեկավարի իր աշխատանքի հետ։ Հարթակը հետևում է Ադրբեջանի խորհրդարանի և պատգամավորների գործունեությանը։

Այն հրապարակում էր տեղեկություններ պատգամավորների աշխատանքի, օրենսդրական նախաձեռնությունների, խորհրդարանական նիստերին նրանց մասնակցության և քվեարկությունների մասին։

Էլգիզ Գահրամանին 2016-ի օգոստոսին ձերբակալել էին թմրանյութերի հետ կապված մեղադրանքով։ 2017-ի հունվարին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը նրան դատապարտել էր հինգ տարի վեց ամիս ազատազրկման։ Նույն տարվա նոյեմբերին Գերագույն դատարանը փոխել էր մեղադրանքը և պատիժը կրճատել մինչև երեք տարի։

Գահրամանը հերքել էր մեղադրանքները։ NIDA քաղաքացիական շարժումը հայտարարել էր, որ նրան ձերբակալել են քաղաքական դրդապատճառներով՝ սոցիալական ցանցերում հրապարակած քննադատական գրառման համար։

Ակտիվիստը ազատ է արձակվել 2019-ի մարտի 17-ին՝ նախագահի ներմամբ։

2026-ի հունվարի 13-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վճիռ է կայացրել Գահրամանի նախկին կալանքին վերաբերող երկու բողոքների վերաբերյալ։ Դատարանը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտումներ է արձանագրել՝ կապված խոշտանգումների մասին նրա պնդումները պատշաճ չհետաքննելու և դատական նիստերի ժամանակ նրան մետաղյա վանդակում պահելու հետ։

Վճռով Ադրբեջանի կառավարությունը պարտավորվել է Գահրամանին վճարել 10 հազար եվրո՝ մոտ 11,1 հազար դոլար, որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում և 2 055 եվրո՝ մոտ 2 270 դոլար, դատական ծախսերի համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում