Գլխավոր Լրահոս

Ադրբեջանցի փաստաբան և ընդդիմադիր ակտիվիստ Նամիզադ Սաֆարովը դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման

Նամիզադ Սաֆարովը

Նամիզադ Սաֆարովը

Լուսանկարը՝ սոցիալական ցանցերից

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Ադրբեջանցի փաստաբան և Փաստաբանների կոլեգիայի նախկին անդամ Նամիզադ Սաֆարովին խարդախության մեղադրանքով դատապարտել են յոթ տարվա ազատազրկման։ Դատավճիռը կայացվել է Ադրբեջանում խոսքի ազատության սահմանափակումների, ինչպես նաև փաստաբանների, լրագրողների և իրավապաշտպանների նկատմամբ քրեական հետապնդումների վերաբերյալ աճող մտահոգությունների պայմաններում։

Դատավճիռը հրապարակվել է նոյեմբերի 26-ին՝ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում կայացած նիստի ժամանակ։ Նախորդ նիստում մեղադրող կողմը պահանջել էր Սաֆարովին դատապարտել ութ տարվա ազատազրկման։ Նա հերքում է մեղադրանքները և պնդում, որ հետապնդումը կապված է որպես ակտիվիստ իր գործունեության հետ։

Սաֆարովը նախկինում Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի անդամ էր։ Ընդդիմադիր այս քաղաքական հարթակը ստեղծվել է Ադրբեջանում 2013-ին՝ տարբեր ընդդիմադիր խմբերին միավորելու և ժողովրդավարական բարեփոխումներ առաջ մղելու նպատակով։ Սակայն 2020-ին նա հեռացել է կազմակերպությունից՝ ըստ հաղորդումների, դրա որոշ անդամների և քաղաքական մոտեցումների հետ տարաձայնությունների պատճառով։ Դրանից հետո Սաֆարովը շարունակում էր իր քաղաքական և իրավապաշտպան գործունեությունը։

2023-ի դեկտեմբերին նա հայտարարել էր, որ մտադիր է մասնակցել 2024-ի փետրվարի 7-ին նախատեսված արտահերթ նախագահական ընտրություններին, և առաջադրման փաստաթղթերը ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին (ԿԸՀ)։ Դեկտեմբերի 30-ին ԿԸՀ-ն հաստատել էր նրա առաջադրումը, իսկ հաջորդ օրը տրամադրել ստորագրահավաքի թերթիկները։ Սակայն Սաֆարովը լրացված թերթիկները հետ չէր վերադարձրել, և նրա թեկնածությունը պաշտոնապես չէր գրանցվել։ Ավելի ուշ նա բողոքել էր, որ փաստաթղթերը ուշ ստանալու պատճառով բավարար ժամանակ չի ունեցել անհրաժեշտ ստորագրությունները հավաքելու համար։

2024-ին նա միացել է «Ադրբեջանի ժողովրդական խորհրդարանին»՝ արտերկրում բնակվող քաղաքական վտարանդիների ստեղծած ընդդիմադիր նախաձեռնությանը։

Սաֆարովին ոստիկանները ձերբակալել են 2025-ի դեկտեմբերի 9-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել վստահությունը չարաշահելու միջոցով 53 հազար մանաթ՝ մոտ 31 հազար դոլար, ենթադրաբար յուրացնելու համար։

Մեղադրական եզրակացության համաձայն՝ աշխատանքից ազատված Գյունել Աֆանդիևա անունով մի քաղաքացի Սաֆարովին դիմել էր իրավաբանական օգնության համար։ Թեև նա այլևս Ադրբեջանի Փաստաբանների կոլեգիայի անդամ չէր, ըստ մեղադրանքի՝ Սաֆարովը հայտարարել էր, որ կարող է օգնել նրան։

Սաֆարովին Ադրբեջանի Փաստաբանների կոլեգիայից հեռացրել էին 2005-ին։ Նա այդ որոշումը կապել էր կոլեգիայի ղեկավարությանը քննադատելու հետ, մինչդեռ Փաստաբանների կոլեգիան հայտարարել էր, որ պատճառը իրավական պահանջների խախտումներն էին։

Մեղադրանքի համաձայն՝ Սաֆարովը խոստացել էր պաշտոնյաների հետ իր կապերն օգտագործել Աֆանդիևային աշխատանքի վերականգնելու համար և դրա դիմաց ստացել 53 հազար մանաթ։ Սակայն, ըստ մեղադրանքի, նա խոստումը չի կատարել, ինչից հետո Աֆանդիևան դիմել է իրավապահ մարմիններին։ Սաֆարովը հերքում է մեղադրանքները։

Տե՛ս նաև՝ «Չի համապատասխանում նախագահողի դերին». ավելի քան 40 ՀԿ դեմ է Ադրբեջանի՝ ԵԱՀԿ նախագահությունը ստանձնելու հայտին

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում