Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Գամբարին թույլ չեն տվել մեկնել երկրից՝ Բեռլինում միջազգային համաժողովի մասնակցելու համար։ Նա Ադրբեջանի ընդդիմադիր վերջին գործիչներից է, որ հայտնել է արտերկիր մեկնելու սահմանափակման մասին։
Դեպքը տեղի է ունենում Ադրբեջանի ընդդիմության և անկախ քաղաքացիական հասարակության նկատմամբ շարունակվող ճնշումների պայմաններում։ Վերջին շրջանում ձերբակալվել են քաղաքական գործիչներ, նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ են սկսվել, սահմանափակվել է նաև ազատ տեղաշարժը։ Մի շարք ընդդիմադիր գործիչներ հայտնել են, որ իրենց արգելել են մեկնել արտերկիր, ինչը նոր մտահոգություններ է առաջացրել իշխանություններին քննադատողների նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ։
Գամբարը նոյեմբերի 21-ին հայտնել է, որ իրեն արգելել են լքել երկիրը։ Նա պատրաստվում էր մեկնել Բեռլին՝ միջազգային համաժողովի մասնակցելու, սակայն, նրա խոսքով, օդանավակայանի աշխատակիցները թույլ չեն տվել լինել ժամը 04:00-ին նախատեսված չվերթում։
«Այսօր՝ նոյեմբերի 21-ին, հրավիրված էի Բեռլինում կարևոր համաժողովի։ Գիշերը՝ ժամը 04:00-ին, չվերթ ունեի։ Օդանավակայանում թույլ չտվեցին ինքնաթիռ նստել։ Որևէ բացատրություն չտվեցին»,- գրել է Գամբարը։
Պարզ չէ, թե ինչ իրավական հիմքով է Գամբարին արգելվել երկրից մեկնել։ Նրա խոսքով՝ օդանավակայանի աշխատակիցները որևէ բացատրություն չեն տվել։
Պետական սահմանապահ ծառայությունը և մյուս մարմինները դեպքի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն չեն տարածել։
Ավելի վաղ «Մուսավաթի» նախկին նախագահ Արիֆ Հաջիլին հայտնել էր, որ հունիսի վերջին իրեն թույլ չեն տվել լքել Ադրբեջանը, երբ պատրաստվում էր մեկնել Ավստրիա։
Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի նախագահ Ջամիլ Հասանլին ասել է, որ 2025-ի նոյեմբերին իր նկատմամբ արտերկիր մեկնելու արգելք է սահմանվել։ Հասանլիի խոսքով՝ սահմանափակումը սկսվել է կիրառվել, երբ իրեն որպես վկա հարցաքննեցին նախագահի նախկին օգնական Ռամիզ Մեհդիևի գործով, և այն դեռ ուժի մեջ է։
Ադրբեջանի քաղաքական կյանքում երկար տարիներ ազդեցիկ դեր ունեցած Մեհդիևը 2025-ի հոկտեմբերին մեղադրվել էր իշխանության դեմ հեղաշրջում կազմակերպելու փորձի մեջ։ Գործի շրջանակում հարցաքննվել են մի շարք ընդդիմադիր գործիչներ, իսկ «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին ձերբակալվել է որպես կասկածյալ։
Տե՛ս նաև՝ Ադրբեջանում ընդդիմադիր քաղաքական գործչին թույլ չեն տվել մասնակցել հոր հուղարկավորությանը
Հասանլիի խոսքով՝ սահմանափակման պատճառով ինքը չի կարողանա մասնակցել 2027-ի հունվարին ԱՄՆ-ում նախատեսված միջազգային գիտաժողովին։
«Մուսավաթը», որի պատմությունը սկիզբ է առնում 1911-ին հիմնադրված համանուն կուսակցությունից և որը Ադրբեջանում վերականգնվել է 1992-ին, երկրի ամենահին ընդդիմադիր կուսակցություններից է։ Այն շարունակում է հանդիպումներ անցկացնել տարածաշրջանային կառույցների հետ և պարբերաբար պահանջում է ազատ արձակել բանտարկված լրագրողներին ու ակտիվիստներին և վերջ տալ այն քաղաքականությանը, որը կուսակցությունը բնութագրում է որպես քաղաքական ճնշումներ։ Նոյեմբերի 16-ի վերջին գործադիր նիստում կուսակցությունը քննարկել է տարածաշրջանային գործունեությունը, ինչպես նաև կալանավորված ակտիվիստների և լրագրողների գործերը։
«Մուսավաթը» մասնակցել է նաև ընդդիմության մի շարք խոշոր ընտրարշավների։ 2003-ի նախագահական ընտրություններում, պաշտոնական արդյունքներով, Գամբարը ստացել է ձայների 14 տոկոսը։ 2005-ի խորհրդարանական ընտրություններում կուսակցությունը մասնակցել է «Ազադլիգ» («Ազատություն») դաշինքի կազմում և ստացել չորս մանդատ։ Կուսակցությունը մյուս ընդդիմադիր ուժերի հետ նաև բոյկոտել է որոշ ընտրություններ, այդ թվում՝ 2024-ի նախագահական ընտրությունները։
Տե՛ս նաև՝ Ադրբեջանն առաջարկում է էլ ավելի խստացնել ՀԿ-ների մասին օրենսդրությունը












