Գլխավոր Լրահոս

Բաքվի պետական համալսարանի դասախոսին մահացած են գտել, նա մեղադրվում էր սեռական ոտնձգությունների մեջ

Նարման Սուլեյմանովը

Նարման Սուլեյմանովը

Կադրը՝ տեսանյութից

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Բաքվի պետական համալսարանի դասախոսին, որին նախկին ուսանողուհիները մեղադրում էին սեռական ոտնձգությունների մեջ, նոյեմբերի 18-ին մահացած են գտել Բաքվի իր տանը։ Լրատվամիջոցները ենթադրում են, որ նա կարող էր ինքնասպանություն գործած լինել։ Նրա մահից կարճ ժամանակ անց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել համալսարանի ռեկտոր Էլչին Բաբաևին պաշտոնից ազատելու մասին։ Հրամանագրում չի նշվում ազատման պատճառը կամ այս գործի հետ կապ ունենալը։

Նարման Սուլեյմանովը, որը հայտնի էր նաև Նարման Գոջաթուրք անունով, մահացել է նախկին ուսանողուհիների՝ իր դեմ սեռական ոտնձգությունների մեղադրանքներ հնչեցնելուց երկու օր անց։ Նրանք պնդում էին, որ Սուլեյմանովն օգտվել է իրենց անձնական և ֆինանսական խոցելի վիճակից՝ ինտիմ հարաբերություններ հաստատելու համար։ Նոյեմբերի 16-ին Argument.az-ի հրապարակած մեղադրանքներում նշվում էր, որ նման իրավիճակում է հայտնվել առնվազն վեց կին։ Այդ պնդումները անկախ աղբյուրներով չեն հաստատվել։ Պարզ չէ նաև՝ արդյոք բողոքների վերաբերյալ պաշտոնական քննություն սկսվել էր։

Տեղական Bakupost լրատվամիջոցը հրապարակել է մի նամակ՝ ներկայացնելով այն որպես Սուլեյմանովի ենթադրյալ հրաժեշտի գրություն։ Սակայն իշխանությունները չեն հաստատել նրա մահվան պատճառը։

Նոյեմբերի 19-ին՝ Սուլեյմանովին մահացած գտնելու հաջորդ օրը, Ալիևը պաշտոնից ազատել է Բաքվի պետական համալսարանի ռեկտոր Էլչին Բաբաևին և նրա փոխարեն նշանակել Մալեյկա Աբբասզադեին։ Պարզ չէ՝ արդյոք Բաբաևի ազատումը կապված է Սուլեյմանովի մահվան կամ ուսանողուհիների նկատմամբ ոտնձգությունների մասին հրապարակումների հետ։

«Ուշադրություն դարձրեք հրամանագրին, այս մասին ավելի ուշ հայտարարություն կլինի»,- նախագահի հրամանագրից հետո ասել է Սուլեյմանովի կինը՝ ակնարկելով, որ իր ամուսինը «ռեկտորի զոհն է դարձել»։

Բաբաևը համալսարանը ղեկավարում էր 2019-ի մարտից և 2024-ին վերանշանակվել էր ևս հինգ տարով։

Սեռական ոտնձգությունների մասին առաջինը հրապարակայնորեն պատմել է անանուն մի կին՝ Argument.az-ի հրապարակած յոթ րոպեանոց տեսանյութում։ Ադրբեջանում արգելափակված լրատվամիջոցի տեսանյութում դեմքը թաքցրած կինը ներկայացել է որպես համալսարանի նախկին ուսանողուհի։ Նրա պնդմամբ՝ Սուլեյմանովը հիմնականում մոտենում էր սովորելու առաջին տարիներին գտնվող այն ուսանողուհիներին, որոնք սոցիալական կամ ֆինանսական խոցելի վիճակում էին։ Կինը պնդել է, որ Սուլեյմանովը հետաքրքրվում էր նրանց անձնական խնդիրներով և փորձում շահել նրանց վստահությունը։

Կինը նաև պնդել է, որ դասախոսն ուսանողուհիներին հրավիրում էր իր բնակարան և նրանց հետ ինտիմ բնույթի հաղորդագրություններ փոխանակում։

Argument.az-ը հրապարակել է նախկին ուսանողուհիների տրամադրած էլեկտրոնային նամակագրության սքրինշոթներ։ Լրատվամիջոցը հայտնել է, որ նամակագրությունում նշված էլեկտրոնային հասցեն համընկնում է համալսարանի պաշտոնական կայքում Սուլեյմանովի հասցեի հետ։

Բողոքներում նաև պնդումներ կային, որ դասախոսը որոշ ուսանողների քննությունների ժամանակ անհիմն բարձր գնահատականներ է տվել։

Նախկին ուսանողուհիները համալսարանի ղեկավարությանը կոչ են արել դրսից մասնագետների ներգրավմամբ անկախ քննություն անցկացնել, պաշտպանել բողոք ներկայացրած անձանց ինքնությունը և վերանայել քննությունների արդյունքները։

Նրանք ասել են, որ սկզբում որոշել են դիմել լրատվամիջոցներին, քանի որ վստահ չէին, որ համալսարանի ղեկավարությունը կապահովի իրենց անձնական տվյալների գաղտնիությունը։

Argument.az-ի տվյալներով՝ մինչև նյութի հրապարակումը ո՛չ Բաքվի պետական համալսարանի ղեկավարությունը, ո՛չ էլ Սուլեյմանովը չէին պատասխանել լրատվամիջոցի հարցումներին։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում