Գլխավոր Լրահոս

«Գերմանիայի հուսալի էներգետիկ գործընկեր»․ Գերմանիայի ԱԳ նախարարը՝ Ալիևին

Իլհամ Ալիևը հանդիպում է Գերմանիայի արտգործնախարարի գլխավորած պատվիրակությանը

Իլհամ Ալիևը հանդիպում է Գերմանիայի արտգործնախարարի գլխավորած պատվիրակությանը

Լուսանկարը՝ president.az-ից

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 17-ին Բաքվում հանդիպել է Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլի հետ։ Քննարկումների առանցքում եղել են քաղաքական և տնտեսական հարաբերությունները, էներգետիկ համագործակցությունը, ինչպես նաև տրանսպորտային ու լոգիստիկ նախագծերը։ Միաժամանակ Բեռլինում ադրբեջանցիները բողոքի ակցիաներ են անցկացրել՝ ընդդեմ կառավարության կողմից լրագրողների, քաղաքական գործիչների և ակտիվիստների ազատազրկման։

Վերջին տարիների դիվանագիտական լարվածությունից հետո Ադրբեջանի և Գերմանիայի հարաբերություններն ավելի համագործակցային բնույթ են ստացել։ 2025-ին Բաքուն քննադատել էր Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի սոցիալական ցանցի գրառումը, որտեղ Լեռնային Ղարաբաղի հետ կապված խորհրդանիշներ կային, և այդ կապակցությամբ կանչել էր Գերմանիայի դեսպանին։ Ավելի ուշ Գերմանիայի նախագահի գրասենյակը ներողություն էր խնդրել, ինչն օգնել էր մեղմել վեճը։ 2026-ի հուլիսին, Ալիևի Գերմանիա կատարած այցի ընթացքում, երկու երկրները ստորագրել էին երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգ սահմանող համատեղ հռչակագիր, որը նախատեսում էր խորացնել համագործակցությունը քաղաքականության, առևտրի, ներդրումների և էներգետիկայի ոլորտներում։

Հանդիպումից հետո Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և Վադեֆուլը համատեղ ասուլիս են անցկացրել՝ քննարկելով երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները։

Բայրամովը հայտնել է, որ Ադրբեջանը սկսել է բնական գազ արտահանել Գերմանիա։ Նրա խոսքով՝ Ադրբեջանն այժմ գազ է մատակարարում 16 երկրի, որոնցից 10-ը ԵՄ անդամ պետություններ են։

Վադեֆուլն ընդգծել է Ադրբեջանի դերը Եվրոպայի էներգամատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացման գործում՝ երկիրն անվանելով Գերմանիայի հուսալի էներգետիկ գործընկերներից մեկը։

Նա ասել է, որ Եվրոպայի էներգամատակարարման վիճակը վտանգված է և շեշտել նոր աղբյուրներ ու հուսալի գործընկերներ գտնելու անհրաժեշտությունը։

Բայրամովը նաև հայտնել է, որ կողմերը քննարկել են Գերմանիայի համար Կասպից ծովով նախատեսվող մալուխային նախագծից օգտվելու հնարավորությունը։

Կողմերը քննարկել են նաև երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի մասին համատեղ հռչակագիրը, որը ստորագրվել էր Ալիևի՝ հուլիսին Գերմանիա կատարած պաշտոնական այցի ընթացքում, ինչպես նաև Ադրբեջան-Գերմանիա գործարար խորհրդի ստեղծումը։

Վադեֆուլի խոսքով՝ Գործարար խորհուրդը մոտ ապագայում կսկսի աշխատանքը։

Բայրամովը հայտնել է, որ երկու երկրների միջև ներկայում ուժի մեջ են 80 երկկողմ համաձայնագրեր և փաստաթղթեր, իսկ ևս 10-ի շուրջ աշխատանքը շարունակվում է։

Նրա խոսքով՝ քննարկվել են նաև Ադրբեջանի դերը Միջին միջանցքի զարգացման գործում, Ալաթի ազատ տնտեսական գոտու ընձեռած հնարավորությունները և երկու երկրների միջև ուղիղ չվերթների հաճախականության ավելացումը։

Բայրամովը նաև ասել է, որ Ադրբեջանը ադրբեջանա-գերմանական համալսարան ստեղծելու շուրջ քննարկումներ սկսելու մտադրություն ունի։

Նրա խոսքով՝ ինքը Վադեֆուլին ներկայացրել է Հարավային Կովկասում վերջին զարգացումները, այդ թվում՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Բայրամովն անդրադարձել է 2025-ի օգոստոսին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովին և տարածաշրջանում իր բնորոշմամբ դրական զարգացումներին։

Վաշինգտոնի գագաթնաժողովում Ալիևն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախաստորագրել, բայց չէին ստորագրել երկու երկրների միջև խաղաղության պայմանագիրը։

Բայրամովը նաև ասել է, որ մոտ 100 հազար ադրբեջանցի է վերաբնակեցվել Լեռնային Ղարաբաղում, և ականների սպառնալիքը շարունակում է պահպանվել։

Վադեֆուլը ողջունել է Վաշինգտոնի գագաթնաժողովի ստեղծած հնարավորությունը Ադրբեջանի և Հայաստանի համար՝ հույս հայտնելով, որ խաղաղության համաձայնագիրը վերջնական տեսքի կբերվի։

Նա հավելել է, որ խաղաղության գործընթացը Հայաստան կատարելիք այցի ընթացքում իր քննարկումների հիմնական թեմաներից մեկն է լինելու։

Վադեֆուլը նաև ասել է, որ նոր տրանսպորտային միջանցքները կարող են հնարավորություններ ստեղծել Հարավային Կովկասի երկրների համար։

Միաժամանակ Բեռլինում՝ Գերմանիայի արտգործնախարարության շենքի մոտ, երկրորդ օրն է շարունակվել նստացույցը՝ Ադրբեջանում քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով։

Ցուցարարները պաստառներ են պարզել՝ պահանջելով ազատ արձակել քաղբանտարկյալներին, այդ թվում՝ այժմ կալանքի տակ գտնվող լրագրողներին։

Նման բողոքի ակցիաներ Բեռլինում անցկացվել են նաև նախորդ տարիներին։ 2026-ի հուլիսին, Ալիևի Գերմանիա այցի ընթացքում, ադրբեջանցի քաղաքական վտարանդիները ցույցեր էին անցկացրել՝ պահանջելով ազատ արձակել քաղբանտարկյալներին։ Հունիսի 15-ին սկսված բողոքի արշավի պահանջներից էր նաև բանտարկված լրագրողների և կրոնական ակտիվիստների ազատ արձակումը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում