Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Ադրբեջանն առաջարկում է լայնածավալ փոփոխություններ կատարել հասարակական կազմակերպությունների մասին օրենսդրությունում՝ սահմանելով պարտադիր վերագրանցում, գործունեությունը կասեցնելու և լուծարելու ավելի խիստ հիմքեր, ինչպես նաև տասնապատիկ բարձրացնելով հիմնադրամ ստեղծելու համար անհրաժեշտ նվազագույն կապիտալը։
Փոփոխություններն առաջարկվում են այն պայմաններում, երբ քաղաքացիական հասարակության անկախ կազմակերպություններն արդեն լարված միջավայրում են աշխատում, իսկ ՀԿ-ների մի շարք ներկայացուցիչների նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում կամ նրանք արդեն ազատազրկման պատիժ են կրում Ադրբեջանում։
Փոփոխություններով կընդլայնվեն ՀԿ-ների գործունեությունը կասեցնելու իշխանությունների լիազորությունները, կավելացվեն կազմակերպությունների լուծարման նոր հիմքեր, իսկ գործող տեղական և օտարերկրյա կազմակերպությունները 30 օրվա ընթացքում պիտի վերագրանցվեն։ Սա նոր մտահոգություններ է առաջացնում երկրում անկախ քաղաքացիական հասարակության ապագայի վերաբերյալ։
Իշխանամետ APA լրատվամիջոցի հաղորդմամբ՝ փոփոխություններն ընդգրկված են «Ոչ կառավարական կազմակերպությունների (հասարակական միավորումների և հիմնադրամների) մասին» օրենքը փոփոխող օրինագծում, որը ներառված է նոյեմբերի 17-ին և 18-ին նախատեսված խորհրդարանական նիստերի քվեարկության օրակարգում։
Օրինագծով տեղական ՀԿ-ների, ինչպես նաև օտարերկրյա կազմակերպությունների մասնաճյուղերի կամ ներկայացուցչությունների գործունեությունը կարող է կասեցվել թափանցիկությունը չապահովելու կամ կոռուպցիայի, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի պահանջները չպահպանելու դեպքում։
Համապատասխան գործադիր մարմինը կարող է առանց դատարանի որոշման մինչև մեկ տարով կասեցնել կազմակերպության գործունեությունը։ Խախտումները վերացնելու դեպքում կազմակերպությունը կարող է վերսկսել աշխատանքը։
Փոփոխություններով կընդլայնվեն նաև դատարանի միջոցով ՀԿ-ների լուծարման հիմքերը։ Դրանց թվում են պետության կամ հանրության շահերին սպառնալիք համարվող գործունեությունը, երեք տարի անընդմեջ ընդհանուր ժողով չգումարելը կամ ավելի քան երեք տարի գործունեություն չծավալելը։
ՀԿ-ն կարող է լուծարման վտանգի բախվել նաև այն դեպքում, եթե գործունեության կասեցումից հետո չվերացնի խախտումները կամ շարունակի այն գործունեությունը, որն արգելված է կասեցման որոշմամբ։
ՀԿ-ները 30 օրվա ընթացքում պիտի վերագրանցվեն
Օրինագիծը պահանջում է վերագրանցել արդեն գործող բոլոր տեղական ՀԿ-ները, ինչպես նաև օտարերկրյա կազմակերպությունների մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները։
Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կազմակերպությունները 30 օր կունենան իրենց կանոնադրությունները նոր պահանջներին համապատասխանեցնելու և վերագրանցման դիմում ներկայացնելու համար։
Կանոնադրություններում պիտի նշվեն ներքին ֆինանսական վերահսկողության մեխանիզմները, այդ թվում՝ միջոցներն ու գույքը սահմանված նպատակներին համապատասխան օգտագործելու ընթացակարգերը։ Կազմակերպությունները նաև պիտի ստեղծեն վերահսկող մարմիններ և ներկայացնեն ահաբեկչության ֆինանսավորման վտանգները նվազեցնելու միջոցները։
Վերագրանցման համար չդիմած կամ մերժում ստացած կազմակերպությունների գործունեությունը կարող է կասեցվել, որից հետո դատարանում կարող է սկսվել դրանց լուծարման գործընթաց։
Նույն պահանջները կտարածվեն նաև օտարերկրյա ՀԿ-ների վրա։
Առաջարկվող փոփոխություններով հիմնադրամ ստեղծելու համար անհրաժեշտ նվազագույն կանոնադրական կապիտալը 10 հազար մանաթից՝ մոտ 5 880 դոլար, կբարձրացվի մինչև 100 հազար մանաթ՝ մոտ 58 800 դոլար։
Օրենսդրության խստացումն առաջարկվում է այն ժամանակ, երբ Ադրբեջանում ՀԿ-ների գործունեության պայմաններն արդեն լարված են։
ՀԿ-ների ֆինանսավորման վերաբերյալ քրեական գործը, որը սկզբում հարուցվել էր 2014-ին և կասեցվել 2022-ին, Գլխավոր դատախազությունը վերաբացել է 2025-ի փետրվարին։ Դրանից հետո միջազգային դոնոր կազմակերպությունների հետ համագործակցող մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչներ ձերբակալվել և մեղադրանքներ են ստացել։ Amnesty International-ի տվյալներով՝ գործի վերաբացումից հետո քաղաքացիական հասարակության առնվազն 50 ներկայացուցիչ հարցաքննվել է որպես վկա կամ կասկածյալ։
Մեղադրյալներին առաջադրված մեղադրանքների թվում են պաշտոնեական լիազորությունների չարաշահումը, փողերի լվացումն ու պաշտոնական փաստաթղթերի կեղծումը։ Արդեն մեղավոր ճանաչված անձինք երկարատև ազատազրկման են դատապարտվել։ Օրինակ՝ «Գյանջայի տարածաշրջանային համայնքային կենտրոնի» ղեկավար Ասաֆ Ահմադովը դատապարտվել է ութ տարվա ազատազրկման, իսկ «Ubuntu սոցիալական աշխատանքի ասոցիացիա» նախաձեռնության ղեկավար Զամին Զաքիևը՝ յոթ տարի երեք ամիս ազատազրկման։
Մեղադրյալները հերքում են մեղադրանքները և պնդում, որ իրենց գործունեությունն օրինական է եղել։
Տե՛ս նաև՝ Ադրբեջանում ՀԿ-ների դեմ ճնշումները շարունակվում են․ դատապարտվել է 15-րդ անձը












