Ադրբեջանում ՀԿ-ների դեմ ճնշումները շարունակվում են․ դատապարտվել է 15-րդ անձը

Հաֆիզ Հասանովը
Լուսանկարը՝ սոցիալական ցանցերից
Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Ադրբեջանական «Իրավունք և զարգացում» հասարակական կազմակերպության ղեկավար Հաֆիզ Հասանովը դատապարտվել է ութ տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվի՝ երեք տարվա փորձաշրջանով։ Նա Ադրբեջանում ՀԿ-ների դեմ շարունակվող ճնշումների շրջանակում դատապարտված 15-րդ անձն է։
Դատավճիռը հրապարակվել է սեպտեմբերի 16-ին՝ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում։
Իշխանամետ APA լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Հասանովին նաև երկու տարով արգելվել է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ֆինանսական պատասխանատվություն ենթադրող պաշտոններ զբաղեցնել։
Նրա նկատմամբ կիրառված՝ ոստիկանության հսկողության տակ գտնվելու խափանման միջոցը փոխարինվել է երկրից չհեռանալու մասին ստորագրությամբ։
Հասանովին մեղադրանքներ են առաջադրվել հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափի գույքի օրինականացման, ծանր հետևանքներ առաջացրած, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնեական փաստաթղթեր կեղծելու համար։
Մեղադրող կողմի պնդմամբ՝ Հասանովը փողերի լվացմամբ է զբաղվել այն բանից հետո, երբ իր ղեկավարած ՀԿ-ի միջոցով ծրագրեր իրականացնելու համար ԱՄՆ-ում գործող German Marshall Fund-ից ավելի քան 415 հազար դոլարի դրամաշնորհներ է ստացել։ Սակայն նրա քրեական հետապնդումը դիտարկվում է Ադրբեջանում ՀԿ-ների գործունեության դեմ ընդհանուր ճնշումների համատեքստում։
Սեպտեմբերի 16-ին Հասանովը միացավ այսպես կոչված «ՀԿ-ների գործի» շրջանակում քրեական հետապնդման ենթարկված բազմաթիվ այլ ՀԿ աշխատակիցների շարքին։
«ՀԿ-ների գործը»
«ՀԿ-ների գործ» անվանումը վերաբերում է վերջին ամիսներին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ՀԿ աշխատակիցների և անկախ ակտիվիստների դեմ հարուցված մի շարք քրեական գործերի։ Մեղադրանքները հիմնականում վերաբերում են օտարերկրյա դրամաշնորհների ստացմանն ու գրանցմանը, ֆինանսական գործարքներին, հարկերին և փաստաթղթավորմանը։ Իրավապաշտպան կազմակերպությունները, սակայն, պնդում են, որ այս մեղադրանքներն օգտագործվում են անկախ ՀԿ-ների գործունեությունը սահմանափակելու համար։
Տե՛ս նաև՝ Ադրբեջանցի տնտեսագետ Գալիբ Բայրամովը «ՀԿ-ների գործով» պայմանական պատիժ է ստացել
Քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում՝ Անար Մամեդլին, Ակիֆ Գուրբանովը, Ռուսլան Իզզաթլին, Ալի Զեյնալովը, Ռամիլ Բաբաևը, Իլքին Ամրահովը երկարատև ազատազրկման են դատապարտվել։ 2026-ի հուլիսին մի քանի մեղադրյալներ դատապարտվեցին 12-15 տարվա ազատազրկման։ Սեպտեմբերի 7-ին Ընտրությունների մոնիթորինգի և ժողովրդավարության ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Անար Մամեդլին դատապարտվեց 13 տարվա ազատազրկման։
Ներկայում կալանքի տակ գտնվողների թվում են Քաղաքացիների իրավունքների ինստիտուտի ղեկավար Բաշիր Սուլեյմանլին, Ընտրությունների մոնիթորինգի դաշինքի տնօրեն Մամադ Ալփայը, Գյանջայի տարածաշրջանային համայնքային կենտրոնի ղեկավար Ասաֆ Ահմադովը և ակտիվիստ Զամին Զաքին։
Հունիսի 17-ին Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանը Ահմադովին դատապարտեց ութ տարվա ազատազրկման։
Սոցիալական աշխատող Զամին Զաքին մարտի 11-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի կողմից դատապարտվել է յոթ տարի վեց ամիս ազատազրկման։ Հուլիսի 1-ին Բաքվի վերաքննիչ դատարանը նրա պատիժը երեք ամսով կրճատեց։
Սեպտեմբերի 7-ին գործով մեկ այլ մեղադրյալ՝ Ահմադ Մամադզադեն, դատապարտվեց յոթ տարի վեց ամիս ազատազրկման։ Նրա պատիժը պայմանականորեն չի կիրառվի՝ երկու տարվա փորձաշրջանով, և նա ազատ է արձակվել դատարանի դահլիճից։
Հաղորդվում է, որ գործով մյուս մեղադրյալների նկատմամբ կիրառվել են այլընտրանքային խափանման միջոցներ։
Բոլորը հերքում են իրենց առաջադրված մեղադրանքները։
Իրավապաշտպան կազմակերպությունները այս գործերը քաղաքական դրդապատճառներով են պայմանավորում՝ հաշվի առնելով Ադրբեջանի ՀԿ ոլորտի նկատմամբ սահմանափակումները։
Human Rights Watch-ի տվյալներով՝ ՀԿ-ների գրանցումը, օտարերկրյա ֆինանսավորումը և գործունեությունը կարգավորող խիստ կանոնները դժվարացրել են անկախ կազմակերպությունների օրինական աշխատանքը, իսկ որոշ դեպքերում ստեղծել պայմաններ, որոնցում նրանց հնարավոր է մեղադրել անօրինական գործունեության մեջ։ Amnesty International-ը ևս քննադատել է «Ադրբեջանում քաղաքացիական տարածքի փաստացի կազմաքանդումը»։











