Գլխավոր Լրահոս

Ադրբեջանական SOCAR-ը ԱՄՆ-ում 1,7 միլիարդ դոլարի էներգետիկ ակտիվներ կգնի

Ադրբեջանական SOCAR-ը ԱՄՆ-ում 1,7 միլիարդ դոլարի էներգետիկ ակտիվներ կգնի

Լուսանկարը՝ socar.ge-ից

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերությունը 1,65 միլիարդ դոլարի գործարք է կնքել՝ ԱՄՆ-ում բնական գազի արդյունահանման և ենթակառուցվածքային ակտիվներում բաժնեմասեր ձեռք բերելու համար։ Սա զգալիորեն կընդլայնի ընկերության ներկայությունն ամերիկյան էներգետիկ շուկայում։

Վերջին տարիներին Ադրբեջանի պետական նավթային ընկերությունն ընդլայնել է ներկայությունը եվրոպական էներգետիկ շուկաներում։ Այդ թվում՝ 2026-ի մայիսին SOCAR-ն ավարտել է իտալական Italiana Petroli էներգետիկ ընկերության 99,82 տոկոս բաժնեմասի ձեռքբերումը։ SOCAR-ն ընդլայնել է նաև բնական գազի մատակարարումները եվրոպական երկրներ՝ 2025-ին գազ մատակարարելով ԵՄ անդամ ութ պետության։ ԱՄՆ-ում նոր գործարքով ընկերության ընդլայնումն արդեն դուրս է գալիս Եվրոպայի սահմաններից և ընդգրկում ամերիկյան բնական գազի ոլորտը։

SOCAR-ը, սակայն, առաջին ադրբեջանական էներգետիկ ընկերությունը չէ, որն ԱՄՆ-ում արդյունահանման ակտիվներ է ձեռք բերում։ 2026-ի հուլիսին մասնավոր GL Group ընկերությունը Տեխասի Պերմյան ավազանում ձեռք է բերել նավթի և գազի արդյունահանման չորս հանքավայրերի ակտիվներ, որոնք ներառում են ավելի քան 200 գործող հորատանցք։ Ընկերությունը ստանձնել է նաև դրանց ամբողջական կառավարումը։

Իշխանամետ APA լրատվամիջոցի հաղորդմամբ՝ նոյեմբերի 4-ին SOCAR-ը ամերիկյան Comstock էներգետիկ ընկերության հետ ստորագրել է գնման վերջնական համաձայնագիրը։

Համաձայնագրով SOCAR-ը ձեռք կբերի Legacy Haynesville նախագծի արդյունահանման ակտիվների 20 տոկոսը և Western Haynesville նախագծի արդյունահանման ակտիվների 15 տոկոսը։

Գործարքը ներառում է նաև Comstock-ին պատկանող Pinnacle Gas Services ընկերության 73 տոկոս բաժնեմասից 15 տոկոսի ձեռքբերումը՝ առանց գործառնական կառավարման իրավունքի։ Դա կազմում է Pinnacle Gas Services-ի ընդհանուր բաժնեմասի մոտ 10,95 տոկոսը։

Տե՛ս նաև՝ Ադրբեջանի SOCAR-ը ցանկանում է վերսկսել «Գազպրոմից» գնումները

Գործարքի ընդհանուր արժեքը 1,65 միլիարդ դոլար է՝ գնման գնի սովորական ճշգրտումների հնարավորությամբ։

Western Haynesville-ի հետախուզման և արդյունահանման ակտիվներում SOCAR-ի բաժնեմասը հինգ տարի անց կնվազի մինչև 7,5 տոկոս, երբ ընկերությունն այդ ակտիվներում իր ներդրումներից ստանա 15 տոկոս եկամտաբերություն։

Գործարքի ուժի մեջ մտնելու ամսաթիվ էր սահմանվել 2026-ի հուլիսի 1-ը։

Գործարքը դեռ վերջնականապես չի ձևակերպվել։ Կողմերը սպասում են համապատասխան պետական մարմինների հաստատմանը և մյուս իրավական ընթացակարգերի ավարտին։

Հեյնսվիլի շրջանը ԱՄՆ-ում թերթաքարային գազի արդյունահանման խոշոր կենտրոններից մեկն է։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում