Գլխավոր Լրահոս

Ադրբեջանի SOCAR-ը ցանկանում է վերսկսել «Գազպրոմից» գնումները

Ադրբեջանի SOCAR-ը ցանկանում է վերսկսել «Գազպրոմից» գնումները

Լուսանկարը՝ report.az-ից

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը, հետաքրքրված է ռուսական «Գազպրոմից» բնական գազի գնումները վերսկսելով, թեև Ադրբեջանը գազի խոշոր արտահանող է։ Այս մասին հոկտեմբերի 16-ին հայտարարել է SOCAR-ի փոխնախագահ Էլշադ Նասիրովը։

Մոսկվայում «Ռուսական էներգետիկ շաբաթ» համաժողովում ելույթ ունենալիս Նասիրովն ասել է, որ SOCAR-ը նախկինում գազ է գնել «Գազպրոմից», իսկ ավելի ուշ ինքն է դարձել ռուսական ընկերության մատակարար։ Միաժամանակ նա նշել է, որ գնումները վերսկսելու վերաբերյալ կոնկրետ ծրագրեր չկան և չի մանրամասնել հնարավոր ծավալներն ու մատակարարումների ժամկետները։

«Մենք հպարտությամբ կարող ենք ասել, որ «Գազպրոմի» նման հսկայի հետ մեր համագործակցությունը շատ լավ օրինակ է, քանի որ SOCAR-ը, հավանաբար, աշխարհում միակ ընկերությունն է, որը սկզբում գազ է գնել «Գազպրոմից», հետո գազ մատակարարել «Գազպրոմին», իսկ այժմ կրկին ցանկանում է գազ գնել»,- ասել է Նասիրովը։

Լրագրողների հարցին, թե Ադրբեջանը որքան գազ է մտադիր գնել «Գազպրոմից», Նասիրովը պատասխանել է, որ այս պահին կոնկրետ ծրագրեր չկան։

«Սա պարզապես փաստ է, որը հաստատում է, որ մենք և՛ գազ ենք գնել, և՛ վաճառել։ Կոնկրետ ծրագրեր չկան»,- ասել է նա։

Ադրբեջանի գազային առևտուրը Ռուսաստանի հետ

Նախկինում Ադրբեջանը ներքին պահանջարկի մի մասը բավարարելու համար կախված էր ռուսական գազից։ 2006-ին երկիրը Ռուսաստանից ներմուծել է մոտ 4,48 միլիարդ խորանարդ մետր գազ։

Ներմուծումը դադարեցվել է 2007-ին, երբ Ադրբեջանը մեծացրել է ներքին արտադրությունը, հատկապես՝ «Շահ Դենիզ» գազային հանքավայրից։ Մատակարարումների դադարեցմանը նպաստել էին նաև գազի գնի շուրջ տարաձայնությունները։

Այնուհետև գազային առևտրի ուղղությունը փոխվել է, և 2010-ից Ադրբեջանը սկսել է գազ արտահանել Ռուսաստան։

2017-ի նոյեմբերին SOCAR-ը և «Գազպրոմը» պայմանագիր են ստորագրել 1,6 միլիարդ խորանարդ մետր ռուսական գազի մատակարարման վերաբերյալ։ Ադրբեջանը 2017-ին ներմուծել է մոտ 349 միլիոն խորանարդ մետր, իսկ 2018-ին՝ 999 միլիոն խորանարդ մետր գազ, որից հետո՝ 2018-ի աշնանը, գնումները կրկին դադարեցվել են։

2022-ի նոյեմբերին երկու ընկերությունները ևս մեկ համաձայնագիր են ստորագրել, որը նախատեսում էր 2022-ի նոյեմբերի 15-ից մինչև 2023-ի ապրիլի 1-ը մինչև մեկ միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարում։

Միևնույն ժամանակ Ադրբեջանը շարունակում է զարգացնել գազի արտահանումը միջազգային շուկաներ։ 2026-ի հունվարին SOCAR-ը հայտարարել էր Գերմանիա և Ավստրիա գազի մատակարարումների մեկնարկի մասին։

Վերջին հայտարարությունը չի պարունակում հնարավոր նոր մատակարարման համաձայնագրի մանրամասներ՝ ներառյալ գնվելիք գազի ծավալը կամ մատակարարումների հնարավոր մեկնարկի ժամկետները։

«Ռուսական էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովը Մոսկվայում անցկացվում է հոկտեմբերի 14-16-ը՝ Ռուսաստանի կառավարության, Էներգետիկայի նախարարության և Մոսկվայի կառավարության աջակցությամբ։ Միջոցառումը կազմակերպում է «Ռոսկոնգրես» հիմնադրամը։

Կազմակերպություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում