Գլխավոր Լրահոս

Կիպրոսից արտաքսել են Ինգուշեթիայի նախկին ղեկավարին ենթակա երկու դիվանագետի՝ լրտեսության կասկածով

Մուրատ Զյազիկովը

Մուրատ Զյազիկովը

Լուսանկարը՝ Կիպրոսում Ռուսաստանի դեսպանատնից

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Կիպրոսը արտաքսել է ռուսական հետախուզական ծառայությունների համար աշխատելու մեջ կասկածվող երկու ռուս դիվանագետի։ Նրանք Կիպրոսում Ռուսաստանի դեսպան Մուրատ Զյազիկովի՝ Ինգուշեթիայի նախկին ղեկավարի ենթակայության տակ էին։ Արտաքսումների մասին նոյեմբերի 23-ին հայտնել են կիպրական ANT1 հեռուստաընկերությունը և Politico-ն՝ վկայակոչելով Կիպրոսի կառավարության աղբյուրներին։

Politico-ի աղբյուրների համաձայն՝ Կիպրոսի հետախուզական ծառայությունները բացահայտել են մի ցանց, որը փորձել է գաղտնի տեղեկություններ ձեռք բերել Կիպրոսի և Եվրոպական միության անվտանգության, ինչպես նաև այն տեխնոլոգիաների մասին, որոնց արտահանումը Ռուսաստան արգելված է ԵՄ պատժամիջոցներով։ Ենթադրվում է, որ դիվանագետները կապի մեջ են եղել գաղտնի տեղեկությունների հասանելիություն ունեցող Կիպրոսի քաղաքացիների հետ։ Նրանց անունները պաշտոնապես չեն հրապարակվել։

Ռուսական անկախ The Insider լրատվամիջոցը պարզել է, որ Նիկոսիայում Ռուսաստանի դեսպանատան դիվանագիտական անձնակազմի ցուցակում այլևս չեն նշվում երկու աշխատակիցներ՝ կցորդներ Ալեքսանդր Շևցովը և Նիկիտա Սերգեևը։ Հոկտեմբերին ցուցակում, դեսպանի հետ միասին, դիվանագիտական ներկայացուցչության 36 աշխատակից կար, իսկ նոյեմբերին՝ 34։ Լրատվամիջոցի տվյալներով՝ Շևցովը ծառայել է Ռուսաստանի ռազմական հետախուզության երկու ստորաբաժանումներում, որոնցից մեկը մասնագիտացած էր արբանյակային կապի ոլորտում։

The Insider-ը նաև պարզել է, որ Սերգեևը 2024-ի մարտի 17-ին՝ Ռուսաստանի նախագահական ընտրությունների վերջին օրը, նկարահանել է Նիկոսիայում Ռուսաստանի դեսպանատան մոտ հերթ կանգնած մարդկանց։ Այդ օրը Ռուսաստանի ընդդիմության կողմնակիցներն անցկացնում էին «Կեսօրն ընդդեմ Պուտինի» բողոքի ակցիան։ Լրատվամիջոցին չի հաջողվել պարզել, թե ինչու էր դիվանագետը նկարահանում մասնակիցներին և արդյոք նա կապ ուներ հետախուզական ծառայությունների հետ։

Կիպրոսում Ռուսաստանի դեսպանատունը ղեկավարում է Ինգուշեթիայի նախկին նախագահ Մուրատ Զյազիկովը, որը հանրապետությունը ղեկավարել է 2002-2008-ին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նրան Կիպրոսի Հանրապետությունում դեսպան է նշանակել 2022-ի սեպտեմբերին։ Մինչ այդ Զյազիկովը ծառայել է պետական անվտանգության մարմիններում, այդ թվում՝ Անվտանգության դաշնային ծառայությունում, որտեղ հասել է գեներալ-լեյտենանտի կոչման։

Սա Զյազիկովի պաշտոնավարման ընթացքում Նիկոսիայում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության հետ կապված առաջին սկանդալը չէ։ Հունվարին դեսպանատան շենքում հայտնաբերվել էր դիվանագետ և հետախուզության ենթադրյալ աշխատակից Անտոն Պանովի մարմինը։ Դեսպանատունը նրա մահվան մասին հայտնել էր չորս օր անց՝ նշելով, որ նա ինքնասպան է եղել։

Ռուսական անկախ Agentstvo («Գործակալություն») լրատվամիջոցի տվյալներով՝ Պանովը կապված էր 33949 զորամասի հետ, որը, ենթադրաբար, օգտագործվում է որպես Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության քողարկում։

The Insider-ը ձեռք է բերել Պանովի հեռախոսազանգերի տվյալները։ Նա կապի մեջ է եղել մի շարք բարձրաստիճան ռուս դիվանագետների, այդ թվում՝ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Նրա շփումների ցանկում էր նաև Անդրեյ Լիսիկովը, որը ղեկավարում է Արտգործնախարարության արժութային և ֆինանսական վարչությունը։ Այդ ստորաբաժանումը հաճախ կապում են Արտաքին հետախուզության ծառայության և Ռուսաստանի ռազմական հետախուզության հաստիքային աշխատակիցների հետ, որոնք դիվանագիտական քողի ներքո զբաղվում են լրտեսությամբ։

Պանովը ինքնասպան է եղել Uralkali-ի նախկին գլխավոր տնօրեն, գործարար Վլադիսլավ Բաումգերտների՝ Կիպրոսում անհետանալուց մեկ օր անց։ Նրա մարմինը հայտնաբերվել է մեկ շաբաթ անց, իսկ ռուսական պետական լրատվամիջոցները մահվան հիմնական վարկած էին ներկայացնում դժբախտ պատահարը։

Ռուսաստանի դեսպանատան սկանդալները

2023-ի հոկտեմբերին Կիպրոսի իշխանությունները ձերբակալել և արտաքսել էին Rossiyskaya Gazeta («Ռոսիյսկայա գազետա») թերթի թղթակից Ալեքսանդր Գասյուկին՝ նրան մեղադրելով ազգային անվտանգությանը սպառնալիք ստեղծելու մեջ։ Ձերբակալության ժամանակ վնասվածք էր ստացել նաև լրագրողին ուղեկցող դեսպանատան աշխատակից Դմիտրի Դոյնիկովը։

Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ երկու տղամարդկանց նկատմամբ ուժ է կիրառվել, և Կիպրոսից բացատրություն ու ներողություն պահանջել։ Կիպրոսը հայտարարել էր, որ գործել է ազգային անվտանգության շահերից ելնելով։ 2024-ի հունվարին Ռուսաստանը պատասխան քայլով արգելել էր Գասյուկի արտաքսմանը մասնակցած կիպրացի երեք պաշտոնյաների մուտքը երկիր։

Մեկ այլ վեճ 2023-ին առաջացել էր Կիպրոսի հյուսիսային մասում բնակվող Ռուսաստանի քաղաքացիներին հյուպատոսական ծառայություններ տրամադրելու Մոսկվայի ծրագրերի պատճառով։ Կղզու այդ հատվածը վերահսկում է կիպրոսցի թուրքերի վարչակազմը։ Զյազիկովը հայտարարել էր, որ այդ որոշումը վաղուց հասունացած էր։ Կիպրական Cyprus Mail թերթի տվյալներով՝ Ռուսաստանի դեսպանատունը դիմել էր հյուպատոսական գրասենյակ բացելու համար, սակայն Կիպրոսի իշխանությունները մերժել էին դիմումը։ Քննարկվել էր նաև կղզու հյուսիսում առանց Կիպրոսի Հանրապետության համաձայնության ծառայություններ մատուցելու հնարավորությունը։

Մինչ դեսպան նշանակվելը Զյազիկովը ղեկավարել է Ինգուշեթիան զինված հակամարտության և անվտանգության իրավիճակի կտրուկ վատթարացման տարիներին։ Նա իշխանության էր եկել 2002-ին՝ Կրեմլի աջակցությամբ, փոխարինելով Ռուսլան Աուշևին։

Human Rights Watch-ի՝ 2008-ի հունիսին հրապարակած զեկույցում հակաահաբեկչական գործողությունների ընթացքում արձանագրվել էին արտադատական սպանություններ, կամայական ձերբակալություններ, խոշտանգումներ և բռնի անհետացումներ։ Զյազիկովի՝ Ինգուշեթիայի ղեկավարի պաշտոնից հեռանալուց հետո Ռուսաստանի Հաշվիչ պալատի ստուգմամբ հանրապետությունում հայտնաբերվել էին 1,74 միլիարդ ռուբլու՝ մոտ 21 միլիոն դոլարի ֆինանսական խախտումներ։

2008-ի հոկտեմբերի 30-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Զյազիկովին պաշտոնից ազատել է մինչև նրա պաշտոնավարման ժամկետի ավարտը։ Պաշտոնական հայտարարության համաձայն՝ Զյազիկովն ինքնակամ հրաժարական էր ներկայացրել։ Սակայն Kommersant-ը հայտնել էր, որ Կրեմլը դժգոհ էր հանրապետությունում տիրող իրավիճակից և փաստացի պահանջել էր, որ նա հեռանա պաշտոնից։ Հաջորդ օրը Զյազիկովը նշանակվել էր Ռուսաստանի նախագահի խորհրդական։

Կազմակերպություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում