Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram-ի իր ալիքում հրապարակել է «Իմ թշնամիներին...» վերնագրով բանաստեղծություն։ Nա դիմում է իր հակառակորդներին՝ մեղադրելով նրանց ստելու և քաջության պակասի մեջ, ինչպես նաև խոսում իր ժողովրդի համար կյանքը զոհաբերելու պատրաստակամության մասին։
«Դուք իմ մահը դեմքով չեք ճանաչում,Քանի որ իմ կյանքն էլ երբեք չեք ճանաչել։Ես իմ պատերազմներն եմ մղել, իսկ դուքՄիայն ձեր սուտն եք տարածել ամենուր»,- սկսվում է բանաստեղծությունը։
Այնուհետև Կադիրովը գրում է, որ իր հակառակորդները «արդար դատաստանի առաջ կկանգնեն», նրանց մեղադրում է դավաճանության մեջ և հայտարարում, որ մահից չի վախենում։
«Եվ ես մահն ուրախությամբ կընդունեմ...Քանի որ ես ԱԼԼԱՀԻ մարտիկն եմ։Նահատակների երանությունը, պարզ է, ձեզ համար չէ»։
Վերջում նա գրում է, որ իր կյանքը նվիրում է իր ժողովրդին և Ամենակարողից խնդրում իրեն տեղ շնորհել դրախտի այգիներում։ Telegram-ի գրառման մեջ բանաստեղծության հեղինակը նշված չէ, թեև չեչենական պետական լրատվամիջոցները այն վերագրում են հենց Կադիրովին։
Երեք շաբաթ առաջ նա նույն բանաստեղծությունը հրապարակել էր մեկ այլ լուսանկարով։ Այդ ժամանակ այն վերահրապարակել էին բազմաթիվ չեչեն պաշտոնյաներ, այդ թվում՝ կառավարության նախագահ Մագոմեդ Դաուդովը և Չեչնիայից Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովը։
Կադիրովը նախկինում էլ է պոեզիա հրապարակել։ 2018-ի հունիսին նա բանաստեղծություն էր հրապարակել՝ արձագանքելով կատակերգու Սեմյոն Սլեպակովի երգին Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և, ըստ երգի, դրա վատ խաղում Կադիրովի դերի մասին։ Այնուհետև Կադիրովը Սլեպակովին հրավիրել էր Գրոզնի՝ առաջարկելով միասին հավաքականին աջակցող երգ գրել։
«Իմ խոսքը քարի պես ամուր է, պանրի պես փափուկ չէ,Իմ ամեն խոսքի տերն եմ՝ ես Կադիրովն եմ, եղբայր։Եվ երբ քեզ «եղբայր» եմ ասում, բացատրելու կարիք չկա.Կովկասից ես՝ պիտի հասկանաս»,- գրել էր Կադիրովը։
Այնուհետև նա հիշատակել էր Գրոզնիի «Ախմատ» ֆուտբոլային ակումբը, որտեղ, իր խոսքով, ինքը «գրեթե ՖԻՖԱ-ն էր», իսկ բանաստեղծությունն ավարտել էր «մեր երկրի շարքային զինվորների» մասին տողերով և ամեն հարցում Ռուսաստանին աջակցելու խոստումով։
Նույն տարվա հուլիսին Կադիրովը հայտարարել էր, որ Աշխարհի առաջնությունից հետո ևս մեկ բանաստեղծություն է գրել։ Դրանում հիշատակվում էր Սլեպակովը, որը «արցունք էր թափել և հաղթանակից առաջ հասցրել ներողություն խնդրել»։
2018-ին Չեչնիայի ազգային քաղաքականության, արտաքին կապերի, մամուլի և տեղեկատվության այն ժամանակվա նախարար Ջամբուլաթ Ումարովն ասել էր, որ Կադիրովը վաղուց է հետաքրքրվում պոեզիայով և ինքն է բանաստեղծություններ գրում։ Ումարովը նաև նշել էր, որ օգնում է խմբագրել դրանք։ Նրա խոսքով՝ Կադիրովը հետաքրքրվում էր ռուսական պոեզիայով, հատկապես Ալեքսանդր Պուշկինի և Միխայիլ Լերմոնտովի ստեղծագործություններով։
2019-ին Ումարովը կրկին պատմել էր Կադիրովի գրական գործունեության մասին։ Նրա խոսքով՝ Չեչնիայի ղեկավարը հիվանդության պատճառով արձակուրդում գտնվելու ժամանակ նոր բանաստեղծություն էր գրել։ Այն նվիրված էր իր թեյփին՝ չեչենական տոհմին։
2022-ի հուլիսին Կադիրովը տեսանյութ էր հրապարակել, որտեղ կարդում էր ուկրաինական «Ազով» գումարտակի մարտիկներին, «կեղծ լուրեր» ստեղծողներին և մի շարք հայտնի ուկրաինացիների նվիրված բանաստեղծություն։ Դրանց թվում էին Ուկրաինայի պատգամավոր Օլեքսիյ Հոնչարենկոն, Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի այն ժամանակվա խորհրդական Օլեքսիյ Արեստովիչը և լրագրողներ Դմիտրի Գորդոնը, Ռոման Ցիմբալյուկն ու Սավիկ Շուստերը։
Կադիրովը սպառնում էր նրանց մղձավանջի պես հետապնդել, պարաններով քարշ տալ Ռոստով, ապա «փուլ առ փուլ ուղարկել Սոլովկի»՝ նախկին խորհրդային աշխատանքային ճամբար։ Չեչնիայի ղեկավարը նրանց նաև սպառնացել էր իր «մեծ ու հզոր «դոնով»»։ Այդ ակնարկը հնչել էր «Ազովի» մարտիկներից մեկի՝ Կադիրովին ծաղրող տեսանյութից հետո, որտեղ նա օգտագործել էր «դոն» բառը։ Ավելի ուշ մարտիկին ստիպել էին ներողություն խնդրել և ասել՝ «Ախմատը ուժ է»։
2023-ի փետրվարին Կադիրովը հրապարակել էր «Կադիրովը և Եվրոմեդիան» վերնագրով բանաստեղծություն՝ կատակելով իր մասին արևմտյան լրատվամիջոցների հրապարակումների, պատժամիջոցների և իր հնարավոր ձերբակալության թեմաներով։
«Որպեսզի աշխարհի բոլոր գործերից տեղյակ լինեմ,YouTube եմ բացում - և ի՞նչ եմ տեսնում։Վերնագրերն են փայլատակում՝ «ԿադիրովըԹայվանը էժան գնով գնել է»»,- գրել էր նա։
Կադիրովը հիշատակել էր նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին։
«Երկու կողմից Գրոզնին են գրոհում.Զաքաևը՝ լեհ գեյերի հետ,Եվ Զելենսկին՝ իր ագռավների խմբով...»,- գրել էր Կադիրովը։ Ախմեդ Զաքաևը վտարանդի Իչկերիայի չճանաչված կազմավորման կառավարության ղեկավարն է։
Նույն ամիս ավելի ուշ Կադիրովը կրկին դիմել էր Սլեպակովին՝ քննադատելով նրան հակապատերազմական դիրքորոշման և Ռուսաստանից հեռանալու համար։
2025-ի սեպտեմբերին Կադիրովը ևս մեկ բանաստեղծություն էր հրապարակել՝ արձագանքելով Ուկրաինայի անվտանգության ծառայության մեղադրանքներին, թե ինքը ռազմական հանցագործություններ է կատարել։ Այն սկսվում էր այսպես.
«Նստած եմ, թխվածքաբլիթ եմ ուտում,Ու լուրերն եմ կարդում,Երբ հանկարծ տրամադրությունս ընկնում է -Աշխարհը մռայլ է թվում»։
Բանաստեղծության մեջ Կադիրովը Զելենսկիին «ծաղրածու» է անվանում, իսկ ուկրաինացի զինվորներին՝ «գոմաղբի բզեզներ»։
2026-ի օգոստոսին Կադիրովը բանաստեղծություն էր հրապարակել՝ նվիրված իր հանգուցյալ հորը՝ Ախմատ Կադիրովին։
«Անհանգստանում եմ, բայց հավատում եմ՝ օրը կգա,Երբ ես՝ սիրահարված մարդս, այդ երանությունը կճաշակեմ,Եվ սրտումս մեր մասին երգ կծնվի,Այն երգը, որ գիշերը մոմի լույսի տակ կգրեմ...»,- գրել էր Կադիրովը։
Տե՛ս նաև՝ Կադիրովը Եվրոպա մեկնած չեչեններին «նողկալի դավաճաններ» է անվանել












