Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն գովել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղաքականությունը՝ պնդելով, որ կառավարությունը 2024-ին «գործնականում կանխել է հեղաշրջումը» և այժմ վարում է երկրի ազգային շահերի պաշտպանությանն ուղղված քաղաքականություն։
Նա ողջունել է նաև Վրաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացումը, իսկ Կովկասում ավելի լայն քաղաքական գործընթացներին անդրադառնալիս կոչ արել վերսկսել 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակի աշխատանքը։
Վրաստանն ու Ռուսաստանը դիվանագիտական հարաբերություններ չունեն 2008-ի օգոստոսյան պատերազմից ի վեր։ Նրանք պահպանում են առևտրատնտեսական կապերը, սակայն վերջին ամիսներին դրանք որոշ սահմանափակումների են բախվել։ Հոկտեմբերին Ռուսաստանը ժամանակավորապես դադարեցրել էր վրացի արտադրողների որոշ ըմպելիքների ներմուծումը՝ պատճառաբանելով որակի հետ կապված խնդիրներով։ Մոսկվան հերքել է, որ սահմանափակումները քաղաքական դրդապատճառներ ունեն։
Հոկտեմբերի կեսերին Վրաստանի կառավարությունը արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Գիորգի Զուրաբաշվիլիին նշանակեց վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ։ Նրա լիազորությունների մեջ է նաև Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորումը։
Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների 14-րդ ամենամյա հանդիպման ժամանակ Շոյգուն պնդել է, որ Վրաստանի իշխանությունները 2024-ին կանխել են հեղաշրջման փորձը և դրանից հետո սկսել ազգային շահերի վրա կենտրոնացած քաղաքականություն վարել։
«2024-ին Վրաստանի իշխանությունները գործնականում կանխեցին արևմտամետ վրացական ընդդիմության նախաձեռնած պետական հեղաշրջումը և սկսեցին երկրի ազգային շահերի պաշտպանությանն ուղղված քաղաքականություն վարել»,- հայտարարել է Շոյգուն։
Նա չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ իրադարձության մասին է խոսքը։ 2024-ին Վրաստանում բողոքի մի քանի խոշոր ալիքներ են եղել՝ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ, խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանքի» վիճահարույց հաղթանակից հետո, ինչպես նաև Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցության գործընթացը սառեցնելու որոշման դեմ շարունակվող ցույցերը։
Շոյգուն ողջունել է Վրաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացումը՝ միաժամանակ ընդգծելով, որ տարածաշրջանային խնդիրները պիտի լուծվեն քաղաքական և դիվանագիտական միջոցներով՝ առանց արտաքին երկրների միջամտության։
«Մենք ողջունում ենք Վրաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության ակտիվ զարգացումը։ Միաժամանակ ցանկանում եմ ընդգծել, որ տարածաշրջանային խնդիրները պիտի լուծվեն քաղաքական և դիվանագիտական միջոցներով՝ առանց արտաքին երկրների միջամտության»,- ասել է Շոյգուն։
Շոյգուն նաև կոչ է արել վերսկսել 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակի աշխատանքը, որը միավորում է Հարավային Կովկասի երեք երկրներին՝ Հայաստանին, Ադրբեջանին և Վրաստանին, ինչպես նաև Իրանին, Ռուսաստանին և Թուրքիային։ Վրաստանը երբեք չի մասնակցել այս ձևաչափին։
«Այս համատեքստում կարևոր է վերսկսել 3+3 տարածաշրջանային խորհրդակցական հարթակի աշխատանքը»,- հայտարարել է նա։
Շոյգուն նաև պնդել է, որ Հարավային Կովկասում իրավիճակը բարելավվում է՝ մատնանշելով Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումն ու տարածաշրջանում, իր բնորոշմամբ, խաղաղության փաստացի հաստատումը։












