Գլխավոր Լրահոս

«Վրացական երազանքը» Մոսկվայի հետ հանդիպումից հետո կարծում է՝ «խորքային պետությունը» ազդել է նաև Ռուսաստանի վրա

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն

Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Վրաստանի իշխանությունները, ըստ ամենայնի, դժգոհ են Մինսկում Վրաստան-Ռուսաստան բանակցությունների արդյունքներից։ Թբիլիսիի հաղորդմամբ՝ Մոսկվան գործող սահմանափակումները վերացնելու փոխարեն ազդանշան է տվել, որ կարող է պատժամիջոցներ սահմանել ևս մի քանի վրացական գինեգործական ընկերությունների նկատմամբ։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ավելի ուշ ենթադրել է, որ Մոսկվայի՝ Վրաստանի համար անբարենպաստ դիրքորոշման հետևում կարող է լինել այն, ինչ իշխող կուսակցությունն անվանում է «խորքային պետություն»։

Ռուսաստանի հետ ոչ պաշտոնական երկխոսության ձևաչափը ստեղծվել է 2012-ին՝ «Վրացական երազանքի» իշխանության գալուց հետո։ Սակայն 2021-ից ի վեր պաշտոնապես հաստատված որևէ հանդիպում չէր կայացել՝ մի շարք պատճառներով առաջացած լարվածության պատճառով, այդ թվում՝ 2022-ի սկզբին Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո։

Այժմ հանդիպումները վերսկսվել են, սակայն ձևաչափում փոփոխություններ կան։ Նախկինում Վրաստանը ներկայացնում էր դիվանագետ Զուրաբ Աբաշիձեն, իսկ այս հանդիպմանը Թբիլիսին ուղարկել է ավելի բարձրաստիճան պաշտոնյայի՝ արտգործնախարարի առաջին տեղակալ Գիորգի Զուրաբաշվիլիին, որն այժմ նաև նշանակվել է վարչապետի հատուկ ներկայացուցիչ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով։ Նորություն է նաև որպես հանդիպման վայր Ռուսաստանի մերձավոր դաշնակից Բելառուսի ընտրությունը։ Նախկինում բանակցություններն անցկացվում էին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում։

Նոյեմբերի 25-ին իշխանամետ Imedi հեռուստաընկերության եթերում Զուրաբաշվիլին որոշ մանրամասներ է ներկայացրել նոյեմբերի 19-ի բանակցություններից։ Հանդիպմանը նա ներկայացրել է Վրաստանը, իսկ ռուսական կողմը՝ Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ և Վրաստանի հետ հարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Գալուզինը։

Զուրաբաշվիլիի խոսքով՝ Թբիլիսիի «հիմնական պահանջը» եղել է վրացական գինու արտահանումը ռուսական շուկա վերականգնելը և հոկտեմբերին Մոսկվայի՝ վրացական յոթ խմիչք արտադրող ընկերությունների նկատմամբ սահմանած պատժամիջոցները վերացնելը։ Նրա խոսքով՝ ինքը «ապշել է», երբ իմացել է, որ սահմանափակումները վերացնելու փոխարեն Ռուսաստանը քննարկում է ևս երկու գինեգործական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը։

«Ես սպասում էի, որ այդ պատժամիջոցներն ու սահմանափակումները հենց տեղում կվերացվեն»,- ասել է նա՝ նշելով, որ Մոսկվան դրանց սահմանման երեք պատճառ է ներկայացրել՝ արտադրանքի որակի վերաբերյալ մտահոգություններ, ընկերությունների կողմից հնարավոր ֆինանսավորում «հօգուտ ուկրաինացիների» և նրանց ենթադրյալ «հակառուսական նարատիվները»։

«Նա չկարողացավ ինձ որևէ ապացույց ներկայացնել՝ ո՛չ որակի, ո՛չ Ուկրաինայի պատերազմի ֆինանսավորման, ո՛չ էլ հակառուսական քարոզչություն տարածելու մեղադրանքների վերաբերյալ»,- Գալուզինի մասին ասել է Զուրաբաշվիլին։

Զուրաբաշվիլիի խոսքով՝ Մոսկվան հանդիպմանը ներկայացրել է «մոտ 10 հարց»։ Թեև դրանց մեծ մասը վերաբերում էր «հումանիտար ոլորտին» և «անվնաս» էր թվում, նա պնդել է, որ իրականում դրանց հետևում Վրաստանի իշխանություններին վնասելու մտադրություն կա։

«Օրինակ՝ առաջարկ կար Դոնի պետական տեխնիկական համալսարանը համագործակցությամբ կապել Վրաստանի պետական համալսարաններից մեկի հետ։ Թվում է՝ միանգամայն անվնաս հարց է, բայց եթե ուշադիր նայեք և վերլուծեք, այս ամենն ուղղված է «Վրացական երազանքի» իշխանության դեմ և ուժեղացնում է այն կեղծ քարոզչությունն ու նարատիվը, թե «Վրացական երազանքը» ռուսամետ է»,- ասել է նա՝ չբացահայտելով հանդիպման ընթացքում ռուսական կողմի բարձրացրած մյուս հարցերը։

Զուրաբաշվիլին նաև պնդում է, որ «այս ամենը նպատակ ունի ուժ և աջակցություն տալ ընդդիմադիր ուժերին»՝ նկատի ունենալով Վրաստանի քաղաքական ընդդիմությանը, որի զգալի մասը հստակ հակառուսական դիրքորոշում ունի։

Զուրաբաշվիլիի հեռուստատեսային հայտարարությունները թե՛ տոնով, թե՛ բովանդակությամբ զգալիորեն տարբերվել են Վրաստանի արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրությունից։ Նախարարությունը կարճ թվարկել էր հանդիպմանը քննարկված հարցերը և հաստատել, որ նախատեսվում են հետագա բանակցություններ։

Հանդիպումը մեկնաբանելիս Կոբախիձեն ենթադրել է, որ բանակցությունները բարդացնելու գործում կարող էր դեր ունենալ «խորքային պետությունը»։ «Վրացական երազանքն» ու նրա դաշնակիցներն այս եզրույթով նկարագրում են ենթադրյալ ստվերային ցանց, որը, նրանց պնդմամբ, փորձում է թուլացնել վրացական պետությունը թե՛ երկրի ներսում, թե՛ միջազգային մակարդակում։

Կոբախիձեի խոսքով՝ ինչպես եվրոպական երկրներում որոշ բյուրոկրատներ «գնված են այսպես կոչված խորքային պետության կողմից», հնարավոր է, որ Ռուսաստանում ևս «միջին օղակի պաշտոնյաներ» կաշառված լինեն, քանի որ «խորքային պետությունը զգալի ազդեցություն ունի»։

«Գործելաոճը ճիշտ նույնն է՝ գործել սեփական պետության դեմ»,- ասել է նա՝ պնդելով, որ վրացական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելը հակասում է հենց Ռուսաստանի պետական շահերին։

Չնայած ակնհայտ դժգոհությանը՝ թե՛ Կոբախիձեն, թե՛ Զուրաբաշվիլին ընդգծել են, որ Ռուսաստանի հետ երկխոսությունը պիտի շարունակվի։ Կոբախիձեն նշել է, որ «ռուս ժողովուրդը մեզ համար թանկ է, սա մեր հարևան երկիրն է»։

«Սակայն այս երկխոսությունը պիտի հիմնված լինի որոշակի սկզբունքների վրա, և մենք պիտի ապահովենք, որ դրա ընթացքը որոշի ոչ թե խորքային պետությունը, այլ օբյեկտիվ իրականությունն ու օբյեկտիվ շահերը»,- հավելել է Կոբախիձեն։

Մինչ «Վրացական երազանքի» ընդդիմախոսները քննադատել են թե՛ հանդիպման ձևաչափը, թե՛ վայրը, արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին ընդգծել է երկխոսության անհրաժեշտությունը և ասել, որ Մոսկվայի հետ խոսելու «վախը» պիտի հաղթահարել։ Նրա հայտարարությունները հետագայում ողջունել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Բելառուսի արտգործնախարար Մաքսիմ Ռիժենկովը խոսել է բանակցությունները Թբիլիսիում և Մոսկվայում շարունակելու հնարավորության մասին՝ պնդելով, որ երկու կողմերն էլ «զգալի առաջընթաց են գրանցել փոխադարձ վստահության ամրապնդման հարցում»։ Սակայն Բոչորիշվիլին ավելի ուշ լրագրողներին ասել է, որ բանակցությունները մայրաքաղաքներից որևէ մեկը տեղափոխելու հարց օրակարգում չկա։

Տե՛ս նաև՝ Կոբախիձեի խոսքով՝ «գլոբալ պատերազմի կուսակցության» ներկայացուցիչների անուններ տալը «վտանգավոր» է

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում