Գլխավոր Լրահոս

Հարավային Օսիայի նախկին նախագահը նշանակվել է Պուտինի՝ ռազմական հուշահամալիրների հարցերով հատուկ ներկայացուցիչ

Ալան Գագլոևը և Վլադիմիր Պուտինը

Ալան Գագլոևը և Վլադիմիր Պուտինը

Լուսանկարը՝ Կրեմլից

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Հարավային Օսիայի նախկին նախագահ Ալան Գագլոևը նշանակվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` ռազմական հուշահամալիրների և պատմական հիշողության պահպանման հարցերով հատուկ ներկայացուցիչ։ Նշանակումը տեղի է ունեցել Գագլոևի՝ նախագահի պաշտոնից հեռանալուց և Պուտինի աշխատակազմում խորհրդական դառնալուց հինգ ամիս անց։

Գագլոևին նոր պաշտոնում նշանակելու մասին Պուտինի հրամանագիրը հրապարակվել է Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքում։ Ըստ ամենայնի, այս պաշտոնը նոր է ստեղծվել. հրապարակային տեղեկություն չկա, որ նախկինում որևէ մեկը զբաղեցրել է այն։

Գագլոևը Հարավային Օսիայի նախագահի պաշտոնից հրաժարական էր տվել հունիսին և անմիջապես հայտարարել Կրեմլում աշխատանքի անցնելու մասին։ Նրա հրաժարականը հաջորդել էր Ռուսաստանի նախկին պաշտոնյա Մարատ Կամբոլովի՝ վարչապետ նշանակվելուն։ Կամբոլովին Ցխինվալի էին ուղարկել միայն մայիսին՝ սկզբում որպես Գագլոևի խորհրդական։ Ավելի ուշ, Գագլոևի հրաժարականից հետո, Կամբոլովը հաղթել էր արտահերթ ընտրություններում և դարձել հաջորդ նախագահը։

Կադրային փոփոխությունները կատարվել են մայիսին Հարավային Օսիայի և Ռուսաստանի միջև ստորագրված՝ դաշնակցային համագործակցության խորացման մասին համաձայնագրի շրջանակում։ Գագլոևը փաստաթուղթն անվանել էր «օս ժողովրդի վերամիավորման սկիզբ»՝ ակնարկելով Հարավային Օսիայի՝ Ռուսաստանի Դաշնությանը միանալու հնարավորությունը։ Հյուսիսային Օսիան արդեն Ռուսաստանի դաշնային հանրապետություն է։

Վրաստանի արտգործնախարարությունը համաձայնագիրը բնութագրել էր որպես Ռուսաստանի՝ «Վրաստանի շրջանները բռնակցելու» ծրագրին նպաստող քայլ, իսկ ընդդիմադիր գործիչները քննադատել էին իշխանություններին՝ իրենց գնահատմամբ համաձայնագրին ոչ համարժեք արձագանքելու համար։

Թեև Գագլոևի նոր պաշտոնը, ըստ ամենայնի, նոր է ստեղծվել, Մոսկվան վաղուց մեծ ուշադրություն է դարձնում պատմական հիշողության թեմային, հատկապես 2022-ի փետրվարին Ուկրաինա լայնածավալ ներխուժումից հետո։

Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիստական Գերմանիայի նկատմամբ Խորհրդային Միության հաղթանակը, որը Ռուսաստանում հայտնի է որպես Հայրենական մեծ պատերազմ, ներխուժումից հետո նոր կարևորություն է ստացել Կրեմլի քարոզչությունում, քանի որ Մոսկվան փորձում է պատերազմին գաղափարական հիմնավորում տալ։

Միաժամանակ Կրեմլը ակտիվորեն փորձում է ճնշել պատմության անկախ մեկնաբանությունները, այդ թվում՝ խորհրդային անցյալին վերաբերողները։

Մասնավորապես, 2022-ից հետո իշխանություններն ուժեղացրել են խորհրդային բռնապետ Իոսիֆ Ստալինի օրոք իրականացված բռնաճնշումների զոհերի հիշատակը պահպանելու նախաձեռնությունների նկատմամբ ճնշումները։ Այդ քայլերից էր խորհրդային բռնաճնշումների զոհերի հիշատակի պահպանմամբ զբաղվող և այդ աշխատանքի համար Խաղաղության Նոբելյան մրցանակ ստացած «Մեմորիալ» կազմակերպությունը «ծայրահեղական» ճանաչելը։

OC Media-ն չի օգտագործում «դե ֆակտո», «չճանաչված» կամ «մասնակի ճանաչված» ձևակերպումները Աբխազիայի, Լեռնային Ղարաբաղի և Հարավային Օսիայի հաստատությունների կամ քաղաքական պաշտոնների մասին խոսելիս։ Սա դրանց կարգավիճակի մասին դիրքորոշում չէ և արվում է ընթերցումը հեշտացնելու նպատակով։

Տե՛ս նաև՝ Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոևը հրաժարական է տվել

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում