Գլխավոր Լրահոս

Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոևը հրաժարական է տվել

Ալան Գագլոևը

Ալան Գագլոևը

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոևը հայտարարել է հրաժարական տալու և Կրեմլում աշխատանքի անցնելու մասին։ Նրա հրաժարականը հաջորդել է մեկ շաբաթ առաջ Հարավային Օսիայի վարչապետի պաշտոնում ռուսաստանցի պաշտոնյայի նշանակմանը՝ այն համաձայնագրի ստորագրումից հետո, որը Գագլոևը բնութագրել էր որպես «օս ժողովրդի վերամիավորման սկիզբ»։

Գագլոևը հրաժարականի մասին հայտարարել է հունիսի 23-ին հրապարակած տեսաուղերձում։

Նրա խոսքով՝ հունիսի 22-ին հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որը նրան առաջարկել է խորհրդականի պաշտոն Կրեմլի վարչակազմում, ինչպես նաև դերակատարում Մոսկվայի և Ցխինվալի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման գործում։ Խոսքը Հարավային Օսիայի և Ռուսաստանի միջև դաշնակցային համագործակցության խորացման մասին համաձայնագրի մասին է։ Այն ստորագրվել էր մայիսի 9-ին։

«Այսօր մեր խնդիրն է իրականություն դարձնել մեր նվիրական երազանքը՝ հաղթահարել բաժանված ժողովրդի ճակատագիրը և վերամիավորվել Հյուսիսային Օսիայի հետ, վերամիավորվել Մեծ Ռուսաստանի հետ»,- ասել է նա։

Գագլոևը նշել է, որ ընդունել է առաջարկը և իր ուղերձի հրապարակման պահից դադարեցնում է նախագահի լիազորությունների իրականացումը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանի հետ դաշինքը, իր համոզմամբ, օս ժողովրդի պատմական ընտրությունն է, և կոչ է արել հանրապետության բնակիչներին աջակցել նոր ղեկավարությանը։

Գագլոևը Հարավային Օսիային ծառայելը բնութագրել է որպես իր կյանքի «ամենամեծ պատիվը»։

Հանրապետության սահմանադրության համաձայն՝ նախագահի պաշտոնակատարի լիազորություններն անցնում են վարչապետ Մարատ Կամբոլովին, որը նշանակվել էր Գագլոևի հրաժարականից ընդամենը մեկ շաբաթ առաջ։

Ալան Գագլոևը իշխանության էր եկել 2022-ի նախագահական ընտրությունների արդյունքում՝ երկրորդ փուլում հաղթելով գործող նախագահ Անատոլի Բիբիլովին։

Տե՛ս նաև՝ Հյուսիսային Օսիայի ներկայացուցիչ Մարատ Կամբոլովը նշանակվել է Հարավային Օսիայի վարչապետ

Հարավային Օսիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ նա ստացել էր ձայների 56 տոկոսը։

Նախագահ դառնալուց առաջ Գագլոևը քաղաքական գործունեությամբ զբաղվում էր «Նիխաս» շարժման շրջանակում, որը ներկայանում էր որպես չափավոր ընդդիմադիր ուժ և քննադատում էր կոռուպցիան ու քաղաքական համակարգի փակ բնույթը։

2017-ին նա մասնակցել էր նախագահական ընտրություններին, սակայն պարտվել էր Բիբիլովին։ Դրանից հետո ստեղծել էր սեփական քաղաքական միավորումը՝ «Ալանական միությունը», որը հետագայում միավորվել էր «Նիխասի» հետ։

Նրա նախագահության ընթացքում Հարավային Օսիան շարունակել է Ռուսաստանի հետ քաղաքական և տնտեսական ինտեգրման խորացման ուղեգիծը, այդ թվում՝ 2026-ի մայիսին ստորագրելով դաշնակցային համագործակցությունն ընդլայնող համաձայնագիրը։

OC Media-ն չի օգտագործում «դե ֆակտո», «չճանաչված» կամ «մասնակի ճանաչված» ձևակերպումները Աբխազիայի, Լեռնային Ղարաբաղի և Հարավային Օսիայի հաստատությունների կամ քաղաքական պաշտոնների մասին խոսելիս։ Սա դրանց կարգավիճակի մասին դիրքորոշում չէ և արվում է ընթերցումը հեշտացնելու նպատակով։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում