Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Մոսկվայում անցկացված ֆորումի մասնակիցներն առաջարկել են ռուս-վրացական համալսարան հիմնել, Վրաստանում խթանել ռուսաց լեզվի տարածումը և վերականգնել ժամերգությունները Լոմիսի եկեղեցում՝ որպես երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու ավելի լայն նախաձեռնության մաս։
Վրաստանն ու Ռուսաստանը դիվանագիտական հարաբերություններ չունեն 2008-ի օգոստոսյան պատերազմից ի վեր, սակայն շարունակում են առևտրատնտեսական կապերը։
Ֆորումը տեղի է ունեցել հոկտեմբերի 28-ին։ Մեկ շաբաթ առաջ Վրաստանի կառավարությունը մեկ տարվա ընդմիջումից հետո առաջին փոխարտգործնախարար Գիորգի Զուրաբաշվիլիին նշանակեց վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ։ Նրա լիազորությունների մեջ է մտնում նաև Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորումը։
CRRC Georgia-ի և Ազգային ժողովրդավարական ինստիտուտի՝ 2023-ի հոկտեմբերին անցկացրած հարցման համաձայն՝ հարցվածների մոտ մեկ քառորդն աջակցում էր Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խորացմանը, իսկ գրեթե նույնքան մարդ՝ դրանց սահմանափակմանը։ 34 տոկոսը կարծում էր, որ հարաբերությունները պետք է մնան անփոփոխ։ Մոտավորապես նույն ժամանակ անցկացված այլ հարցումները ցույց էին տվել, որ հարցվածների մեծամասնությունը՝ 77 տոկոսը, Ռուսաստանը համարում է Վրաստանի գլխավոր քաղաքական սպառնալիքը։
Ֆորումից հետո Վրաստանում Շվեյցարիայի դեսպանությանը կից Ռուսաստանի շահերի բաժինը հայտարարություն է հրապարակել՝ ընդգծելով, որ միջոցառման հիմնական նպատակը «երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը նպաստելն» էր։
Փաստաթղթում նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Վրաստանի կառավարությանը կոչ է արվել աջակցել երկկողմ հարաբերությունների սերտացմանը։
Մոսկվայում անցկացված միջոցառմանը մասնակցել են Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնյա Վասիլի Գավրիլովը, որին չպետք է շփոթել ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովի հետ, որի անունը կապվում է 2019-ի «Գավրիլովի գիշերվա» բողոքի ակցիայի հետ, ինչպես նաև ռուսամետ նախաձեռնությունների հետ կապվող մի շարք վրացի գործիչներ։ Նրանց թվում էր Վրաստանի նախկին գլխավոր դատախազ Օթար Ռոմանով-Պարծխալաձեն, որին հետախուզում են Վրաստանի իշխանությունները և որի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանել ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան։
Ֆորումի ընթացքում ստեղծվել է «Ռուսների և վրացիների միասնություն» հիմնադրամը։ Դրա համահիմնադիրների թվում են Պարծխալաձեն, Մոսկվայում բնակվող գործարար Մամուկա Պիպիան և Ռուս-վրացական գործարար խորհրդի ղեկավար Դավիթ Ծեցխլաձեն։
Հիմնադրամի ստեղծումից կարճ ժամանակ անց ստորագրվել է նաև առանձին բանաձև, որով առաջարկվում է ընդլայնել դրա գործունեությունը, ստեղծել հասարակական վերահսկողության խորհուրդ՝ գիտության, մշակույթի, կրթության և բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ, ինչպես նաև մշակել առաջարկների իրականացման նախնական գործողությունների ծրագիր։
Ֆորումում ելույթ ունենալով՝ Պիպիան, որը նաև վրացական ռուսամետ «Համերաշխություն հանուն խաղաղության» կուսակցության միջազգային քարտուղարն է, ասել է, որ նախաձեռնության նպատակը Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը նպաստելն ու մտադրություններից գործնական քայլերի անցնելն է։
Գավրիլովն իր հերթին ասել է, որ Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունների բարելավումը բխում է երկու երկրների շահերից։
«Մենք Վրաստանը չենք դիտարկում որպես որևէ մեկի դեմ ուղղված հենակետ կամ վտանգավոր աշխարհաքաղաքական խաղերի շախմատի տախտակ, այլ որպես մարդկանց միջև շփումների, առևտրային միջանցքների, զբոսաշրջային երթուղիների և էներգետիկ նախագծերի տարածք։ Եվ ոգևորիչ է, որ այսօր բարեկամության ձայները շատ ավելի բարձր են հնչում, քան տարաձայնությունների ձայները»,- ասել է Գավրիլովը։
Բանաձևում հիշատակված Լոմիսի եկեղեցին ևս նախկինում հակասությունների կենտրոնում է հայտնվել։ Այն գտնվում է Կիրբալիում՝ վրաց-օսական բաժանարար գծի մոտ, Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքում։ 2023-ի նոյեմբերին այնտեղ հրազենային վնասվածքից մահացել էր Վրաստանի քաղաքացի Թամազ Գինտուրին, իսկ մեկ այլ վրացի քաղաքացու Հարավային Օսիայում ձերբակալել էին ռուս սահմանապահները, ըստ հաղորդումների, վիճելի եկեղեցի հասնելու փորձի ժամանակ։












