Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարել է Վրաստանում փոխնակ (սուրոգատ) մայրությունն արգելելու ծրագրերի մասին՝ պատճառաբանելով, որ այն «էական էթիկական և իրավական վտանգներ» է պարունակում։
Այս հարցը նախկինում ևս հայտնվել է Վրաստանի հանրային ուշադրության կենտրոնում։ Ոլորտում բացահայտված խախտումներից հետո հնչել են կանոնակարգումն ավելի խստացնելու կոչեր, սակայն մի շարք մասնագետներ ընդգծել են, որ ամբողջական արգելքն արդյունավետ լուծում չէ։
Նախաձեռնության մասին նոյեմբերի 22-ին հայտարարել է «Վրացական երազանքի» խորհրդարանական խմբակցության ղեկավար Իրակլի Կիրծխալիան։ Նրա խոսքով՝ համապատասխան օրինագիծը կներկայացվի մոտ ապագայում։ Նա նաև ասել է, որ իշխող կուսակցությունն այս հարցով ակտիվ խորհրդակցություններ է անցկացրել Վրաց ուղղափառ եկեղեցու հետ։
Բացատրելով առաջարկի պատճառները՝ Կիրծխալիան մատնանշել է «մարդկանց թրաֆիքինգի, կանանց հնարավոր շահագործման և երեխաների իրավունքների պաշտպանության» հետ կապված ռիսկերը։
«Մենք լիովին հասկանում ենք, որ փոխնակ մայրության արգելքը կարող է որոշակի տնտեսական հետևանքներ ունենալ։ Սակայն կարծում ենք, որ տնտեսական օգուտները չեն կարող գերակշռել առկա ռիսկերին և էթիկական մտահոգություններին»,- ասել է Կիրծխալիան։
Նա պնդել է, որ Վրաստանում փոխնակ մայրության ծառայություններից օգտվողների 98 տոկոսն օտարերկրյա քաղաքացիներ են, իսկ պետությունը երեխաների հետագա ճակատագրի նկատմամբ «զրոյական վերահսկողություն» ունի։
«Մոտավորապես 2 տոկոսը Վրաստանի քաղաքացիներ են, և լիովին օրինաչափ է հարց բարձրացնել նույնիսկ այդ 2 տոկոսի անունից, որոնք գուցե այլևս չկարողանան օգտվել [այս ծառայությունից]»,- ասել է նա՝ հավելելով, որ պետությունը «ամեն ինչ կանի», որպեսզի «մայրության և ծնող դառնալու իրավունքի հարցում մեր քաղաքացիներին հնարավոր բոլոր միջոցներով առավելագույն աջակցություն ցուցաբերի»։
2024-ի վիճարկվող խորհրդարանական ընտրություններից հետո իշխող կուսակցությունն ու նրա դաշնակիցները խորհրդարանում փաստացի մեծամասնություն ունեն, ինչը նրանց հնարավորություն է տալիս օրենսդրություն ընդունել առանց ընդդիմության աջակցության։ Ընտրական շեմը հաղթահարած ընդդիմադիր կուսակցությունների մեծ մասը բոյկոտել է խորհրդարանի աշխատանքը։ Խոշոր ընդդիմադիր ուժերից խորհրդարանում ներկայացված է միայն «Վրաստանի համար» կուսակցությունը՝ ընդամենը մի քանի մանդատով։
Փոխնակ մայրությունն արգելելու կառավարության նախաձեռնությունը ողջունել են «Վրացական երազանքի» ներկայացուցիչներն ու Եկեղեցին։
Նոյեմբերի 23-ին Պատրիարք Շիո III-ն անձամբ ողջունել է նախաձեռնությունը՝ հայտարարելով, որ «փոխնակ մայրությունը կապված է մի շարք ծանր մեղքերի հետ, իսկ դրա արգելքը քայլ է դեպի բարոյական առողջացում»։ Վրաց եկեղեցու առաջնորդը նաև ասել է, որ որոշմանը «նախորդել են շփումներն ու այս և ընթացիկ այլ հարցերի քննարկումները»՝ ըստ ամենայնի նկատի ունենալով պետության և Եկեղեցու միջև շփումները։
Մյուսները նախաձեռնությանը թերահավատությամբ կամ բացասաբար են արձագանքել՝ պնդելով, որ փոխնակ մայրությունը պետք է խստորեն կարգավորել, այլ ոչ թե ամբողջությամբ արգելել։ Կանանց իրավունքներով զբաղվող Sapari կազմակերպության ղեկավար Բայա Պատարաիան նշել է, որ «փոխնակ մայրությունը պետք է հասանելի մնա Վրաստանի քաղաքացիների համար, քանի որ այն անպտղության խնդրի լուծման միջոց է»։
«Մնացած ամեն ինչ խիստ կարգավորման կարիք ունի, որովհետև Վրաստանում կան փոխնակ մայրեր, որոնց այստեղ բերել են խաբեությամբ և նույնիսկ չեն վճարում։ Կան նաև փոխնակ մայրության միջոցով ծնված երեխաներ, որոնց ապագա ծնողները կամ այն վայրերը, ուր նրանք պիտի տեղափոխվեն, անհայտ են։ Երբեմն երեխաներին նույնիսկ չեն տանում և թողնում են այստեղ»,- ասել է նա։
Վերջին տարիներին Վրաստանը փոխնակ մայրության համար գնալով ավելի տարածված ուղղություն է դարձել։ Երկիրը վերարտադրողական ծառայությունների միջազգային կենտրոնի վերածվելու հետ մեկտեղ այստեղ են գալիս ինչպես վրացի, այնպես էլ արտերկրից կանայք։
Աղմկահարույց գործերից մեկով Թբիլիսիի քաղաքային դատարանը 2026-ի հունիսին Kinderly Georgia ընկերության երկու հիմնադիրներին դատապարտել է տասական տարվա ազատազրկման։ Ընկերությունը միջնորդ էր երեխայի ապագա ծնողների և փոխնակ մայրերի միջև։
Երկու տղամարդիկ՝ Հայաստանի քաղաքացի Արմեն Մելիքյանը և Ուկրաինայի քաղաքացի Ռուսլան Տիմոշենկոն, մեղավոր են ճանաչվել խոշոր չափերի գումարներ յուրացնելու մեջ։ Տիմոշենկոն դատապարտվել է հեռակա կարգով։












