Գլխավոր Լրահոս

Վրացի լրագրողը խարդախ զանգերի կենտրոնների գործով դատապարտվել է 10 տարվա ազատազրկման

Էլիսո Կիլաձեն

Էլիսո Կիլաձեն

Կադրը՝ TV Pirveli-ից

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Թբիլիսիի քաղաքային դատարանը վրացական Qronika+ լրատվամիջոցի հիմնադիր Էլիսո Կիլաձեին դատապարտել է 10 տարվա ազատազրկման՝ խարդախ զանգերի կենտրոնների հետ ենթադրյալ կապերի գործով։ Քննությունը նրան մեղադրում էր խարդախության և փողերի լվացման մեջ։ Կիլաձեն հերքել է մեղադրանքները՝ գործը քաղաքական դրդապատճառներով պայմանավորված համարելով և պնդելով, որ դրա նպատակը իր լրագրողական գործունեությունը լռեցնելն է։

Դատավճիռը նոյեմբերի 17-ին հրապարակել է դատավոր Ջվեբե Նաչկեբիան՝ Կիլաձեին մեղավոր ճանաչելով երկու մեղադրանքներով էլ։ Բացի ազատազրկումից, դատարանը որոշել է բռնագրավել Կիլաձեի երկու ավտոմեքենաները և 30 հազար դոլար։

Կիլաձեի հետ նույն գործով նմանատիպ մեղադրանքներ էին առաջադրվել ևս ինը անձի։ Նա ձերբակալվել էր փետրվարին և գտնվում էր նախնական կալանքի տակ։ Ինը ամիս տևած դատավարությունից հետո, որի նիստերը փակ էին լրատվամիջոցների համար, Կիլաձեն գործով առաջին մեղադրյալն է, որի նկատմամբ դատավճիռ է կայացվել։

Մեղադրյալների թվում է նաև Վրաստանի նախկին գլխավոր դատախազ Օթար Փարցխալաձեն, որի անունը նախկինում ևս աղմկահարույց գործերի հետ է կապվել։ Նա այժմ բնակվում է Ռուսաստանում և ավելի վաղ մեղադրվել էր Թբիլիսիում մեծ հնչեղություն ստացած սպանություն կազմակերպելու մեջ։ Գլխավոր դատախազությունը նրան անվանել է «հանցավոր խմբի» ենթադրյալ հովանավոր։

Փարցխալաձեից բացի, հետախուզվում է գործով անցնող ևս երեք անձ՝ նրա գործընկեր Միխեիլ Չոխելին, գործարար Գիորգի Միկաձեն և Իրակլի Սեխնիաշվիլին։ Նրանց մեղադրանք է առաջադրվել հեռակա կարգով։

Գլխավոր դատախազությունը գործով անցնող ևս չորս անձի՝ գործարար Գիվի Ջիբլաձեի, Թորնիկե Ջանելիձեի, Բեն Անորիի և Գիորգի Կամլաձեի նկատմամբ նախնական կալանք չի պահանջել՝ պատճառաբանելով, որ նրանք «ակտիվորեն համագործակցում են» քննության հետ։

Դատախազության վարկածով՝ գործով անցնող անձանց միջև դերերը բաժանված էին։ Կիլաձեի ենթադրյալ դերը խմբի հանցավոր գործունեությունը «օրինական ներկայացնելն» էր։

«Միաժամանակ, իրենց ազդեցությունից դուրս գործող մրցակից զանգերի կենտրոնները բացահայտելու նպատակով Էլիսո Կիլաձեն ծրագրել, սպառնացել կամ հրապարակել է տեղեկություններ դրանց գտնվելու վայրի և աշխատակիցների մասին, ապա շանտաժի միջոցով նրանց ենթարկեցնելու համար համապատասխան պայմաններ ստեղծել»,- փետրվարին տարածած սկզբնական հայտարարությունում հայտնել էր գերատեսչությունը։

Նույն հայտարարության համաձայն՝ Միկաձե եղբայրները, Սեխնիաշվիլին և Չոխելին պատասխանատու էին զանգերի կենտրոնների գործունեությունը «Փարցխալաձեի և նրա ազդեցության ցանցի միջոցով» պաշտպանելու համար։ Իսկ Ջիբլաձեին, Անորիին, Ջանելիձեին և Կամլաձեին վերագրվում էր կենտրոնների «անխափան աշխատանքն» ապահովելու, եկամուտներն ու ծախսերը կառավարելու և աշխատավարձերը բաշխելու դերը։

Գերատեսչությունը պնդում է, որ 2020-2023-ին գործով անցնող անձինք խարդախությամբ ձեռք են բերել ընդհանուր առմամբ 9,5 միլիոն դոլարի կրիպտոարժույթ, որն այնուհետև լվացել են։

Կիլաձեն ի սկզբանե հերքել է մեղադրանքները։ Եզրափակիչ խոսքում նա գործը «հատուկ գործողություն» է անվանել, որի նպատակն է իրեն որպես լրագրող «անձամբ ոչնչացնել», հասնել իր «հեղինակության մահվանը» և փակել իր Qronika+ առցանց լրատվամիջոցը։

«Ձեր մեղադրական դատավճիռը կլինի իշխանության պատասխանը իմ լրագրողական աշխատանքին և ապացույցը, որ ես քաղբանտարկյալ եմ»,- Կիլաձեն ասել է դատավոր Նաչկեբիային։

Նա նաև կրկնել է նախկինում հնչեցրած պնդումը և քաղաքական դրդապատճառներով գործը կազմակերպելու մեջ մեղադրել Մամուկա Մդինարաձեին, որը 2025-2026-ին ղեկավարել է Պետական անվտանգության ծառայությունը և նախկինում իշխող «Վրացական երազանք» կուսակցության ազդեցիկ գործիչներից էր, սակայն օգոստոսին հեռացել է քաղաքականությունից։ Մդինարաձեի մամուլի ծառայությունը նախկինում այս մեղադրանքը որակել էր «անհիմն կեղծ հայտարարություն»։

Տե՛ս նաև՝ «Վրացական երազանքի» առաջնորդներից Մամուկա Մդինարաձեն հեռանում է քաղաքականությունից

Առանձին գործով խարդախ զանգերի կենտրոնների հետ ենթադրյալ կապերի համար արդեն դատապարտվել է նաև մեկ այլ նախկին գլխավոր դատախազ՝ Գրիգոլ Լիլուաշվիլին, որը պաշտոնը զբաղեցրել է 2019-2025-ին։ Սեպտեմբերին նրան 13 տարվա ազատազրկման էին դատապարտել մի քանի դրվագով գործով, որոնցից մեկը վերաբերում էր զանգերի կենտրոններին։

Խարդախ զանգերի կենտրոնները Վրաստանում

Վրաստանի խարդախ զանգերի կենտրոնները վերջին տարիներին բազմիցս հայտնվել են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։

Աղմկահարույց դեպքերից մեկը BBC-ի 2023-ի հետաքննությունն էր, որը վերաբերում էր Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլիի՝ նման ցանցերի հետ ենթադրյալ կապերին։ Կեզերաշվիլին հերքել է պնդումները, իսկ 2024-ի վերջին հետաքննական ֆիլմը հեռացվել է BBC-ի հարթակներից։ Կեզերաշվիլիի խոսքով՝ դա տեղի է ունեցել իր նախաձեռնած դատական գործի պատճառով, մինչդեռ BBC-ն հայտնել է, որ գործարարի հետ արտադատական համաձայնության է հասել։

Ավելի ուշ՝ 2025-ին, OCCRP-ի հետաքննությունը բացահայտել է Թբիլիսիում խարդախ զանգերի մի կենտրոն, որը, ըստ հետաքննության, 2022-2025-ին Եվրոպայում և Կանադայում տուժածներից խաբեությամբ ստացել է շուրջ 35 միլիոն դոլար։

Հետաքննությունից հետո Գլխավոր դատախազությունը բռնագանձել է լրագրողների բացահայտած՝ խարդախության մեջ ենթադրաբար ներգրավված մի շարք անձանց գույքը։ Սակայն մինչ այժմ հրապարակային տեղեկություն չկա, որ նրանցից որևէ մեկին մեղադրանք է առաջադրվել կամ նրանք ձերբակալվել են։

OCCRP-ի տվյալներով՝ խմբի որոշ անդամներ նույնիսկ բացահայտվելուց հետո վերսկսել են խարդախ գործունեությունը։

Տե՛ս նաև՝ «Պետությանը վնասող կեղծ տեղեկատվություն». Վրաստանի իշխանությունն արձագանքում է BBC-ի հետաքննությանը

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում