Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Աբխազիայի նախկին պատգամավոր Նոդիկ Կվիցինիան ինքնակամ հանձնվել է ոստիկանությանը՝ օրը ցերեկով ընդդիմադիր քաղաքական գործիչ Կան Կվարչիայի որդու վրա կրակելուց հետո։ Իշխանության տվյալներով՝ Կվիցինիան նախկինում բանտում պատիժ է կրել կրկնակի սպանություն կազմակերպելու համար։
2017-ին Կվիցինիային դատապարտել էին 16 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի բանտում՝ ռուսաստանցի գործարար Սերգեյ Կլեմանտովիչի և նրա ընկերուհի Օքսանա Սկարեդնովայի՝ 2012-ի սպանությունները կազմակերպելու համար։ 2023-ին նա ազատ էր արձակվել 1992-1993-ի պատերազմի 30-ամյակի առիթով համաներմամբ։ Կվիցինիան մասնակցել էր այդ պատերազմին։
2012-ին նա պատգամավոր էր ընտրվել՝ ներկայացնելով Գալիի շրջանը, սակայն սպանության գործից հետո զրկվել էր պատգամավորական մանդատից։
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 69-ամյա Կվիցինիային ձերբակալելուց հետո հայտնաբերվել է «Կալաշնիկով» ինքնաձիգ։ Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 15-ին՝ ժամը 13:00-ին, Սուխումի Ձիգուա փողոցում։ Տեղական իշխանությունները հայտարարել են, որ Կվիցինիային մեղադրանք է առաջադրվում ապօրինի ձեռք բերված, պահվող կամ տեղափոխվող հրազենի օգտագործմամբ սպանության փորձի համար։
Աբխազիայի խորհրդարանը դատապարտել է միջադեպը։
Տեղական Aiaashara Telegram ալիքի հաղորդմամբ՝ Կվիցինիան քննիչներին ասել է, որ իր թիրախը Կան Կվարչիան էր, ոչ թե նրա որդին, որի վրա վեց անգամ կրակել են։
Միջադեպից հետո Էֆրեմ Կվարչիային տեղափոխել են հիվանդանոց։ Նա շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում։
«Կալաշնիկով» ինքնաձիգն ուղարկվել է դատափորձագիտական կենտրոն՝ բալիստիկ փորձաքննության։
Կվիցինիան միակ պատգամավորը չէ, որին սպանության հետ կապված մեղադրանք է առաջադրվել։ 2024-ին պատգամավոր Ադգուր Խարազիան խորհրդարանական հանձնաժողովի նիստի ժամանակ կրակելով սպանել էր պատգամավոր Վախթանգ Գոլանդզիային և վիրավորել Կան Կվարչիային, որը, ըստ հաղորդումների, այս միջադեպում նույնպես թիրախ էր։
OC Media-ն չի օգտագործում «դե ֆակտո», «չճանաչված» կամ «մասնակի ճանաչված» ձևակերպումները Աբխազիայի, Լեռնային Ղարաբաղի և Հարավային Օսիայի հաստատությունների կամ քաղաքական պաշտոնների մասին խոսելիս։ Սա դրանց կարգավիճակի մասին դիրքորոշում չէ և արվում է ընթերցումը հեշտացնելու նպատակով։












