Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Վրաստանի տնտեսությունը 2025-ին աճել է 8,4 տոկոսով՝ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) վերջնական վերանայված տվյալներով։ Ցուցանիշը գերազանցում է մարտին հրապարակված 7,5 տոկոս նախնական գնահատականը։ Միաժամանակ մարդահամարից հետո բնակչության թվի գնահատականը բարձրացվել է, ինչի հետևանքով մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշը նվազեցվել է։
Միջազգային ընդունված գործելակերպի համաձայն՝ ՀՆԱ-ի տվյալները սկզբում հրապարակվում են նախնական գնահատականի տեսքով, ապա վերանայվում ավելի ամբողջական տեղեկությունների հիման վրա։
«Նախնական գնահատականը արագ է հրապարակվում, որպեսզի օգտվողները տարբեր որոշումներ կայացնելու համար օպերատիվ տեղեկություն ունենան։ Իսկ տարեկան տվյալները ներկայացվում են արդեն վերանայված տեսքով և ավելի ամբողջական ու ճշգրիտ են»,- նոյեմբերի 13-ին ասել է Geostat-ի գործադիր տնօրեն Գոգիտա Թոդրաձեն։
Վրաստանի բիզնես ասոցիացիայի համաժողովում վարչապետ Իրակլի Կոբախիձեն բարձր է գնահատել երկրի տնտեսական աճը։
«Մեր հետևողական տնտեսական աճն ապահովում են արդյունավետ տնտեսական համակարգը, կայուն օրենսդրական դաշտը և ուժեղ կառավարական թիմը։ Սակայն, չնայած դրական միտումներին, հանգստանալու տեղ չկա։ Պիտի շարունակենք նոր նախաձեռնություններ ներկայացնել և բարեփոխումներ իրականացնել»,- ասել է նա։
Geostat-ը անվանական ՀՆԱ-ի ծավալի գնահատականը 105 միլիարդ լարիից՝ 38 միլիարդ դոլար, բարձրացրել է մինչև 108 միլիարդ լարի՝ 40 միլիարդ դոլար։ Վերանայված տվյալներով՝ 2025-ին անվանական ՀՆԱ-ն աճել է 16,6 տոկոսով։
Վերանայվել են նաև տնտեսության մի շարք ոլորտների ցուցանիշներ։ Մեծածախ և մանրածախ առևտրի իրական աճը նախկին 3,8 տոկոսի փոխարեն գնահատվել է 7,5 տոկոս։ Գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության ոլորտում նախապես գնահատված 5,7 տոկոս անկման փոխարեն այժմ արձանագրվել է 0,8 տոկոս աճ։
Տեղեկատվության և հաղորդակցության ոլորտը շարունակում է մնալ ամենաարագ աճողներից մեկը։ Դրա աճի ցուցանիշը 28,7 տոկոսից բարձրացվել է մինչև 28,9 տոկոս։
Ամենամեծ վերանայումը գրանցվել է շինարարության ոլորտում։ Դրա ծավալի գնահատականն ավելացվել է 1,1 միլիարդ լարիով՝ 400 միլիոն դոլար, և հասցվել 8,4 միլիարդ լարիի՝ 3 միլիարդ դոլար։
Սակայն ոչ բոլոր ոլորտների ցուցանիշներն են վերանայվել դեպի վեր։ Կրթության ոլորտի գնահատականը նվազեցվել է 330 միլիոն լարիով՝ 120 միլիոն դոլար, իսկ առողջապահության և սոցիալական աշխատանքի ոլորտինը՝ 140 միլիոն լարիով՝ 53 միլիոն դոլար։
Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի գնահատականը նվազեցվել է
Չնայած տնտեսական աճի ավելի բարձր ցուցանիշին՝ Geostat-ը նվազեցրել է մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի գնահատականը՝ բնակչության թվի հաշվարկները համապատասխանեցնելով 2024-ի համազգային մարդահամարի արդյունքներին։ Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի տվյալները հետադարձ կարգով վերանայվել են նաև 2015-ից սկսած։
Նոր տվյալներով՝ 2025-ի տնտեսական աճն ավելի բարձր է եղել, քան նախապես գնահատվում էր, սակայն բնակչության ավելի մեծ թիվը նվազեցրել է մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի հաշվարկային ցուցանիշը։ Այս նվազումը վիճակագրական վերանայման արդյունք է և ինքնին տնտեսական ակտիվության կրճատում չի նշանակում։
2025-ին մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն այժմ գնահատվում է 27,6 հազար լարի՝ 10 հազար դոլար, նախնական 28,2 հազար լարիի՝ 10,3 հազար դոլարի, փոխարեն։ Ըստ հրապարակված տվյալների՝ դոլարային արտահայտությամբ ցուցանիշը նվազել է 250 դոլարով կամ շուրջ 2,4 տոկոսով։
2025-ի հունվարի 1-ի դրությամբ Վրաստանի բնակչության թիվը վերանայվել է մինչև 3,9 միլիոն՝ նախկին 3,7 միլիոնի փոխարեն։
Մարդահամարի արդյունքներով՝ 2014-2024-ին Վրաստանի բնակչությունն աճել է 5,8 տոկոսով՝ գրեթե 220 հազար մարդով։ Էթնիկ վրացիների թիվն աճել է 2,5 տոկոսով։ Բնակչության թվով երկրորդ ամենամեծ էթնիկ խումբը ադրբեջանցիներն են, երրորդը՝ հայերը։ 2014-ից ի վեր էթնիկ ռուսների թիվն աճել է 60 տոկոսով։ Զգալիորեն ավելացել է նաև հնդիկների և ուկրաինացիների թիվը։
Բնակչության գրեթե 63 տոկոսն ապրում է քաղաքային բնակավայրերում, իսկ քաղաքաբնակների մեծ մասը՝ մայրաքաղաքում։ Կանայք կազմում են բնակչության 52 տոկոսը, տղամարդիկ՝ 48 տոկոսը։ Վրաստանում կանանց թիվը գերազանցում է տղամարդկանց թվին ավելի քան 165 հազարով։
Կենտրոնական բանկի նախկին նախագահ և տնտեսագետ Ռոման Գոցիրիձեն տվյալների վերանայումից հետո Geostat-ին մեղադրել է քաղաքական նպատակներով տնտեսական ցուցանիշները մանիպուլացնելու մեջ։
«Սա խարդախության ևս մեկ դրսևորում է, որի նպատակն այն է, որ «Վրացական երազանքը» հետագայում պարծենա, թե մենք գերազանցում ենք Եվրոպային, Ամերիկային և նույնիսկ Անտարկտիդային»,- OC Media-ին ասել է նա։
Համեմատության համար Գոցիրիձեն նշել է հարևան Ղրղզստանը, որտեղ տնտեսական աճը 2025-ին հասել է 11,1 տոկոսի։ Նրա պնդմամբ՝ այնտեղ ևս աճը պայմանավորված է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ պատերազմով և Ռուսաստանին պատժամիջոցները շրջանցելու հարցում ցուցաբերվող աջակցությամբ։
Գոցիրիձեն նաև նշել է, որ նախկինում ԵՄ փաստաթղթերում բարձրացվել է Geostat-ի անկախության հարցը։ Նա մտահոգություն է հայտնել նաև կառույցի ղեկավարին պաշտոնավարման ութ տարուց հետո երրորդ ժամկետով վերանշանակելու կապակցությամբ։ Դրա համար խորհրդարանը վերացրել էր պաշտոնավարման երկու ժամկետի սահմանափակումը։












