Գլխավոր Լրահոս

«Վրացական երազանքի» առաջնորդներից Մամուկա Մդինարաձեն հեռանում է քաղաքականությունից

Մամուկա Մդինարաձեն

Մամուկա Մդինարաձեն

Պաշտոնական լուսանկար

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության երկար տարիների առաջնորդներից Մամուկա Մդինարաձեն հրաժարական է տվել Տարածաշրջանային զարգացման նախարարի պաշտոնից և հայտարարել, որ հեռանում է քաղաքականությունից։

Օգոստոսի 27-ին Վրաստանի կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցում Մդինարաձեն ասել է, որ իր որոշումը նախօրեին քննարկել է վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ, իսկ առավոտյան՝ նաև Կոբախիձեի և «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի հետ։

Մդինարաձեն հերքել է, որ իր հրաժարականը կապված է բանտարկված նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությունների հետ։ Մինչ այժմ հրապարակված չորս նամակներից երկուսում Ղարիբաշվիլին հիշատակել է Մդինարաձեին՝ պնդելով, որ վերջինս իրեն փոխանցել է կոնկրետ կոռուպցիոն հանցանքներ խոստովանելու պահանջ՝ ապագայում քաղաքականություն վերադառնալը կանխելու համար։

Մդինարաձեն հայտարարել է, որ որոշումն իր նախաձեռնությունն է և արդեն մի քանի շաբաթ մտածում էր քաղաքականությունից հեռանալու մասին։

Տե՛ս նաև՝ Վրաստան․ Մդինարաձեն չի մեկնաբանում Ղարիբաշվիլիի պնդումը, որ վերջինիս ստիպել է խոստովանել չարած հանցանք

«Որոշել եմ թողնել պաշտոնս և, ըստ էության, նաև քաղաքականությունը»,- ասել է Մդինարաձեն՝ շնորհակալություն հայտնելով «Վրացական երազանքի» անդամներին և ղեկավարներին, այդ թվում՝ Իվանիշվիլիին։

Նա ասել է, որ կարող է վերադառնալ քաղաքականություն, եթե իշխող կուսակցությունն իր կարիքն ունենա և այլ ելք չլինի։

«Այս փուլում չեմ ասում, որ վերադառնալու եմ։ Միայն այն դեպքում կվերադառնամ, եթե թիմն իսկապես իմ կարիքն ունենա և այլ ելք չլինի»,- ասել է նա։

Մդինարաձեն հավելել է, որ քաղաքականության մեջ տասը տարի անցկացնելուց հետո ցանկանում է ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ։

«Կարծում եմ՝ արժանի եմ մի փոքր հանգստի և ընտանիքիս ու ինքս ինձ հոգ տանելու»,- ասել է նա։

Նա նաև նշել է, որ հնարավոր է փորձի աշխատել մասնավոր հատվածում, այդ թվում՝ բիզնեսում։

«Գուցե ավելի շատ մասնավոր հատվածում, հնարավոր է՝ ուժերս փորձեմ բիզնեսում»,- ասել է Մդինարաձեն։

Տե՛ս նաև՝ Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիին կուսակցությանը քննադատելուց հետո նոր մեղադրանք է առաջադրվել

Ղարիբաշվիլիի պնդումները

Ղարիբաշվիլին պնդել է, որ «Բիձինա Իվանիշվիլիի հանձնարարությամբ» և Մդինարաձեի միջնորդությամբ իրեն ճնշել են՝ ստիպելով խոստովանել կոռուպցիոն հանցանքներ, որպեսզի ապագայում չվերադառնա քաղաքականություն։

Մդինարաձեն հերքել է այդ պնդումները և հայտարարել, որ երբեք Ղարիբաշվիլիին նամակ չի ուղարկել։

«Ոչ միայն Ղարիբաշվիլիին, ես կյանքումս որևէ մեկին որևէ տեսակի նամակ չեմ ուղարկել՝ հեռախոսային հաղորդագրություններից բացի»,- ասել է նա։

Օգոստոսի 24-ին Ղարիբաշվիլիին նոր կոռուպցիոն մեղադրանքներ են առաջադրվել, որոնցով նրան սպառնում է 11-15 տարվա ազատազրկում։

Վերջին մեկ տարվա ընթացքում Մդինարաձեն երեք տարբեր պաշտոն է զբաղեցրել։

2016-ից մինչև 2025-ը նա եղել է «Վրացական երազանքի» խորհրդարանական առաջնորդը՝ դառնալով իշխող կուսակցության ամենաճանաչելի դեմքերից մեկը։

2025-ի սեպտեմբերին Մդինարաձեն նշանակվել է Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար՝ երկրի ներքին հետախուզական կառույցի ղեկավարի պաշտոնում մնալով ավելի քան վեց ամիս։

Ապրիլի 21-ին Կոբախիձեն հայտարարել էր, որ Մդինարաձեն կդառնա փոխվարչապետ և Իրավապահ մարմինների համակարգման պետական նախարար։

ՊԱԾ-ից հեռանալուց հետո պետական նախարարի պաշտոնում նրա նշանակումը իշխող շրջանակներում հարցեր էր առաջացրել՝ կապված հնարավոր ազդեցության նվազման հետ։

Հուլիսի 29-ին Կոբախիձեն հայտարարել էր, որ Մդինարաձեն կդառնա Տարածաշրջանային քաղաքականության պետական նախարար։ Նոր պաշտոնը նախատեսվում էր ստեղծել սեպտեմբերին, սակայն հետագայում Մդինարաձեն նշանակվել էր Տարածաշրջանային զարգացման նախարար։

Տե՛ս նաև՝ Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլին բանտից հայտնում է, որ «Վրացական երազանք»-ը հորը ձերբակալելու ակնարկ է արել

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում