Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Վրաստանի բանտարկված նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին նոր կոռուպցիոն մեղադրանք է առաջադրվել։ Սա տեղի է ունենում այն ֆոն, որ վերջինս մի շարք նամակներ հրապարակեց՝ իշխող կուսակցության նախկին գործընկերներին մեղադրելով շանտաժի մեջ։
Գլխավոր դատախազությունը Ղարիբաշվիլիին մեղադրել է Պաշտպանության նախարարության երեք գաղտնի գնումների հետ կապված 750 հազար լարի (290 հազար դոլար) կաշառք ստանալու մեջ։ Գործը կապված է պաշտպանության նախկին նախարար Ջուանշեր Բուրճուլաձեի հետ, որը նույնպես ազատազրկման է դատապարտված պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման համար, ինչպես նաև նախարարության մի շարք նախկին պաշտոնյաների հետ։
Գերատեսչության պնդմամբ՝ 2021-2024-ին, երբ Ղարիբաշվիլին վարչապետ էր, Պաշտպանության նախարարությունը գաղտնի գնումների ընթացակարգով պետք է ձեռք բերեր թանկարժեք բժշկական սարքավորումներ և գույք, իսկ այդ գնումներից ստացված գումարների մի մասը հետագայում փոխանցվում էր նրան։
Գլխավոր դատախազության հաղորդմամբ՝ Բուրճուլաձեն և նրա ազգական Վասիլ Մխեիձեն դիմել են անունը չհրապարակված գործարարի և առաջարկել գնումներն այնպես կազմակերպել, որ նրա հետ կապված ընկերությունները երաշխավորված գներով շահեն պայմանագրերը։ Դրա դիմաց գործարարը, ըստ մեղադրանքի, պետք է կանխիկ վճարեր պայմանագրերի ընդհանուր արժեքի 10 տոկոսը։
Գերատեսչության տվյալներով՝ գործարարը սկզբում հրաժարվել է ներգրավվել ենթադրյալ հանցավոր համաձայնության մեջ և ավելի բարձրաստիճան պաշտոնյաներից երաշխիքներ է պահանջել։
Գլխավոր դատախազությունը պնդում է, որ դրանից հետո Բուրճուլաձեն Ղարիբաշվիլիի հետ պայմանավորվել է գնումներն այնպես կազմակերպել, որ պայմանագրերը շահեն այդ գործարարի հետ կապված ընկերությունները։
Ըստ մեղադրանքի՝ Ղարիբաշվիլին նաև պաշտոնական հովանավորություն է ապահովել այդ սխեմայի համար և պահանջել իրեն փոխանցել համապատասխան ֆինանսական օգուտը։
Բուրճուլաձեի հանձնարարությամբ Պաշտպանության նախարարության մի շարք նախկին պաշտոնյաներ, ըստ քննության, Գիորգի Աբրամիշվիլիի անվան զինվորական հոսպիտալի համար բժշկական սարքավորումների և այլ գույքի գնումների ընթացքում ստեղծել են ոչ մրցակցային պայմաններ։
Երեք գաղտնի գնումների շրջանակում գործին առնչվող նախկին պաշտոնյաների հետ կապված ընկերությունները Պաշտպանության նախարարությանը 11 միլիոն լարի (4,4 միլիոն դոլար) արժողությամբ սարքավորումներ և այլ գույք են վաճառել 18 միլիոն լարիով (7 միլիոն դոլար)։ Այնուհետև գործարարը, ըստ մեղադրանքի, պայմանագրերի արժեքի 10 տոկոսը՝ 1,9 միլիոն լարի (730 հազար դոլար), մի քանի մասով կանխիկ փոխանցել է Մխեիձեին։
Մխեիձեն, ըստ քննության, պահել է 400 հազար լարի (150 հազար դոլար), իսկ մնացած 1,5 միլիոնը փոխանցել Բուրճուլաձեին։ Վերջինս պահել է 750 հազար լարի (290 հազար դոլար), իսկ մնացած 750 հազարը որպես կաշառք փոխանցել Ղարիբաշվիլիին։
Գլխավոր դատախազության հաղորդմամբ՝ ենթադրյալ գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է գրեթե 7 միլիոն լարիի (2,7 միլիոն դոլար) գույքային վնաս և էականորեն վնասվել է հանրային շահը։
Մեղավոր ճանաչվելու դեպքում Ղարիբաշվիլիին, որն արդեն հինգ տարվա ազատազրկում է կրում կոռուպցիոն գործով, կարող է սպառնալ ևս 11-15 տարվա ազատազրկում։
Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ օգոստոսի 12-ին Մխեիձեն ինքնակամ ներկայացել է գերատեսչություն և հայտնել քննության հետ համագործակցելու պատրաստակամության մասին՝ քննիչներին տրամադրելով իր ունեցած ամբողջ տեղեկությունը։ Գերատեսչության խոսքով՝ Բուրճուլաձեն նույնպես հարցաքննվել է և համագործակցել քննության հետ։
Դատախազությունը նաև հայտնում է, որ գործին առնչվող մյուս պաշտոնյաներն արդեն դատապարտվել են, այդ թվում՝ Բուրճուլաձեն։
Գերատեսչությունը նշում է, որ դատարան է դիմել միայն նախնական դատական նիստ նշանակելու միջնորդությամբ, քանի որ Ղարիբաշվիլին արդեն պատիժ է կրում մեկ այլ քրեական գործով մեղադրական դատավճռի հիման վրա։
Նոր մեղադրանքը ներկայացվեց այն ժամանակ, երբ Ղարիբաշվիլին մի շարք նամակներ հրապարակեց՝ պնդելով, որ Տարածաշրջանային զարգացման նախարար Մամուկա Մդինարաձեն փորձել է իրեն ստիպել խոստովանել հանցանք, որը չի կատարել՝ դրա դիմաց առաջարկելով դատավարական համաձայնագիր։
Մդինարաձեն և իշխող «Վրացական երազանք» կուսակցության մյուս անդամները մերժել են Ղարիբաշվիլիի պնդումները։
«Վրացական երազանքի» պատգամավոր Արչիլ Գորդուլաձեն հայտարարել է, որ «հենց այս հանցանքը թաքցնելու համար էլ նա փորձել է նամակների միջոցով փրկել իրեն»։
Կուսակցության մեկ այլ պատգամավոր՝ Լևան Մաճավարիանին, ասել է, որ տրամաբանական է Ղարիբաշվիլիի նամակները կապել նրա դեմ առաջադրվող կոռուպցիոն մեղադրանքների հետ։
«Նա փորձել է արհեստականորեն քաղաքականացնել հարցը»,- ասել է Մաճավարիանին։
Իր նամակներում Ղարիբաշվիլին նախկին գործընկերներին մեղադրել էր «իրեն և ընտանիքը ոչնչացնելու կեղտոտ ծրագիր» կազմակերպելու մեջ։ Նա հայտարարել էր, որ իր ընտանիքի անվտանգության պատասխանատվությունը կրում են «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին և կառավարությունը։
Նախկին վարչապետը նաև պնդել էր, որ իր նախկին թիմակիցները մտահոգված են քաղաքականություն իր հնարավոր վերադարձով և քայլեր են ձեռնարկում դա կանխելու համար։
2026-ի հունվարին Ղարիբաշվիլին առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման մեղադրանքով դատապարտվել էր հինգ տարվա ազատազրկման և տուգանվել 1 միլիոն լարիով (380 հազար դոլար)։ Այդ հանցանքի համար նախատեսված է 9-12 տարվա ազատազրկում։ Սակայն Ղարիբաշվիլին դատավարական համաձայնագիր էր կնքել և ընդունել մեղքը, ինչի արդյունքում նրա պատժաչափը կրճատվել էր մինչև հինգ տարի։












