Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին Սուրբ Գևորգի տոնի առիթով ավանդական ներման շրջանակում ներում է շնորհել հակաիշխանական ցույցերի առնվազն յոթ մասնակցի։ Ընդհանուր առմամբ ներում է շնորհվել 232 կալանավորված անձի։
Նոյեմբերի 23-ի առավոտյան ազատ արձակված ցուցարարներին բանտերի մոտ դիմավորել են ընտանիքի անդամներն ու հարազատները։ Տեղական լրատվամիջոցները մեջբերում են ազատ արձակվածներից Նիկոլոզ Ջավախիշվիլիին, որն ասել է, որ «պայքարը շարունակվում է մինչև վերջ» և «հիմա բոլորն այնտեղ պետք են»։
Ազատ արձակված յոթ անձանցից հինգը՝ Գիորգի Մինդաձեն, Անրի Կվարացխելիան, Նիկոլոզ Ջավախիշվիլին, Դավիթ Լոմիձեն և Թեմուր Զասոխաշվիլին, ձերբակալվել էին 2024-ի նոյեմբերի 28-ին Թբիլիսիում սկսված հակաիշխանական խոշոր ցույցերի ժամանակ։ Ցույցերի պատճառն էր իշխող «Վրացական երազանքի» այն հայտարարությունը, որ մինչև 2028-ը «հետաձգում է» ԵՄ-ին անդամակցելու գործընթացը։ Մյուս երկուսը՝ Գիորգի Օքմելաշվիլին և Իրակլի Մեղվինեթուխուցեսին, ձերբակալվել էին 2024-ի գարնանը՝ «օտարերկրյա գործակալների» մասին վիճահարույց օրենքի դեմ ցույցերի ժամանակ։

Նրանցից վեցին մեղադրանք էր առաջադրվել ոստիկանների վրա հարձակվելու համար։ Մեղվինեթուխուցեսին և Օքմելաշվիլին համապատասխանաբար 2024-ի դեկտեմբերին և 2025-ի փետրվարին դատապարտվել էին հինգական տարվա ազատազրկման։ Մինդաձեն նույն պատիժն էր ստացել 2025-ի հուլիսին։ Կվարացխելիան, Լոմիձեն և Զասոխաշվիլին ավելի ուշ՝ 2025-ի հուլիսին և օգոստոսին, դատապարտվել էին չորս տարի վեց ամիս ազատազրկման։
Ոստիկանի վրա հարձակվելու մեղադրանքից բացի, Մեղվինեթուխուցեսիին մեղադրել էին նաև մարիխուանա պահելու մեջ, սակայն հետագայում այդ մեղադրանքի մասով նրա վրա համաներում էր տարածվել։
Ջավախիշվիլիին սկզբում մեղադրել էին խմբային բռնությանը մասնակցելու մեջ, սակայն դատավարության ընթացքում մեղադրանքը վերաորակավորվել էր՝ հասարակական կարգը խախտող խմբային գործողությունների մասնակցություն։ 2025-ի սեպտեմբերին նրան դատապարտել էին երկու տարվա ազատազրկման։ Քանի որ պատժի ժամկետը հաշվարկվում է ձերբակալության օրվանից, նախագահի ներման պահին նրա պատժի ավարտին արդեն քիչ ժամանակ էր մնացել։
Տե՛ս նաև՝ Հոկտեմբերի 4-ի «խաղաղ հեղափոխության» գործով դատապարտված վեց վրացի ազատ է արձակվել
Սա երկրորդ դեպքն է, երբ 2024-ի վերջին նախագահ դարձած Կավելաշվիլին ներում է շնորհում հակաիշխանական ցույցերի ժամանակ ձերբակալվածներին։ Առաջին անգամ նա ներում էր շնորհել տարբեր ցույցերի ժամանակ ձերբակալված ինը մարդու։

Ուղղափառ կրոնական տոների առիթով նախագահական ներում շնորհելը վաղեմի ավանդույթ է։ Նախորդ ինը բանտարկյալներին ներում էր շնորհվել օգոստոսին՝ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի առիթով։
Սակայն բանտարկյալների ընտանիքների հույսերը միշտ չէ, որ արդարանում են։ Հունվարին՝ Աստվածահայտնության տոնին, կալանավորված ցուցարարների ծնողները հավաքվել էին քրեակատարողական հիմնարկների մոտ, սակայն ստիպված էին տուն վերադառնալ, երբ իմացան, որ ցուցարարներից ոչ ոք ներում չի ստանալու։
Չնայած այս ներմանը՝ հակաիշխանական ցույցերի ժամանակ ձերբակալված շատ մարդիկ շարունակում են մնալ բանտում։ Նրանցից ոմանք առաջիկա շաբաթներին կավարտեն պատժի կրումը, իսկ մյուսները դեռ երկարատև պատիժներ են կրում։
Տե՛ս նաև՝ Վենետիկի հանձնաժողովը զգուշացնում է՝ Վրաստանի օրենքները սպառնում են ժողովրդավարական բազմակարծությանը












