Գլխավոր Լրահոս

Վենետիկի հանձնաժողովը զգուշացնում է՝ Վրաստանի օրենքները սպառնում են ժողովրդավարական բազմակարծությանը

2023-ի մարտին «օտարերկրյա գործակալների» մասին օրենքն ընդունելու առաջին փորձի դեմ բողոքող ցուցարարը

2023-ի մարտին «օտարերկրյա գործակալների» մասին օրենքն ընդունելու առաջին փորձի դեմ բողոքող ցուցարարը

Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Վենետիկի հանձնաժողովը զգուշացրել է, որ 2026-ի մարտին Վրաստանում ընդունված լայնածավալ օրենսդրական փոփոխությունները վտանգում են երկրի ինքնիշխանությունը, սահմանադրական համակարգն ու քաղաքական կուսակցությունները՝ հիմնարար իրավունքների և քաղաքական ազատությունների նկատմամբ անհամաչափ և չհիմնավորված սահմանափակումներ առաջացնելով։ Փոփոխությունները լայն ազդեցություն են ունեցել քաղաքացիական հասարակության վրա՝ մասնավորապես սահմանափակելով հասարակական կազմակերպությունների և այլ կառույցների՝ արտասահմանից դրամաշնորհներ ստանալու հնարավորությունը, ինչպես նաև փոփոխություններ մտցնելով քրեական և վարչական օրենսգրքերում։

Եվրոպայի խորհրդի սահմանադրական հարցերով խորհրդատվական մարմինը հոկտեմբերի 9-10-ի լիագումար նիստում ընդունած և հոկտեմբերի 13-ով թվագրված եզրակացությունում նշել է, որ օրենսդրությունը սպառնում է ժողովրդավարական բազմակարծությանը և կարող է խոչընդոտել քաղաքական ընդդիմության ձևավորմանն ու գոյատևմանը։

«Այս եզրակացությունների լույսի ներքո Վենետիկի հանձնաժողովը համոզված է, որ քննվող օրենսդրությունը չի ծառայում Վրաստանի ինքնիշխանությունն ու քաղաքական կուսակցությունները արտաքին ազդեցությունից և միջամտությունից պաշտպանելու ու ամրապնդելու նպատակին։ Փոխարենը այն անհամաչափ և անհարկի սահմանափակումներ է դնում Վրաստանի քաղաքացիների հիմնարար իրավունքների և քաղաքական ազատությունների, հատկապես՝ միավորումների և խոսքի ազատության վրա՝ խոչընդոտելով քաղաքական ընդդիմության ձևավորմանն ու գոյատևմանը։

Սա հատկապես ակնհայտ է, երբ հաշվի է առնվում 2026-ի մարտի 4-ի օրենսդրական շրջանակի ամբողջական, կուտակային և համակարգային ազդեցությունը, ներառյալ 2025-ի հոկտեմբերի 16-ին «Քաղաքացիների քաղաքական միավորումների մասին» օրենքում և հարակից օրենքներում կատարված փոփոխությունները, որոնք նույնպես գնահատվել են Վենետիկի հանձնաժողովի կողմից»,- ասվում է եզրակացությունում։

Հանձնաժողովը խստորեն խորհուրդ է տվել վերանայել դրամաշնորհների մասին օրենքով նախատեսված պարտավորությունների խախտումների և օրենսդրությամբ ընդգրկված որոշ այլ գործողությունների համար քրեական պատիժներ կիրառելու մոտեցումը։ Ըստ հանձնաժողովի՝ նման դեպքերը պետք է կարգավորվեն վարչական միջոցներով՝ ամուր ընթացակարգային երաշխիքների ուղեկցությամբ։

«Վրացական երազանքը» Արևմուտքի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին ավելի հաճախ է քննադատում Վենետիկի հանձնաժողովին։ 2026-ի հունվարին խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանձնաժողովն անվանել էր «քաղաքական գործիք, որն օգտագործվում է երկրների դեմ՝ քաղաքական օրակարգով պայմանավորված տարբեր գործիքներ կամ ինստիտուտներ պարտադրելու համար»։

Դրամաշնորհների լայն սահմանում

23 էջանոց եզրակացությունը վերաբերում է 2026-ի մարտի 4-ին Վրաստանի խորհրդարանի ընդունած փոփոխություններին՝ դրամաշնորհների մասին օրենքում, «Քաղաքացիների քաղաքական միավորումների մասին» օրենքում, քրեական օրենսգրքում և հարակից օրենսդրությունում։

Հանձնաժողովը փոփոխությունները գնահատել է օտարերկրյա ֆինանսավորումը, քաղաքացիական հասարակությունն ու քաղաքական գործունեությունը կարգավորող ավելի լայն օրենսդրական շրջանակի համատեքստում՝ նշելով, որ մարտի փոփոխությունները շարունակությունն են 2023-ից ընդունվող նախկին միջոցների։

Հիմնական մտահոգություններից մեկը դրամաշնորհի ընդլայնված սահմանումն է։ Փոփոխություններով դրա մեջ ներառվել է ֆինանսական և ոչ դրամական աջակցության ավելի լայն շրջանակ՝ ներառյալ տեխնիկական աջակցությունը, գիտելիքի և փորձի փոխանակումը, ծառայությունները և աջակցության կամ համագործակցության այլ ձևերը։

Նոր սահմանված դրամաշնորհների որոշ տեսակների համար պահանջվում է կառավարության նախնական թույլտվություն։

Հանձնաժողովը զգուշացրել է, որ օրենսդրության լայն և անորոշ ձևակերպումների պատճառով մարդկանց և կազմակերպությունների համար դժվար է հասկանալ՝ արդյոք իրենց գործունեությունը մտնում է դրա կիրառման շրջանակում։ Որպես անորոշ դեպքերի օրինակներ հանձնաժողովը նշել է սովորական մասնագիտական համագործակցությունը, ակադեմիական փոխանակումները, վերապատրաստման ծրագրերը, հետազոտական նախագծերը և քաղաքական թեմաներով երկխոսությունը։

Հանձնաժողովը մտահոգություն է հայտնել նաև իշխանությունների լայն հայեցողության վերաբերյալ՝ նշելով, որ հիմնական իրավական հասկացությունները պետք է հստակեցվեն և նեղ սահմանվեն՝ իրավական որոշակիությունն ու կանխատեսելիությունն ապահովելու համար։

Քրեական պատիժներ և քաղաքական սահմանափակումներ

Եզրակացությունում մտահոգություն է արտահայտվում նաև դրամաշնորհների հետ կապված պահանջների խախտման համար սահմանված քրեական պատասխանատվության վերաբերյալ։ Որոշ խախտումներ, այդ թվում՝ առանց կառավարության պարտադիր նախնական թույլտվության օտարերկրյա դրամաշնորհ ստանալը կամ օգտագործելը, կարող են հանգեցնել մինչև վեց տարվա ազատազրկման։

Հանձնաժողովը նշել է, որ քրեական իրավունքը պետք է կիրառվի միայն որպես վերջին միջոց, երբ ավելի մեղմ մեխանիզմներն անբավարար են։ Այն խորհուրդ է տվել դրամաշնորհների հետ կապված պարտավորությունների խախտումները կարգավորել վարչական միջոցներով և համապատասխան ընթացակարգային երաշխիքներով։

Եզրակացությունը նաև անդրադառնում է մի դրույթի, որով ութ տարով արգելվում է քաղաքական կուսակցության անդամ դառնալ այն անձանց, որոնք եկամուտ են ստացել օտարերկրյա ուժի շահերն առաջ մղող կազմակերպությունից։

Հանձնաժողովն ընդգծել է, որ սահմանափակումը վերաբերում է կուսակցության անդամակցությանը, ոչ թե ընտրություններում առաջադրվելու իրավունքին։ Այն քննադատել է միջոցը, քանի որ այն կիրառվում է անկախ նրանից՝ անձը կատարել է ապօրինի գործողություն, գործել է օտարերկրյա ուժի ցուցումով, թե ոչ իրավաչափ ազդեցություն է գործադրել։

Հանձնաժողովը զգուշացրել է, որ այս սահմանափակումները կարող են մարդկանց հետ պահել քաղաքական կյանքին մասնակցելուց և զսպող ազդեցություն ունենալ նաև այն անձանց վրա, որոնց օրենսդրությունը ուղղակիորեն չի վերաբերում։

Հանձնաժողովը մտահոգություն է հայտնել նաև Պետական աուդիտի ծառայության ընդլայնված լիազորությունների վերաբերյալ՝ քաղաքական կուսակցությունների և այլ դերակատարների ֆինանսական գործունեությունը վերահսկելու հարցում, ինչպես նաև այն դրույթների, որոնք թույլ են տալիս մագիստրատ դատավորի առջև հարցաքննել այն անձանց, որոնք կարող են ունենալ ծառայության վերահսկողական գործունեության համար կարևոր տեղեկություններ։

Ըստ հանձնաժողովի՝ համապատասխան դրույթները չափազանց լայն են ձևակերպված և պահանջում են ավելի հստակ սահմանափակումներ ու ավելի ուժեղ երաշխիքներ՝ կամայական միջամտությունից պաշտպանելու համար։

Հանձնաժողովը քննադատել է նաև օրենքների ընդունման գործընթացը

Հանձնաժողովը քննադատել է նաև այն գործընթացը, որով փոփոխություններն ընդունվել են։

Օրենսդրական փաթեթը գրանցվել է 2026-ի հունվարի 21-ին, առաջին ընթերցմամբ ընդունվել՝ փետրվարի 3-ին, երկրորդ ընթերցմամբ՝ փետրվարի 18-ին, իսկ երրորդ ընթերցմամբ՝ մարտի 4-ին։

Հանձնաժողովը նշել է, որ օրինագծերին կից բացատրական գրառումներում ասվում է՝ դրանց մշակմանը չեն մասնակցել պետական կամ ոչ պետական կազմակերպություններ, փորձագետներ կամ աշխատանքային խմբեր։ Դրանցում նաև նշվում է, որ որևէ կազմակերպություն, ինստիտուտ, աշխատանքային խումբ կամ փորձագետ գնահատում չի իրականացրել, ինչպես նաև այլ երկրների նման օրենսդրության կամ փորձի համեմատական ուսումնասիրություն չի կատարվել։

Հանձնաժողովն ընդգծել է, որ հիմնարար իրավունքներին, քաղաքական մասնակցությանը և քաղաքացիական հասարակությանը վերաբերող օրենսդրությունը պահանջում է ներառական և թափանցիկ գործընթաց, որը համապատասխան դերակատարներին հնարավորություն կտա ներկայացնելու իրենց տեսակետները։

Եզրակացությունում նաև նշվում է, որ Վրաստանի կառավարության և «Վրացական երազանքի» ներկայացուցիչները սեպտեմբերին հրաժարվել են հանդիպել հանձնաժողովի պատվիրակության հետ խորհրդակցությունների ժամանակ։ Պատվիրակության հետ հանդիպելուց հրաժարվել են նաև Դրամաշնորհների կառավարման պետական գործակալությունն ու Պետական աուդիտի ծառայությունը։

Եզրափակիչ հատվածում հանձնաժողովը նշել է, որ օրենսդրությունը հակասում է բազմակարծության և ժողովրդավարության միջազգային չափանիշներին։

«Վրաստանի ինքնիշխանությունը, սահմանադրական համակարգն ու քաղաքական կուսակցությունները արտաքին ազդեցությունից և միջամտությունից պաշտպանելու փոխարեն այն կարող է լրջորեն խաթարել դրանք»,- ասվում է եզրակացությունում։

Հանձնաժողովը նաև ափսոսանք է հայտնել, որ Վրաստանի իշխանությունները չեն ցանկացել համագործակցել եզրակացության պատրաստման ընթացքում, սակայն նշել է, որ շարունակում է բաց մնալ երկխոսության համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում