Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Գելա Գելաձեն պաշտոնավարումից ընդամենը վեց շաբաթ անց ազատվել է Վրաստանի ներքին գործերի փոխնախարարի պաշտոնից։ Համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Հայտնի չէ, թե արդյոք Գելաձեն հեռացել է սեփական նախաձեռնությամբ։ Նա այս պաշտոնը ստանձնել էր սեպտեմբերին՝ Պետական անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնում հինգ ամիս աշխատելուց հետո։ Վերջին շրջանում այդ պաշտոնում հինգ ամիս մնալն արդեն համեմատաբար երկար ժամկետ է համարվում։
Գելաձեն աշխատանքի է անցնում պետական «Վրաստանի նավթի և գազի կորպորացիայում»՝ որպես վերահսկիչ խորհրդի անդամ։ Սա այս տարվա ընթացքում նրա երրորդ պետական պաշտոնն է։ Այդ ընթացքում «Վրացական երազանք» կուսակցության իշխանության օրոք բազմաթիվ կադրային փոփոխություններ են տեղի ունեցել, իսկ երկրի մի շարք առանցքային պաշտոններում մարդիկ հաճախ փոխվել են։
Սկզբում Ներքին գործերի նախարարությունը Netgazeti-ին հայտնել էր, որ Գելաձեն ազատվել է պաշտոնից՝ նախարարության համակարգից դուրս նոր աշխատանքի անցնելու համար, սակայն չէր հստակեցրել, թե ինչ պաշտոնի մասին է խոսքը։ Ավելի ուշ Էկոնոմիկայի նախարարությունը հայտնել է, որ Գելաձեն նշանակվել է Նավթի և գազի կորպորացիայի վերահսկիչ խորհրդի երեք անդամներից մեկը։
Մինչև Անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնը ստանձնելը Գելաձեն 2025-2026-ին զբաղեցրել է Ներքին գործերի նախարարի, իսկ 2023-2024-ին՝ Կրթության փոխնախարարի պաշտոնները։ Նա պետական համակարգում տարբեր պաշտոններ է զբաղեցրել 1999-ից։ 2004-2005-ին աշխատել է որպես Ներքին գործերի նախարարության հատուկ օպերատիվ վարչության ավագ քննիչ, իսկ 2010-2012-ին եղել է կրթական հաստատությունների պարտադիր ծառայության ղեկավարի տեղակալ։
Նոյեմբերի 3-ին հրապարակած հայտարարության մեջ նախարարությունն անդրադարձել է Գելաձեի աշխատանքային փորձին՝ նշելով, որ նա «պետական համակարգում աշխատելու բազմամյա փորձ ունի»։
Սեպտեմբերին Գելաձեն դարձավ Վրաստանի անվտանգության ծառայության երրորդ ղեկավարը, որը հրաժարական տվեց 13 ամսվա ընթացքում։ Պետական անվտանգության ծառայությունում կադրային փոփոխությունները տեղի են ունենում մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալությունների և նրանց նկատմամբ քրեական հետապնդումների ֆոնին։ Նրանց թվում են նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Ծառայության նախկին ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին։ Երկուսն էլ կոռուպցիոն մեղադրանքներով բանտում են։
Տե՛ս նաև՝ Ղարիբաշվիլին բանտից հերթական նամակում թվարկում է իր՝ վարչապետության տարիների ձեռքբերումները
Գելաձեից առաջ Ծառայությունը ղեկավարում էր Մամուկա Մդինարաձեն։ 2026-ի ապրիլին պաշտոնից հեռանալուց հետո նա նշանակվեց նորաստեղծ պետական նախարարի պաշտոնում, որն, ըստ ամենայնի, ավելի քիչ ազդեցիկ էր։ Քննադատներից շատերն այդ նշանակումը համարեցին պաշտոնի իջեցում։ Օգոստոսի վերջին իշխող կուսակցության այս ազդեցիկ գործիչը հայտարարեց, որ ամբողջությամբ հեռանում է քաղաքականությունից։
Մդինարաձեի նախորդը՝ Անրի Օխանաշվիլին, նույնպես հրաժարական էր տվել 2025-ի օգոստոսին՝ պաշտոնավարելով հինգ ամսից փոքր-ինչ պակաս։
Տե՛ս նաև՝ «Վրացական երազանքի» առաջնորդներից Մամուկա Մդինարաձեն հեռանում է քաղաքականությունից












