Գլխավոր Լրահոս

Թբիլիսին «պատրաստ է» վերականգնել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները․ Կոբախիձե

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Քորթնի Օստրիանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Քորթնի Օստրիանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն

Պաշտոնական լուսանկար

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հոկտեմբերի 29-ին ԱՄՆ գործերի նորանշանակ ժամանակավոր հավատարմատար Քորթնի Օստրիանի հետ հանդիպումից հետո կրկին հայտարարել է, որ Թբիլիսին պատրաստ է «վերականգնել» ԱՄՆ-ի հետ հարաբերությունները։ Հանդիպումը տեղի է ունենում Վրաստան-ԱՄՆ հարաբերությունների փաստացի սառեցման ֆոնին, որը սկսվել էր նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք և շարունակվում է նաև նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ընթացքում։

ԱՄՆ-ը Վրաստանում դեսպան չունի 2025-ի հուլիսից, երբ նախկին դեսպան Ռոբին Դանիգանն ավարտեց աշխատանքը և հեռացավ երկրից։ Իր պաշտոնավարման ավարտին Դանիգանը հայտարարել էր, որ «Վրացական երազանքը» Թրամփին անձնական նամակ էր ուղարկել, որը նա բնորոշել էր որպես «սպառնալից, վիրավորական և անլուրջ»։

Նա նամակի բովանդակության մանրամասները չէր հրապարակել։

Կոբախիձեի և Օստրիանի հանդիպման ժամանակ, որը ԱՄՆ դեսպանատունը բնութագրել է որպես «ծանոթացման հանդիպում», կողմերը քննարկել են Վրաստան-ԱՄՆ հարաբերությունները։

«Վարչապետը ևս մեկ անգամ հաստատել է, որ Վրաստանը պատրաստ է մաքուր էջից վերականգնել ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը։ Իրակլի Կոբախիձեն ընդգծել է այս գործընթացում դեսպանի պաշտոնակատարի կարևոր դերը»,- Օստրիանի հետ հանդիպման մասին հայտնել է Վրաստանի կառավարությունը։ Նա այդ պաշտոնում նշանակվել էր 2026-ի սեպտեմբերին։

Օգոստոսին Կոբախիձեն Վրաստան-ԱՄՆ հարաբերությունները քննարկել էր նաև ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի պաշտոնակատար Էմի Դիասի հետ։

Վրաստան-ԱՄՆ հարաբերությունների վատթարացումը

Վաշինգտոնը 2024-ի նոյեմբերին կասեցրեց ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերության մեխանիզմը, երբ «Վրացական երազանքը» հայտարարեց, որ մինչև 2028-ը դադարեցնում է ԵՄ-ին անդամակցության գործընթացը։

ԱՄՆ Պետդեպարտամենտն այդ ժամանակ հայտարարել էր, որ «Վրացական երազանքի» գործողությունները խախտել են ռազմավարական գործընկերության հիմնական սկզբունքները, և դատապարտել էր ցուցարարների նկատմամբ, իր բնորոշմամբ, անհամաչափ ուժի կիրառումը։

ԱՄՆ-ն արդեն նախորդ տարվա ընթացքում մի շարք քայլեր էր ձեռնարկել Վրաստանի կառավարության նկատմամբ, այդ թվում՝ կասեցրել ավելի քան 95 միլիոն դոլարի աջակցությունը կառավարությանը և վիզային սահմանափակումներ սահմանել այն անձանց նկատմամբ, որոնց մեղադրում էր ժողովրդավարությունը խաթարելու մեջ։

2024-ի դեկտեմբերին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Ռուսաստանի հետ կապված գործողությունների դեմ ուղղված նախագահական հրամանագրի հիմքով պատժամիջոցներ սահմանեց «Վրացական երազանքի» հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։

«Վրացական երազանքի» ղեկավարները բազմիցս հայտարարել էին, որ Թրամփի վերադարձը Սպիտակ տուն կփոխի Վրաստանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը։ Սակայն նրա ընտրությունից հետո Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցները չեն վերացվել։

Օգոստոսի սկզբին ԱՄՆ-ը որոշեց Վրաստանի քաղաքացիների համար մշտական դարձնել վիզային գրավի ծրագիրը։ Տարվա սկզբին ներդրված կանոններով՝ զբոսաշրջային կամ գործարար վիզա ստանալու համար Վրաստանի քաղաքացիները պետք է մինչև 20 հազար դոլարի գրավ վճարեն։ Վրաստանը միակ եվրոպական երկիրն է, որի նկատմամբ կիրառվում է այս համակարգը, և տարածաշրջանի միակ պետությունը, որը ներառված է ԱՄՆ-ի՝ վիզայի ժամկետը գերազանցելու բարձր ռիսկ ունեցող երկրների ցանկում։

Տե՛ս նաև՝ Մոլդովան և Ուկրաինան Վրաստանից առաջ են միայն «բացասական ցուցանիշներով»․ Կոբախիձեն՝ ԵՄ-ին

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում