Գլխավոր Լրահոս

Մոլդովան և Ուկրաինան Վրաստանից առաջ են միայն «բացասական ցուցանիշներով»․ Կոբախիձեն՝ ԵՄ-ին

Իրակլի Կոբախիձեն

Իրակլի Կոբախիձեն

Լուսանկարը՝ Վրաստանի կառավարությունից

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը հայտարարել է, որ կցանկանար՝ «Վրաստանն այսօր ԵՄ ինտեգրման ճանապարհին նույն մակարդակում լիներ, ինչ Մոլդովան և Ուկրաինան», իսկ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հակադարձել է՝ ասելով, որ այդ երկու երկրները Վրաստանից առաջ են միայն «բացասական ցուցանիշներով»։

«Եթե Մոլդովան և Ուկրաինան ինչ-որ հարցում Վրաստանից առաջ են, ապա միայն բացասական ցուցանիշներով»,- հոկտեմբերի 7-ին ասել է Կոբախիձեն։ «Աստված չանի, որ այդ հարցերում մենք անցնենք Ուկրաինային և Մոլդովային»։

Նա հավելել է, որ Վրաստանն ունի իր ճանապարհը՝ «խաղաղության ճանապարհը, տնտեսական զարգացման ճանապարհը, և մենք անպայման կշարունակենք այդ ճանապարհով»։

Կոբախիձեն նաև Վրաստանի ԵՄ ինտեգրումը կապել է այն բանի հետ, թե արդյոք Եվրահանձնաժողովը «առողջ վերաբերմունք» ունի Վրաստանի նկատմամբ՝ պնդելով, որ երկիրը կատարել է ԵՄ-ի՝ ինտեգրման համար սահմանած «պարտավորությունների 90 տոկոսը»։

«Դուք գիտեք, թե ինչ իրավիճակ է Վրաստանում, ինչպես ենք մենք հազար քայլ առաջ թե՛ Ուկրաինայից, թե՛ Մոլդովայից և մյուս թեկնածու երկրներից։ Մնացածն արդեն առողջ վերաբերմունքի հարց է»,- պնդել է նա՝ չնայած Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ Վրաստանը դեռ չի կատարել բարեփոխումների վերաբերյալ իր առաջարկությունները։

Կոբախիձեի հայտարարությունը հետևել է Կոսի մեկնաբանություններին։ Վերջինս վրացական Tabula լրատվամիջոցին ասել էր, որ Վրաստանը «թեկնածու երկիր է միայն թղթի վրա»՝ կրկնելով նախկինում արած նման հայտարարությունները։

«Ցավով եմ ասում սա, և հաշվի առնելով վրաց ժողովրդի հսկայական աջակցությունը՝ կցանկանայի, որ Վրաստանն այսօր նույն մակարդակում լիներ, ինչ Մոլդովան և Ուկրաինան»,- ըստ Georgia Today-ի՝ ասել է նա։

«Թե ինչպես ենք շարունակելու առաջ շարժվել այս երկրի հետ, մեծապես կախված կլինի անդամ պետությունների դիրքորոշումից։ Սակայն այն, ինչ այժմ տեղի է ունենում երկրում, մեծ մասամբ կարտացոլվի հոկտեմբերի վերջին հրապարակվելիք ընդլայնման զեկույցներում։ Կարող եք պատկերացնել, թե դա ինչ ուղղությամբ կգնա»։

Հոկտեմբերի 6-ին Եվրահանձնաժողովը հրապարակել էր ԵՄ-ի հետագա ընդլայնմանը նախապատրաստվելու վերաբերյալ 25-էջանոց հաղորդագրություն։ Զեկույցում Վրաստանը, որը թեկնածու երկրի կարգավիճակ ունի 2023-ի դեկտեմբերից, ընդհանրապես չի հիշատակվել։

Թբիլիսիի և Բրյուսելի հարաբերությունները մի քանի տարի է՝ արագ վատթարանում են։ ԵՄ-ն շարունակում է քննադատել իշխող «Վրացական երազանք» կուսակցության սահմանափակող քաղաքականությունը, մինչդեռ կուսակցությունը ԵՄ-ին մեղադրում է Վրաստանի ինքնիշխանության սահմանները խախտելու մեջ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում