Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Վրաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարարներԳիորգի Զուրաբաշվիլին և Միխայիլ Գալուզինը նոյեմբերի 19-ին հանդիպել են Բելառուսի մայրաքաղաք Մինսկում։ Հանդիպման ձևաչափն ու վայրը քննադատել են Վրաստանի իշխանությունների ընդդիմախոսները, իսկ արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին կոչ է արել հաղթահարել Մոսկվայի հետ խոսելու «վախը»։
Թբիլիսին հանդիպման մասին պաշտոնապես հայտարարել էր մեկ օր առաջ։ Այն տեղի է ունեցել հոկտեմբերի 21-ին Զուրաբաշվիլիին Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով վարչապետի հատուկ ներկայացուցիչ նշանակելուց հետո։ Նա միաժամանակ շարունակում է զբաղեցնել առաջին փոխարտգործնախարարի պաշտոնը։ Գալուզինի՝ ռուսական կողմի համապատասխան պաշտոնում նշանակվելու մասին հայտնի էր դարձել նոյեմբերի կեսերին։ Այդ պաշտոնը շուրջ մեկ տարի թափուր էր։
Նախկինում հատուկ ներկայացուցիչների ոչ պաշտոնական հանդիպումներն անցկացվում էին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում։
Հանդիպումից հետո երկու կողմերն էլ հայտարարություններ են տարածել՝ նշելով, որ Զուրաբաշվիլին և Գալուզինը կարծիքներ են փոխանակել առևտրատնտեսական հարաբերությունների, ինչպես նաև մշակութային ու հումանիտար կապերի շուրջ։ Երկու կողմերն էլ հայտնել են, որ «մի շարք պայմանավորվածություններ» են ձեռք բերվել, իսկ Մոսկվան դրանք բնութագրել է «գործնական»։ Սակայն կողմերից ոչ մեկը չի մանրամասնել, թե ինչի մասին է խոսքը։
Երկուսն էլ նշել են, որ քննարկվել է նաև տարածաշրջանային անվտանգությունը։
Վրաստանի կառավարությունն իր հերթին ընդգծել է, որ «առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Ժնևի միջազգային քննարկումների կարևորությանը՝ որպես Ռուսաստանի և Վրաստանի միջև չլուծված հարցերի, ինչպես նաև անվտանգությանն ու հումանիտար խնդիրներին վերաբերող թեմաների քննարկման հիմնական ձևաչափ»։
Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունում, սակայն, Ժնևի քննարկումները չեն հիշատակվել։ Դրանք սկսվել են 2008-ի օգոստոսյան պատերազմից հետո և միավորում են Ռուսաստանի, Վրաստանի և ԱՄՆ-ի, ինչպես նաև Աբխազիայի ու Հարավային Օսիայի ներկայացուցիչներին։ Քննարկումները համանախագահում են ԵՄ-ն, ՄԱԿ-ը և ԵԱՀԿ-ն։
Ռուսաստանը, Աբխազիան և Հարավային Օսիան պարբերաբար կոչ են անում հանդիպումները տեղափոխել այլ վայր՝ պնդելով, որ Շվեյցարիան այլևս չեզոք երկիր չէ։
«Կողմերը պայմանավորվել են շարունակել հանդիպումներն այս ձևաչափով»,- իր հայտարարության վերջում նշել է Վրաստանի կառավարությունը՝ հավելելով, որ Թբիլիսին և Մոսկվան շնորհակալություն են հայտնել Բելառուսին «առաջին հանդիպումը կազմակերպելուն աջակցելու համար»։ Մոսկվայի հայտարարությունն ավարտվել է նման ձևակերպմամբ։
«Ռուսաստանի հետ հարաբերությունների հաստատումը շատ առումներով անհասկանալի է»
Տարիներ շարունակ Ժնևի ձևաչափը Ռուսաստանի և Վրաստանի միջև բանակցությունների միակ պաշտոնական հարթակն էր։ Հատուկ ներկայացուցիչների հանդիպումները սկսվել են միայն 2012-ին՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության իշխանության գալուց հետո։
Մոսկվան հենց սկզբից այդ պաշտոնում փոխարտգործնախարար էր նշանակել՝ այն ժամանակ Գրիգորի Կարասինին։ Թբիլիսին այլ մոտեցում էր ընտրել և հատուկ ներկայացուցիչ նշանակել փորձառու դիվանագետ Զուրաբ Աբաշիձեին։ Հանդիպումները տարիներ շարունակ շարունակվել են, իսկ վերջին պաշտոնապես հաստատված հանդիպումը կայացել է 2021-ին։
2024-ին Աբաշիձեին փոխարինել էր մեկ այլ դիվանագետ՝ Գիորգի Կաջաիան, որը, կառավարության վարչակազմի տվյալներով, պաշտոնավարել է մինչև 2025-ի դեկտեմբերը։ Դրանից հետո պաշտոնը թափուր էր մինչև Զուրաբաշվիլիի նշանակումը։
Իշխանության ընդդիմախոսները երկար ժամանակ քննադատում էին այս ձևաչափը, իսկ Զուրաբաշվիլիի նշանակումից հետո մտահոգությունները կրկին ուժեղացել են։
Մինսկում հանդիպման օրը Վրացի դիվանագետների միությունը, որը միավորում է տարբեր սերունդների մասնագետների, հայտարարել է, որ նոր ձևաչափը «կարող է դիտարկվել որպես դիվանագիտական հարաբերությունների վերականգնման ձև»։ Վրաստանն ու Ռուսաստանը դիվանագիտական հարաբերությունները խզել էին 2008-ի օգոստոսյան պատերազմից հետո։
Նախորդ ձևաչափի հետ համեմատելով՝ միությունը նշել է, որ այս անգամ բանակցություններին մասնակցում է վրացի բարձրաստիճան պաշտոնյա՝ փոխարտգործնախարար, մինչդեռ նրա նախորդները նման պաշտոն չէին զբաղեցնում։ Կազմակերպությունը նաև առանձնացրել է վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունը, թե ձևաչափը, ի թիվս այլ հարցերի, պիտի ծառայի «Ռուսաստանի Դաշնության հետ հակամարտության խաղաղ կարգավորմանը»։ Միության գնահատմամբ՝ սա ընդլայնում է ձևաչափի նախկին շրջանակը, որը հիմնականում վերաբերում էր առևտրին, հումանիտար և մարդու իրավունքների հարցերին։
«Օկուպացնող պետության հետ առանց միջազգային միջնորդների, Ռուսաստանի դաշնակից երկրի մայրաքաղաքում բանակցություններ անցկացնելը պարզապես տեխնիկական կամ լոգիստիկ հարց չէ։ Սա քաղաքական ընտրություն է, որը նշանակում է բանակցել Ռուսաստանի համար բարենպաստ միջավայրում և Մոսկվայի համար ընդունելի ձևաչափով»,- հայտարարել է կազմակերպությունը։
Հանդիպման վայրի՝ Բելառուսի մայրաքաղաք Մինսկի ընտրությունը ևս քննադատության է արժանացել։ Աբաշիձեն և Կարասինը նախկինում հանդիպում էին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում։
«Տարիներ շարունակ ռուսները պնդում էին, որ ռուս-վրացական բանակցությունները Ժնևի փոխարեն անցկացվեն Մինսկում»,- IPN-ին ասել է քաղաքական վերլուծաբան Պաատա Զաքարեիշվիլին։
«Այն ժամանակ, երբ Վրաստանի իշխանությունները բացահայտ առճակատման մեջ են Եվրոպայի հետ [...], մեր կառավարությունը Արտգործնախարարության միջոցով հստակ և միանշանակ հարաբերություններ է հաստատում Ռուսաստանի հետ, ինչը նախկինում չի եղել։ Սա շատ առումներով անհասկանալի է»,- հավելել է նա։
Բոչորիշվիլին, իր հերթին, չի ընդունում քննադատությունը։ Իշխանամետ Imedi TV-ին նա ասել է, որ «Վրաստանի շահերից ուղղակիորեն բխող կարիքներ կան», որոնք պահանջում են «անհապաղ քննարկում»։
«Հանդիպման նպատակը հենց դա էր։ Այս դեպքում հանդիպման վայրը առանձնապես կարևոր չէ։ Կարևորն այն էր, որ հանդիպումը ժամանակին կայանար, և արագ սկսվեին մեզ ու մեր քաղաքացիների համար կարևոր հարցերի քննարկումները»,- հավելել է նա։
Բոչորիշվիլիի խոսքով՝ վերջին տարիներին որոշ ուժեր փորձել են մարդկանց մեջ Ռուսաստանի հետ երկխոսության նկատմամբ «վախ» և «բացարձակ մերժում» սերմանել։
«Սա այն երկիրն է, որի հետ մենք ամենաշատ և ամենամեծ խնդիրներն ունենք։ Առանց քննարկման և երկխոսության, բնականաբար, անհնար է այդ խնդիրներից որևէ մեկը լուծել կամ կարգավորել։ Հետևաբար, առաջինը, որ պիտի անենք, խոսելու վախը հաղթահարելն է»,- ասել է նա։












