Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարարությունը Եվրամիությանը մեղադրում է քաղաքական շանտաժի փորձերի և այլ պետությունների ինքնիշխան որոշումները վերանայելու ձգտման մեջ։ Նախարարությունն արձագանքել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալասի հայտարարությանը, ըստ որի՝ Սիրիան ԵՄ-ի հետ ապագա ասոցացման համաձայնագրի պայմաններին համապատասխանելու համար պիտի հետ կանչի Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչումը։
Հարավային Օսիան և Աբխազիան ներկայում ճանաչում է չորս երկիր՝ Ռուսաստանը, Սիրիան, Վենեսուելան և Նիկարագուան։ Խաղաղօվկիանոսյան փոքր պետություն Նաուրուն հուլիսին հետ է կանչել Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչումը։ 2024-ին Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից, ինչպես նաև Վենեսուելայի Նիկոլաս Մադուրոյին իշխանությունից հեռացնելու ԱՄՆ գործողությունից հետո լայնորեն քննարկվում է այն հնարավորությունը, որ Սիրիան և Վենեսուելան նույնպես կարող են հետ կանչել իրենց ճանաչումը։
Տե՛ս նաև՝ Աբխազիան պնդում է, որ Նաուրուն հրաժարվել է ճանաչումից «արտաքին ճնշման» հետևանքով
«Մենք ԵՄ ղեկավարությանը կոչ ենք անում Հարավային Կովկասում իրավիճակը գնահատել ավելի հավասարակշռված և օբյեկտիվ մոտեցմամբ ու հրաժարվել քաղաքական շանտաժի և այլ երկրների ինքնիշխան որոշումները վերանայելու փորձերից»,- ասվում է Հարավային Օսիայի արտգործնախարարության հրապարակած հայտարարությունում։
Նախարարությունը Կալասի հայտարարությունն անվանել է «բացարձակապես անտեղի» և «իրական իրավիճակի խեղաթյուրված ընկալման» վրա հիմնված։ Հարավային Օսիան ընդգծել է, որ իրեն համարում է ինքնիշխան և անկախ պետություն, որը ճանաչել են Ռուսաստանն ու մի քանի այլ երկրներ, և հայտարարել, որ միջազգային հանրությունը չի կարող անտեսել այդ փաստը՝ «Վրաստանի քաղաքական շահերին ծառայելու համար»։
Նախարարությունը Սիրիայի կողմից Հարավային Օսիայի ճանաչումը բնութագրել է որպես միջազգային իրավունքին լիովին համապատասխան քաղաքական քայլ, որն արտահայտում է միջպետական հարաբերություններն ամրապնդելու ցանկությունը։
Ցխինվալին նաև «անընդունելի» է անվանել Հարավային Օսիայի ճանաչման հարցը ԵՄ-ի և երրորդ երկրի միջև համաձայնագրի պայմանների հետ կապելը։ Նախարարությունը մերժել է հանրապետության վերաբերյալ «Վրաստանի օկուպացված տարածքներ» ձևակերպման օգտագործումը՝ հայտարարելով, որ նման արտահայտությունները խորացնում են առկա տարաձայնությունները և չեն նպաստում կառուցողական երկխոսությանը։
Հայտարարության համաձայն՝ Հարավային Օսիան մտադիր է շարունակել ամրապնդել և ընդլայնել իր միջազգային կապերը, այդ թվում՝ Սիրիայի հետ, չնայած այս գործընթացին Վրաստանի «կատաղի հակազդեցությանը»։
Կալասը Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչման հարցը բարձրացրել է նոյեմբերի 16-ին՝ ԵՄ արտգործնախարարների հանդիպումից հետո։ Նա ասել է, որ Սիրիայի հետ նոր ասոցացման համաձայնագրի նախապատրաստումը պիտի ներառի հստակ պայմաններ, այդ թվում՝ հրաժարում Ասադի կառավարության ճանաչած՝ Ուկրաինայի և Վրաստանի տարածքների ճանաչումից։
ԵՄ անդամ բոլոր 27 պետություններն արդեն հաստատել են պայմանների ցանկը, որը պիտի ներկայացվի Սիրիայի անցումային կառավարությանը։ «Վրաստանի օկուպացված տարածքների» ճանաչումը հետ կանչելը այդ պայմաններից մեկն է՝ «մարդու իրավունքներին» վերաբերող պահանջների հետ։
Կալասը, սակայն, պարզաբանել է, որ ԵՄ-Սիրիա ասոցացման համաձայնագիրը, որի շուրջ բանակցություններն ավարտվել էին 2008-ին, հնարավոր չէ հետադարձ ուժով փոփոխել։ ԵՄ անդամ պետությունները կարող են ստորագրել սկզբնական համաձայնագիրը, ապա անցնել դրա նորացված տարբերակի մշակմանը։ Ակնկալվում է, որ հենց նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մանդատում կընդգրկվեն լրացուցիչ պահանջները, այդ թվում՝ Ուկրաինայի և Վրաստանի տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ։
Նոյեմբերի 18-ին Հարավային Օսիայի արտգործնախարար Ախսար Ջիոևը ռուսական պետական RIA Novosti գործակալությանը հայտնել է, որ Հարավային Օսիան շարունակում է կապեր պահպանել Սիրիայի հետ և մտադիր է շարունակել համագործակցությունը Դամասկոսի հետ։ Նրա խոսքով՝ Մոսկվայում սիրիացի դիվանագետների հետ վերջերս անցկացված խորհրդակցությունները ցույց են տալիս, որ երկխոսությունը շարունակվում է։
Վրացական ընդդիմությունը ողջունել է Կալասի հայտարարությունը։ «Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան շնորհակալություն է հայտնել եվրոպացի գործընկերներին երկրի տարածքային ամբողջականությանը աջակցելու համար։ Նա նաև իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը մեղադրել է Աբխազիայի և Հարավային Օսիայի չճանաչման քաղաքականությունը թուլացնելու և Վրաստանի ու արևմտյան գործընկերների հարաբերությունները վնասելու մեջ։
Ընդդիմադիր «Կոալիցիա փոփոխությունների համար»-ը հայտարարել է, որ լոբբինգ է իրականացրել, որպեսզի հարցը ներառվի Սիրիայի հետ ԵՄ բանակցությունների օրակարգում։ Կոալիցիայի տվյալներով՝ հուլիսի 21-ին նամակներ է ուղարկել Կալասին, Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարությանը, ինչպես նաև ԵՄ երկրների արտգործնախարարներին։ Սեպտեմբերի 14-ին Եվրահանձնաժողովը կոալիցիային հայտնել է, որ Սիրիայի իշխանությունների հետ շփումներում բարձրացվելու է Վրաստանի տարածքային ամբողջականության հարցը։ Կալասի հայտարարությունից հետո կոալիցիան շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին Աբխազիայի և Հարավային Օսիայի չճանաչման քաղաքականությանն աջակցելու համար։
Հուլիսին Աբխազիայի արտգործնախարար Օլեգ Բարցիցը, մեկնաբանելով Սիրիայի նոր իշխանություններին Ասադի օրոք ընդունված որոշումները վերանայելու ԵՄ կոչը, ասել էր, որ Աբխազիայի անկախությունը ճանաչող երկրների դիրքորոշման վրա ազդելու փորձերը «նորություն չեն»։
Բարցիցի խոսքով՝ 2024-ի վերջին Սիրիայում իշխանափոխությունից հետո Վրաստանի ղեկավարությունը բազմիցս փորձել է ազդել Դամասկոսի դիրքորոշման վրա, այդ թվում՝ եվրոպական կառույցների միջոցով։ Վրաստանը նաև փորձել է այս հարցում ստանալ Թուրքիայի աջակցությունը, սակայն ապարդյուն։ Չնայած այդ քայլերին՝ Բարցիցը հայտարարել է, որ Աբխազիան շարունակում է միջպետական հարաբերություններ պահպանել Սիրիայի հետ։
Սիրիան Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչել է 2018-ի մայիսի 29-ին, երբ երկիրը ղեկավարում էր Ասադը։ Որոշումն ընդունվել էր Սիրիայի իշխանությունների և Ռուսաստանի մերձեցումից հետո։ Ռուսաստանն Աբխազիան և Հարավային Օսիան ճանաչել էր 2008-ի օգոստոսյան պատերազմից հետո։ Ի պատասխան՝ Թբիլիսին խզել էր դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ։
2024-ի դեկտեմբերին Ասադի տապալումից հետո Վրաստանի իշխանություններն ու ընդդիմությունը Դամասկոսին կոչ են արել վերանայել 2018-ի որոշումը։ Սակայն Սիրիան հրապարակային որևէ հայտարարություն չի արել, որը ցույց կտար, թե պատրաստ է նման քայլի։
OC Media-ն չի օգտագործում «դե ֆակտո», «չճանաչված» կամ «մասնակի ճանաչված» ձևակերպումները Աբխազիայի, Լեռնային Ղարաբաղի և Հարավային Օսիայի հաստատությունների կամ քաղաքական պաշտոնների մասին խոսելիս։ Սա դրանց կարգավիճակի մասին դիրքորոշում չէ և արվում է ընթերցումը հեշտացնելու նպատակով։












