Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության տարածքային կառույցի բարձրաստիճան ներկայացուցիչը ձերբակալվել է՝ նախկին կնոջ սպանությունը կազմակերպելու համար 25 հազար դոլար վճարելու կասկածանքով։
Իշխանությունները չեն հրապարակել ձերբակալվածի ինքնությունը, սակայն տեղի աղբյուրները OC Media-ին հայտնել են, որ խոսքը Ռաֆի Օրուջովի մասին է։ Radio Marneuli-ն հաղորդում է, որ նրա փաստաբանը խոստացել է մանրամասն տեղեկություն ներկայացնել ձերբակալության պատճառների մասին։
Կուսակցության Քվեմո Քարթլիի տարածաշրջանային կառույցի փոխնախագահ Օրուջովը, ըստ քննության, ամուսնալուծությունից հետո նախկին կնոջ հետ ունեցած տարաձայնությունից հետո փորձել է վարձու մարդասպան գտնել։ Քննիչների խոսքով՝ ենթադրյալ ծրագիրը բացահայտվել է դատարանի թույլտվությամբ իրականացված գաղտնի քննչական գործողությունների միջոցով։ Մեղավոր ճանաչվելու դեպքում Օրուջովին սպառնում է մինչև 20 տարվա կամ ցմահ ազատազրկում։
Քննիչները պնդում են, որ Գարդաբանիի բնակիչ կասկածյալը, որի անունը պաշտոնապես չի հրապարակվել, ամուսնալուծությունից հետո նախկին կնոջ հետ ունեցած՝ ըստ հաղորդումների խանդով պայմանավորված վեճից հետո որոշել է կազմակերպել նրա սպանությունը։
Քննության վարկածով՝ նա դիմել է իր ծանոթներից մեկին և խնդրել վարձու մարդասպան գտնել՝ սպանության համար առաջարկելով 25 հազար դոլար։
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ նա ցանկացել է, որ սպանությունը կատարվի այն ժամանակ, երբ իրենց երեք անչափահաս երեխաները մոր հետ չլինեն։
Կասկածյալի բնակարանում խուզարկության ժամանակ ոստիկանությունն առգրավել է տարբեր մոդելների մի քանի հրազեն, զինամթերք և բջջային հեռախոս, որը, ըստ քննության, օգտագործվել է ծանոթի հետ կապ հաստատելու համար։
Ծանրացուցիչ հանգամանքներում սպանության փորձի հատկանիշներով հետաքննություն է սկսվել։ Այդ մեղադրանքով հնարավոր պատիժը մինչև 20 տարվա կամ ցմահ ազատազրկումն է։
Օրուջովի փաստաբան Անդրոնիկ Սարիբեկովը Region TV-ին ասել է, որ իր պաշտպանյալին դեռ պաշտոնապես մեղադրանք չի առաջադրվել։ Նրա խոսքով՝ մեղադրանքի պաշտոնական առաջադրումից հետո պաշտպանական կողմը կուսումնասիրի ապացույցները և կներկայացնի իր դիրքորոշումը։
«Մեզ կոնկրետ ապացույցներն են հետաքրքրում։ Սպասում ենք մեղադրանքի պաշտոնական առաջադրմանը։ Դրանից հետո ապացույցները մեզ կտրամադրվեն։ Կուսումնասիրենք դրանք և, իհարկե, մեր դիրքորոշումն ավելի մանրամասն կներկայացնենք»,- ասել է փաստաբանը։
Սարիբեկովը հերքել է հետապնդման և հսկողության մասին պնդումները՝ պնդելով, որ նման գործողություններ չեն եղել։ Նա նաև հաստատել է, որ զույգը պաշտոնապես ամուսնալուծված է։
Փաստաբանի խոսքով՝ Օրուջովը ներկայում պահվում է Զահեսիի քննչական մեկուսարանում։
«Միացյալ ազգային շարժումը» ձերբակալության վերաբերյալ դեռ պաշտոնական հայտարարություն չի տարածել։












