Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Նոյեմբերի 15-ին Թբիլիսիում հիմնադրվել է նոր քաղաքական կուսակցություն՝ «Շարժում հանուն սոցիալական ժողովրդավարության»։ Հիմնադիր համագումարում ընդունվել է կուսակցության կանոնադրությունը և ընտրվել ղեկավար մարմինները։
Կուսակցությունը ստեղծվել է Վրաստանում քաղաքական ճգնաժամի պայմաններում։ Սահմանադրական դատարանը քննում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորների ներկայացրած հայցը, որով պահանջվում է արգելել հինգ ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունը։ Գործը մտահոգություններ է առաջացրել երկրում քաղաքական բազմակարծության ապագայի վերաբերյալ։
Նոր քաղաքական ուժը միավորում է տարբեր մասնագիտական ոլորտների մարդկանց՝ սոցիալական արդարության, աշխատանքային իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության համար պայքարող ակտիվիստների, ուսանողների, ինչպես նաև արտերկրում բնակվող անձանց։ Խումբը հայտարարում է, որ իր գլխավոր նպատակը քաղաքական և տնտեսական առումով արդար պետություն կառուցելն է։
Շարժումը գրեթե երկու տարի ակտիվ է հանրային դաշտում և մասնակցել է տարբեր հարցերի շուրջ անցկացված բողոքի ակցիաներին։ Նրա անդամները հայտնի են նաև որպես «Հանրային հեռարձակողի համար երթի» կազմակերպիչներ։

«Երբ քաղաքական տարածքը գրեթե ամբողջությամբ վերանալու եզրին է, այս քայլն ունի հիմնարար քաղաքական և խորհրդանշական նշանակություն»,- հիմնադիր համագումարում ասել է Սոփո Վերձեուլին։
Նա հավելել է, որ քաղաքական կազմակերպության ստեղծումը պիտի պատասխան լինի երկրում տարածվող հուսահատությանն ու նիհիլիզմին, նպաստի քաղաքացիների՝ սեփական ազդեցության զգացողության վերականգնմանը և նրանց վերադարձնի քաղաքականություն։
«Այսօր հայտարարում ենք սոցիալ-դեմոկրատական կուսակցության ստեղծման մասին, որը մեր երկրում պայքարելու է ազատության, հավասարության և համերաշխության համար։ Մենք հավատում ենք, որ համատեղ ջանքերով կկարողանանք վերադարձնել այն, ինչ իրավամբ պատկանում է ժողովրդին»,- ասել է Վերձեուլին։
OC Media-ի հետ զրույցում Վերձեուլին նշել է, որ դեռ վաղ է ասել՝ արդյոք կուսակցությունը կմասնակցի 2028-ի խորհրդարանական ընտրություններին։
«Այսօր չեմ կարող ասել՝ մեր կուսակցությունը 2028-ին կլինի՞ քվեաթերթիկում, թե՞ ոչ։ Այս որոշումը շարժման բոլոր անդամները կընդունեն ընդհանուր ժողովում, որը կանցկացվի ընտրություններից որոշ ժամանակ առաջ»,- ասել է նա։
Վերձեուլին հավելել է, որ շարժման ավելի լայն նպատակը՝ քաղաքական այլընտրանք ստեղծելը, ի վերջո կապված է նաև ընտրական մրցակցության հետ։ Նրա խոսքով՝ կուսակցությունը ցանկանում է մեծացնել այն ընտրողների թիվը, որոնք պատրաստ են դեմ կանգնել միակուսակցական կառավարմանը և աջակցել ընդդիմությանը։
«Խոսքը ուրիշից ձայներ խլելու կամ արդեն զբաղեցրած դիրքում ինչ-որ մեկին փոխարինելու մասին չէ։ Մենք տեսնում ենք, որ ընդդիմադիր ընտրողների այն թիվը, որը գործող քաղաքական էլիտաները կարողանում են մոբիլիզացնել, բավարար չէ ավտորիտարիզմին հաղթելու համար»,- ասել է նա։
Վերձեուլին հավելել է, որ շարժումը ցանկանում է ընդլայնել ընդդիմադիր ընտրազանգվածը, իսկ ընտրություններին մասնակցելու որոշումը կախված կլինի քաղաքական իրավիճակից և այն պայմաններից, որոնցում կուսակցությունը պիտի գործի։ Վերջնական որոշումը կուսակցության ընդհանուր ժողովը կընդունի, երբ ընտրությունները մոտենան։
Կուսակցության մեկ այլ անդամ՝ Վախուշտի Մենաբդեն, OC Media-ին ասել է, որ «Շարժում հանուն սոցիալական ժողովրդավարության» կուսակցության նպատակը հասարակության ազատագրումն ու ինքնուրույնության ամրապնդումն է։
Հարցին, թե ինչու է խումբը որոշել կուսակցություն ստեղծել այն ժամանակ, երբ այլ ընդդիմադիր ուժերին արգելք է սպառնում, Մենաբդեն պատասխանել է, որ սոցիալ-դեմոկրատական տեսանկյունից քաղաքականությունը միայն կուսակցական համակարգով չի սահմանափակվում։
«Քաղաքականությունն ընդգրկում է հանրային բոլոր հարցերն ու ավելի լայն քաղաքական համակարգը և չի սահմանափակվում քաղաքական կուսակցություններով ու դրանց գործունեությամբ»,- ասել է նա։
Մենաբդեի խոսքով՝ աճող ավտորիտարիզմի պայմաններում քաղաքական համակարգն արդեն դժվար վիճակում է, սակայն դրա վատթարացումը սկսվել էր դեռ մինչև իշխանությունները քաղաքական կուսակցությունների դեմ քայլեր ձեռնարկելը։ Նա մատնանշել է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, արհմիությունների, մասնագիտական միավորումների և այլ խմբերի նկատմամբ սահմանափակումները՝ «Վրացական երազանքին» մեղադրելով դրանց դեմ ուղղված մի շարք օրենքներ ընդունելու և այդ կազմակերպությունների անդամներին դավաճաններ ներկայացնելու մեջ։
«Ավտորիտարիզմի այս քայլերից ոչ մեկը չպիտի պատճառ դառնա, որ մենք հրաժարվենք քաղաքականությունից»,- ասել է նա։
Կուսակցության մեկ այլ անդամ՝ Գոտա Չանտուրիան, հայտարարել է, որ շարժումը ներկայացնում է «99 տոկոսին»։
«Մենք 99 տոկոսն ենք։ Լրագրողը, հանքագործը, ուսանողը, դասախոսը, բանաստեղծը, սուպերմարկետի գանձապահը, փողոցային վաճառողը կամ պարտքերի պատճառով վերջին տունը կորցնող ընտանիքը»,- ասել է Չանտուրիան։
Նրա պնդմամբ՝ երկրին սպառնացող միակ փոքրամասնությունը քաղաքական դասը և բիզնես էլիտաներն են, որոնց նա մեղադրել է անկախությունից ի վեր 35 տարի շարունակ երկիրը թալանելու մեջ։ Նա նաև տարբեր մասնագիտական և սոցիալական խմբերի ներկայացուցիչներին հրավիրել է համագործակցել շարժման հետ։
Համագումարում ընտրվել են կազմակերպչական հանձնաժողովի անդամները, որոնք հաջորդ մեկ տարվա ընթացքում ղեկավարելու են շարժման գործունեությունը։ Մասնակիցները նաև հաստատել են կուսակցության կանոնադրությունը և ընտրել վերստուգիչ հանձնաժողով։
Շարժումն իրեն ներկայացնում է որպես ձախական քաղաքական ուժ, որի հիմքում սոցիալական արդարությունը, հավասարությունն ու ժողովրդավարությունն են։ Այն ոգեշնչվում է եվրոպական սոցիալ-դեմոկրատիայից և Վրաստանի պատմական սոցիալիստական ավանդույթներից։
«Շարժում հանուն սոցիալական ժողովրդավարության»-ը հայտարարում է, որ հիմնված է ներքին ամուր ժողովրդավարության և քաղաքականության նկատմամբ նոր մոտեցման վրա։ Դրա նպատակն է քաղաքական ազդեցությունը վերադարձնել մարդկանց և հասարակության իրական խնդիրները դարձնել քաղաքական որոշումների շարժիչ ուժը։
Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քաղաքական միավորումը հիմնադիր համագումարից հետո մեկ շաբաթվա ընթացքում գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը պիտի ներկայացնի Հանրային ռեգիստրի ազգային գործակալություն։ Գործակալությունը գրանցման վերաբերյալ որոշում ընդունելու համար մեկ ամիս ունի։
Կուսակցության գրանցման վերաբերյալ Մենաբդեն OC Media-ին ասել է, որ շարժումը հնարավոր ամեն ինչ անելու է պաշտոնական կարգավիճակ ստանալու համար՝ նշելով, որ գրանցումը ապագա գործունեության համար գործնական առավելություն է տալիս։
Սակայն նրա խոսքով՝ եթե իշխանությունները մերժեն գրանցումը, շարժումը կշարունակի գործել որպես չգրանցված քաղաքական միավորում։
«Սահմանադրությունը մեզ իրավունք է տալիս գործել և՛ որպես գրանցված, և՛ որպես չգրանցված քաղաքական միավորում, և ոչ ոք չի կարող մեզ խանգարել»,- ասել է նա։












