Գլխավոր Լրահոս

Աբխազիան պնդում է, որ Նաուրուն հրաժարվել է ճանաչումից «արտաքին ճնշման» հետևանքով

Աբխազիայի նախկին նախագահ Ռաուլ Խաջիմբան (ձախից) հանդիպում է Նաուրուի նախկին նախագահ Բարոն Վակային, 2017-ի նոյեմբեր

Աբխազիայի նախկին նախագահ Ռաուլ Խաջիմբան (ձախից) հանդիպում է Նաուրուի նախկին նախագահ Բարոն Վակային, 2017-ի նոյեմբեր

Պաշտոնական լուսանկար

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Աբխազիան քննադատել է Նաուրուի որոշումը՝ անկախության ճանաչումից 17 տարի անց խզել դիվանագիտական հարաբերությունները Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ։

Աբխազիայի իշխանությունների պնդմամբ՝ Նաուրուն այդ որոշումը կայացրել է «աննախադեպ և համակարգված արտաքին ճնշման» պայմաններում, իսկ Խաղաղ օվկիանոսի հարավային հատվածի փոքր կղզի-պետության նկատմամբ կիրառվել է «խեղդելու և հարկադրանքի անթույլատրելի մեթոդների ամբողջ զինանոցը»։

Աբխազիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ հանդես է եկել հուլիսի 29-ին, իսկ Նաուրուի որոշման մասին հայտարարեց ոչ թե հենց Նաուրուն, այլ Թբիլիսին։

Նախարարությունը նշել է, որ «ափսոսում է որոշման հարկադրված բնույթի համար»՝ ընդգծելով, որ Նաուրուի կողմից 2009-ի դեկտեմբերին Աբխազիայի ճանաչումից ի վեր երկու կողմերը հետևողականորեն աշխատել են երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ։

Հայտարարության մեջ նաև ասվում է, որ Աբխազիայի և Նաուրուի համագործակցությունը «անընդհատ բախվել է Վրաստանի և նրա արևմտյան գործընկերների դիմադրությանը»։

Նախարարությունը պնդում է, որ Աբխազիայի ճանաչման պատճառով Նաուրուն ենթարկվել է «անթաքույց քաղաքական շանտաժի և կոպիտ դիվանագիտական ճնշման»։

Բացի այդ, նշվում է, որ Նաուրուի «նախկին ղեկավարությունը» բազմիցս «վերահաստատել է իր հավատարմությունը պետությունների ինքնիշխան հավասարության սկզբունքին և արտաքին քաղաքականության ինքնուրույն ձևավորման գործընթացին միջամտության անթույլատրելիությանը»։

Հոդվածի հրապարակման պահին Հարավային Օսիան դեռևս չէր արձագանքել Նաուրուի որոշմանը։

Թեև Վրաստանը հայտարարել էր, որ Նաուրուն այդ որոշումը կայացրել է հուլիսի 21-ին, կղզի-պետությունը միայն հուլիսի 30-ին կառավարության պաշտոնական ֆեյսբուքյան էջում հաստատեց, որ խզել է դիվանագիտական հարաբերությունները Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ։

«Համապատասխան երկրները պաշտոնապես կծանուցվեն համապատասխան դիվանագիտական ուղիներով»,- ասված է կարճ հայտարարության մեջ։

Խաղաղ օվկիանոսի հարավում գտնվող Նաուրուն, որի բնակչությունը մոտ 12 հազար է, Աբխազիան և Հարավային Օսիան ճանաչել էր 2009-ի դեկտեմբերին։

Ռուսական «Կոմերսանտ» գործարար պարբերականն այն ժամանակ հայտնել էր, որ Նաուրուն Ռուսաստանից «50 միլիոն դոլար էր խնդրել կղզում ծրագրեր իրականացնելու համար»։

Նույն ամսին, երբ Աբխազիայի այն ժամանակվա արտաքին գործերի նախարար Սերգեյ Շամբային հարցրել էր՝ արդյոք այդ գումարը կարելի է համարել ճանաչման դիմաց վճար, նա պատասխանել էր.

«Դիվանագիտական հարաբերություններն այդպես չեն հաստատվում [...], թեև, իհարկե, միջազգային պրակտիկան որոշ չափով զուտ սակարկություն է»։

Նաուրուն միանում է Հարավային Խաղաղ օվկիանոսի ևս երկու երկրների՝ Վանուատուին և Տուվալուին, որոնք հետ էին կանչել Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչումը։

Երկու պետություններն էլ 2011-ին խզել էին դիվանագիտական հարաբերությունները Սուխումիի և Ցխինվալիի հետ։

2024-ի վերջին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի իշխանությունից հեռացումից հետո լայնորեն քննարկվում էր, թե արդյոք Սիրիայի անցումային կառավարությունը ևս հետ կկանչի Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչումը։

Սակայն Դամասկոսի պաշտոնական դիրքորոշման մեջ մինչ այժմ որևէ փոփոխություն չի եղել։

OC Media-ն չի օգտագործում «դե ֆակտո», «չճանաչված» կամ «մասնակի ճանաչված» ձևակերպումները Աբխազիայի, Լեռնային Ղարաբաղի և Հարավային Օսիայի հաստատությունների կամ քաղաքական պաշտոնների մասին խոսելիս։ Սա դրանց կարգավիճակի մասին դիրքորոշում չէ և արվում է ընթերցումը հեշտացնելու նպատակով։

Կազմակերպություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում