Գլխավոր Լրահոս

Նաուրուն հետ է կանչել Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչումը

Հարավային Օսիայի արտաքին գործերի նախկին նախարար Դմիտրի Մեդոևը (աջից) և Նաուրուի նախկին նախագահ Բարոն Վական (ձախից), 2018-ի փետրվար

Հարավային Օսիայի արտաքին գործերի նախկին նախարար Դմիտրի Մեդոևը (աջից) և Նաուրուի նախկին նախագահ Բարոն Վական (ձախից), 2018-ի փետրվար

Պաշտոնական լուսանկար

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Նաուրուն հետ է կանչել Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչումը։

Խաղաղ օվկիանոսի այս փոքր կղզի-պետությունը դրանք պաշտոնապես ճանաչել էր 2009-ին։ Նաուրուն ՄԱԿ-ի անդամ այն հինգ պետություններից մեկն էր, որոնք ճանաչել էին Աբխազիան և Հարավային Օսիան՝ Ռուսաստանի, Նիկարագուայի, Վենեսուելայի և Սիրիայի հետ։

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Նաուրուն այդ որոշումն ընդունել է հուլիսի 21-ին։

«Վերոնշյալ որոշումը ևս մեկ անգամ հաստատում է, որ միջազգային իրավունքի նորմերի նկատմամբ հարգանքն ու դրանց պաշտպանությունն առողջ միջազգային հարաբերությունների հիմքն են»,- ասվում է հայտարարության մեջ։

Նախարարությունը նաև նշել է, որ Վրաստանը պատրաստ է հարաբերություններ հաստատել Նաուրուի հետ։

OC Media-ն մեկնաբանության համար դիմել է Նաուրուի խորհրդարանին և արտաքին գործերի նախարարությանը։

Նաուրուի արտաքին գործերի նախարարությունը հարցի վերաբերյալ հայտարարություն չի տարածել։ Երկրի կառավարության պաշտոնական ֆեյսբուքյան էջում, որը պարբերաբար թարմացվում է, նույնպես որոշման մասին որևէ հիշատակում չկա։

Հոդվածի հրապարակման պահին Հարավային Օսիայից և Աբխազիայից ևս պաշտոնական մեկնաբանություններ չէին հնչել ճանաչումը հետ կանչելու վերաբերյալ։

Աբխազիայի նախկին նախագահ Ռաուլ Խաջիմբան (ձախից) հանդիպում է Նաուրուի նախկին նախագահ Բարոն Վակային, 2017-ի նոյեմբեր
Աբխազիայի նախկին նախագահ Ռաուլ Խաջիմբան (ձախից) հանդիպում է Նաուրուի նախկին նախագահ Բարոն Վակային, 2017-ի նոյեմբեր

Խաղաղ օվկիանոսի հարավում գտնվող Նաուրուն, որի բնակչությունը մոտ 12 հազար է, Աբխազիան և Հարավային Օսիան ճանաչել էր 2009-ի դեկտեմբերին։

Ռուսական «Կոմերսանտ» գործարար պարբերականն այն ժամանակ հայտնել էր, որ Նաուրուն Ռուսաստանից «50 միլիոն դոլար էր խնդրել կղզում ծրագրեր իրականացնելու համար»։

Նույն ամսին, երբ Աբխազիայի այն ժամանակվա արտաքին գործերի նախարար Սերգեյ Շամբային հարցրել էր՝ արդյոք այդ գումարը կարելի է համարել ճանաչման դիմաց վճար, նա պատասխանել էր.

«Դիվանագիտական հարաբերություններն այդպես չեն հաստատվում [...], թեև, իհարկե, միջազգային պրակտիկան որոշ չափով զուտ սակարկություն է»։

Նաուրուն միանում է Հարավային Խաղաղ օվկիանոսի ևս երկու երկրների՝ Վանուատուին և Տուվալուին, որոնք հետ էին կանչել Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչումը։

Երկու պետություններն էլ 2011-ին խզել էին դիվանագիտական հարաբերությունները Սուխումիի և Ցխինվալիի հետ։

2024-ի վերջին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի իշխանությունից հեռացումից հետո լայնորեն քննարկվում էր, թե արդյոք Սիրիայի անցումային կառավարությունը ևս հետ կկանչի Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչումը։

Սակայն Դամասկոսի պաշտոնական դիրքորոշման մեջ մինչ այժմ որևէ փոփոխություն չի եղել։

OC Media-ն չի օգտագործում «դե ֆակտո», «չճանաչված» կամ «մասնակի ճանաչված» ձևակերպումները Աբխազիայի, Լեռնային Ղարաբաղի և Հարավային Օսիայի հաստատությունների կամ քաղաքական պաշտոնների մասին խոսելիս։ Սա դրանց կարգավիճակի մասին դիրքորոշում չէ և արվում է ընթերցումը հեշտացնելու նպատակով։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում