Գլխավոր Լրահոս

Վլադիվոստոկի բնակիչը տուգանվել է չեչենական հատուկջոկատայինների մասին բանաստեղծություն տարածելու համար

Իվան Պլետնիկովը

Իվան Պլետնիկովը

Լուսանկարը՝ Mozhem Obyasnit-ից

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Վլադիվոստոկի 18-ամյա բնակիչ Իվան Պլետնիկովը 40 հազար ռուբլի՝ մոտ 500 դոլար, տուգանք է ստացել քրեական գործով՝ հավատացյալ մուսուլմանների կրոնական զգացմունքները վիրավորելու համար։ Գործը վերաբերում է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հետ կապված չեչենական հատուկ նշանակության ուժերի մասին հեգնական բանաստեղծությանը։ Դատավճռից հետո Պլետնիկովը հեռացել է Ռուսաստանից։

Պլետնիկովն իր գործի մասին պատմել է ռուսական անկախ Mozhem Obyasnit («Կարող ենք բացատրել») լրատվամիջոցին։ Նրա խոսքով՝ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցներն առաջին անգամ իրենով հետաքրքրվել են 2023-ին, երբ նա 15 տարեկան էր։ Այդ ժամանակ Պլետնիկովը ուսուցիչների և դասընկերների հետ զրույցներում բացահայտ քննադատում էր Ուկրաինայում Ռուսաստանի լայնածավալ պատերազմը։ Անվտանգության ծառայության աշխատակիցները զրուցել էին նրա հետ այդ արտահայտությունների մասին և զգուշացրել հնարավոր հետևանքների մասին։

«Ասացին՝ «Չի կարելի քեզ այդպես պահել, դա շատ վատ է»։ Այդ ժամանակ դրանով էլ ամեն ինչ ավարտվեց»,- ասել է Պլետնիկովը։

Դպրոցն ավարտելուց հետո Պլետնիկովն ընդունվել է քոլեջ։ Երեք տարի անց՝ 2026-ի փետրվարին, երբ արդեն 18 տարեկան էր, Դաշնային ծառայության աշխատակիցները խուզարկել են նրա տունը։ Պլետնիկովի խոսքով՝ մորը ստիպել են դուրս գալ սենյակից, իսկ աշխատակիցներից մեկը ծեծել է իրեն և սպառնացել ավելի ծանր վնասվածքներ հասցնել, եթե փաստաբան պահանջի։

«Ասաց՝ «Ի՜նչ տականք ես։ Երկիրը քեզ կերակրում է, իսկ դու այսպե՞ս ես հատուցում։ Քո նման պիդեռներին պիտի պատերազմ ուղարկել՝ մսաղացի գրոհների, որ բոլորդ այնտեղ սատկեք»։ Սպառնաց ինձ չեչենների հետ նույն խուցը գցել։ Ասաց, որ նրանց կտա իմ հասցեն, և նրանք ընտանիքիս ինչ-որ վատ բան կանեն»,- պատմել է Պլետնիկովը։

Նրա խոսքով՝ աշխատակիցները հեռախոսում փնտրել են ուկրաինացի համակարգողի հետ նամակագրություն, սակայն նման բան չեն գտել։

Խուզարկությունից հետո Պլետնիկովին մի քանի անգամ վարչական կալանքի են ենթարկել՝ նացիստական խորհրդանիշներ ցուցադրելու մեղադրանքով։ Նրա խոսքով՝ դրա համար հիմք են դարձել իր սենյակում հայտնաբերված Ուկրաինայի դրոշը, ընկերների հետ հաղորդագրությունները, որոնցում նրանք քննադատել են պատերազմը, ինչպես նաև համացանցում իր գրած մեկնաբանությունները։

«Փա՛ռք Ուկրաինային» մեկնաբանության համար նա 15 օր վարչական կալանք է ստացել, ևս 15 օր՝ մեկ այլ հրապարակման տակ նմանատիպ մեկնաբանության համար։ Ուկրաինայի դրոշով հրապարակում անելու համար նրան ևս հինգ օր կալանք են տվել։

Ավելի ուշ նրա դեմ քրեական գործ է հարուցվել հավատացյալների կրոնական զգացմունքները վիրավորելու համար։ Պլետնիկովի խոսքով՝ քննիչները վիրավորական են համարել չեչենական ստորաբաժանումների մասին բանաստեղծությունը, որը նա հրապարակել էր սոցիալական ցանցում։ Ըստ քննության՝ այն վիրավորել էր Չեչնիայից երկու տղամարդու, որոնց Պլետնիկովը չէր ճանաչում։ Դատարանը նրան տուգանել է 40 հազար ռուբլով՝ մոտ 500 դոլարով։

Տուգանքը վճարելուց հետո Պլետնիկովը հեռացել է Ռուսաստանից։ Նրա խոսքով՝ Անվտանգության ծառայության աշխատակիցները սպառնացել էին իրեն բանակ ուղարկել։ Նա արդեն վեց ամիս է՝ Ռուսաստանից հեռացել է և մտադիր է ԵՄ-ում մարդասիրական վիզայի համար դիմել։

Սա առաջին դեպքը չէ, երբ չեչենական ստորաբաժանումների կամ Կադիրովի քաղաքականության քննադատությունը Ռուսաստանում քրեական կամ վարչական հետապնդման է հանգեցրել։

Խակասիայի բնակիչ Տատյանա Կորբուտը տուգանվել էր VKontakte սոցիալական ցանցում գրառում հրապարակելու համար։ Այն վերաբերում էր չեչեն մարտիկների կողմից ռուս զինվորների ենթադրյալ գնդակահարությանը։

Դաղստանյան «Չեռնովիկ» («Սևագիր») թերթի հիմնադիր Մագդի Կամալովին տուգանել էին Անվտանգության դաշնային ծառայության գնդապետ Իգոր Գիրկինի հրապարակումը վերահրապարակելու համար։ Դրանում Գիրկինը քննադատում էր չեչենական ստորաբաժանումների մասնակցությունը Մարիուպոլի համար մարտերին։

Պերմի շրջանում Օլգա Իվանովային տուգանել էին հակապատերազմական հրապարակումներ վերահրապարակելու համար, այդ թվում՝ Կադիրովի ուժերին քննադատող տեսանյութի։

2025-ի փետրվարին բլոգեր Վեգան Խրիստոլյուբ Բոժին, որը նախկինում հայտնի էր Դմիտրի Կուզնեցով անունով, դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման՝ հավատացյալների կրոնական զգացմունքները վիրավորելու և նացիզմն արդարացնելու համար։ Նրա հետապնդման հիմքերից էին Կադիրովի քաղաքականությունը, իսլամն ու Ղուրանը քննադատող տեսանյութերը, որոնք նա հրապարակել էր Նիկիտա Ժուրավելի դեմ գործի հարուցումից հետո։ «Քաղբանտարկյալների աջակցություն. Մեմորիալ» իրավապաշտպան նախագիծը Վեգանին քաղբանտարկյալ էր ճանաչել։ Նա մահացել է կալանավայրում 2026-ի ապրիլի 17-ին։

Ժուրավելի գործը կրոնական զգացմունքները վիրավորելու մասին օրենքը չեչենական քաղաքականության համատեքստում կիրառելու ևս մեկ օրինակ էր։ 2023-ի մայիսին Վոլգոգրադից ուսանող Ժուրավելին ձերբակալել էին, քանի որ նա տեսանյութ էր հրապարակել, որտեղ մզկիթի մոտ Ղուրան էր այրում։ Նրա գործը փոխանցվել էր Չեչնիա, որտեղ դատարանը 2024-ի փետրվարին նրան դատապարտել էր երեքուկես տարվա ազատազրկման։

Դրանից առաջ, Գրոզնիի քննչական մեկուսարանում գտնվելու ժամանակ, Ժուրավելին ծեծել էր Ռամզան Կադիրովի որդի Ադամ Կադիրովը։ Ռամզան Կադիրովը հրապարակել էր ծեծի տեսանյութը և հայտարարել, որ հպարտանում է որդու արարքով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում