Գլխավոր Լրահոս

Նեմցովի սպանության գործով մեղավոր երեք տղամարդ, ըստ հաղորդումների, վաղաժամկետ ազատ են արձակվել

Խամզաթ Բախաևը, Թեմիրլան Էսքերխանովը և Շադիդ Գուբաշևը

Խամզաթ Բախաևը, Թեմիրլան Էսքերխանովը և Շադիդ Գուբաշևը

Լուսանկարը՝ RIA Novosti-ից

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտված երեք չեչեն՝ Զաուր Դադաևը և եղբայրներ Անզոր ու Շադիդ Գուբաշևները, ըստ հաղորդումների, վաղաժամկետ ազատ են արձակվել բանտից և այժմ ապրում են Չեչնիայում։ Այս մասին ասվում է նոյեմբերի 16-ին հրապարակված՝ ռուսական անկախ «Պրոյեկտ» լրատվամիջոցի հետաքննությունում։

Լրագրողների տվյալներով՝ երեքն էլ պայմանագիր են կնքել Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ, ինչը նրանց հնարավորություն է տվել դուրս գալ բանտից։ Սակայն Ուկրաինայում կռվելու ուղարկվելու փոխարեն նրանք վերադարձել են Չեչնիա և ապրում են սովորական քաղաքացիական կյանքով։ «Պրոյեկտի» աղբյուրի խոսքով՝ նրանց հանձնարարվել է «հանգիստ կյանքով» ապրել և ուշադրություն չգրավել, հակառակ դեպքում կարող են կրկին բանտ ուղարկվել։

Ռուսաստանի կառավարության նախկին փոխվարչապետ և երկրի առաջատար ընդդիմադիր գործիչներից Բորիս Նեմցովին գնդակահարել են 2015-ի փետրվարի 27-ին Մոսկվայի Բոլշոյ Մոսկվորեցկի կամրջի վրա՝ Կրեմլի մոտ։ 2017-ի հուլիսին Մոսկվայի շրջանային ռազմական դատարանը Չեչնիայից հինգ տղամարդու դատապարտել է 11-20 տարվա ազատազրկման։ Սակայն սպանությունը պատվիրած անձը կամ անձինք այդպես էլ չեն բացահայտվել։

Զաուր Դադաևը, որին դատարանը ճանաչել էր Նեմցովի ուղղությամբ մահացու կրակոցն արձակած անձ, դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման։ «Պրոյեկտի» տվյալներով՝ նա Իրկուտսկի մարզի քրեակատարողական հիմնարկից դուրս է եկել 2024-ի հոկտեմբերի 24-ին և այժմ ապրում է Գրոզնիից մոտ 80 կիլոմետր հեռու Յուկարչոյ գյուղում։

Անզոր Գուբաշևը դատապարտվել էր 19 տարվա, իսկ նրա եղբայր Շադիդը՝ 16 տարվա ազատազրկման։ Հետաքննության համաձայն՝ երկուսն էլ վերադարձել են Չեչնիա, ամուսնացած են և ապրում են Գրոզնիում։

«Պրոյեկտի» եզրակացությունները հիմնված են քրեակատարողական համակարգի փաստաթղթերի վրա, որոնք որոշ դեպքերում միայն անուղղակիորեն են վկայում ազատ արձակման մասին։ Այդպես է, օրինակ, Դադաևի դեպքում։ Լրագրողները պարզել են, որ Իրկուտսկի թիվ 3 քրեակատարողական հիմնարկում նրա աշխատանքային հաշվառման փաստաթղթում 2024-ի հոկտեմբերի 24-ին նշվել է, որ նա աշխատանքից ազատվել է «տեղափոխման կապակցությամբ»։ Նույն ձևակերպումն օգտագործվել է նաև այն դեպքերում, երբ բանտարկյալները լքել են հիմնարկը՝ պատերազմում կռվելու մեկնելու համար։ Միաժամանակ լրագրողները որևէ տվյալ չեն գտել, որ Դադաևը տեղափոխվել է մեկ այլ բանտ։

Լրագրողները նաև փաստաթղթեր են հայտնաբերել, որոնց համաձայն՝ Դադաևը գրանցվել է Յուկարչոյում և 2026-ի աշնանը մարել 1,2 միլիոն ռուբլու՝ մոտ 14,5 հազար դոլարի բանկային պարտքը։ Մինչ այդ դատական կատարողները ինը տարի շարունակ չէին փորձել նրանից բռնագանձել պարտքը։

«Պրոյեկտի» տվյալներով՝ Գուբաշև եղբայրները նույնպես ազատ են արձակվել 2024-ին։ Դատապարտվելուց հետո Շադիդ Գուբաշևը պատիժը կրել է Յամալո-Նենեցական շրջանի «Բևեռային գայլ» բանտում՝ նույն քրեակատարողական հիմնարկում, որտեղ մահացել է Ալեքսեյ Նավալնին։ 2021-ին նրան տեղափոխել են Չեչնիայի Չեռնոկոզովո բանտ։ Անզոր Գուբաշևը նույնպես Չեռնոկոզովո է տեղափոխվել 2024-ի դեկտեմբերին։ «Պրոյեկտի» աղբյուրը պնդում է, որ դրանից կարճ ժամանակ անց եղբայրներն ազատ են արձակվել այդ բանտից։

«Պրոյեկտը» հարցումներ է ուղարկել Ռուսաստանի իրավապահ մարմիններին, սակայն պատասխան չի ստացել։

Նեմցովի սպանության համար դատապարտված մեկ այլ անձ՝ Թեմիրլան Էսքերխանովը, բանտից ազատ է արձակվել 2024-ին՝ պաշտպանության նախարարության հետ պայմանագիր կնքելուց հետո։ Ռուսական անկախ Novaya Gazeta Europe լրատվամիջոցը հայտնել է, որ նա ծառայում է Ռուսաստանի կողմից օկուպացված ուկրաինական Մարիուպոլ քաղաքում՝ հսկելով մետալուրգիական գործարանը։ Գործով հինգերորդ մեղադրյալ Խամզաթ Բախաևն այս գարնանն ամբողջությամբ կրել է իր 11 տարվա պատիժը։

«Պրոյեկտի» վերջին հետաքննությունից հետևում է, որ քաղաքական գործչի սպանության համար դատապարտված բոլոր հինգ անձինք այժմ ազատության մեջ են։

Քննիչները հանցագործության կազմակերպիչ են անվանել Չեչնիայի «Սևեր» գումարտակի նախկին փոխհրամանատար Ռուսլան Գերեմեևի վարորդ Ռուսլան Մուխուդինովին։ Մուխուդինովը միջազգային հետախուզման մեջ է։ Նեմցովի հարազատներն ու հետաքննող լրագրողները մատնանշել են Ռամզան Կադիրովի շրջապատի մարդկանց, այդ թվում՝ Ադամ Դելիմխանովի և Գերեմեևների ընտանիքի անդամների հնարավոր մասնակցությունը սպանության կազմակերպմանը։

2023-ի հուլիսին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է, որ Նեմցովի սպանության հետաքննությունն արդյունավետ չի եղել։ Դատարանի գնահատմամբ՝ ռուս քննիչները պատշաճ չեն ուսումնասիրել հանցագործության կազմակերպմանը չեչեն բարձրաստիճան պաշտոնյաների և ուժային կառույցների աշխատակիցների հնարավոր մասնակցության մասին տեղեկությունները։

Կազմակերպություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում