Գլխավոր Լրահոս

Պուտինը հետմահու «Ռուսաստանի հերոսի» կոչում է շնորհել սպանության համար դատապարտված չեչենին

Զելիմխան Բատուկաևը

Զելիմխան Բատուկաևը

Կադրը՝ տեսանյութից

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հետմահու «Ռուսաստանի հերոսի» կոչում է շնորհել «Ախմատ» ստորաբաժանման հրամանատար Զելիմխան Բատուկաևին, որը նախկինում զինված կողոպուտի և տաքսու վարորդի սպանության համար դատապարտվել էր 19 տարվա ազատազրկման։

Հոկտեմբերի 29-ին Գրոզնիում նրա մորը՝ Թաուս Բատուկաևային, հանձնել են «Ոսկե աստղ» մեդալը։ Պարգևատրման մասին հայտնել է Չեչնիայի պետական Grozny-inform գործակալությունը։

Բատուկաևին հետմահու «Ռուսաստանի հերոսի» կոչում շնորհելու հրամանագիրը ստորագրվել էր 2026-ի հուլիսի 28-ին։ Պարգևատրման արարողության ժամանակ Չեչնիայի վարչապետ Մագոմեդ Դաուդովը նրան անվանել է խիզախ մարտիկ և իսկական սպա։ Grozny-inform-ի տվյալներով՝ «Շուստրի» մականունով Բատուկաևը ղեկավարում էր Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի 3-րդ համազորային բանակի 4-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի մոտոհրաձգային գումարտակը։

2016-ի դեկտեմբերին Բատուկաևը երկու հանցակիցների հետ մեղավոր էր ճանաչվել զինված կողոպուտի, 34-ամյա տաքսու վարորդի սպանության, ինչպես նաև գույքը դիտավորությամբ ոչնչացնելու և վնասելու համար։ Ռուսաստանի Քննչական կոմիտեի մամուլի ծառայությանը հղում անող լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նույն տարվա գարնանը մեղադրյալներից մեկը Բատուկաևին և ևս մեկ ծանոթի առաջարկել էր մեքենա գողանալ։ Մարտի 16-ի գիշերը նրանք Կրասնոդարում տաքսի էին կանգնեցրել՝ ասելով, որ ցանկանում են մեկնել Կրոպոտկին։

Քննության տվյալներով՝ ճանապարհին Բատուկաևն ու հանցակիցներից մեկը լարով սկսել էին խեղդել վարորդին, իսկ հարձակման երրորդ մասնակիցը նրան առնվազն 13 անգամ դանակահարել էր։ Վարորդը տեղում մահացել էր։ Հարձակվողները գողացել էին նրա անձնական իրերն ու մեքենան, որն ավելի ուշ վաճառել էին Չեչնիայում։ Պատճառված վնասը գերազանցել էր 940 հազար ռուբլին՝ մոտ 12 հազար դոլարը։ Բատուկաևն ու նրա երկու հանցակիցները դատապարտվել էին 19-ական տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում, ինչպես նաև տուգանվել և պարտավորվել փոխհատուցում վճարել զոհի հարազատներին։

Բատուկաևը նախկինում ևս դատապարտված էր եղել՝ 2011-ին, զենքի ապօրինի շրջանառության գործով։

Ընդդիմադիր NIYSO շարժումը պնդում է, որ 2005-ին Բատուկաևը միացել էր Իչկերիայի անկախության համար պայքարող չեչեն զինյալներին և երկու տարի անցկացրել լեռներում։

Իչկերիան կարճ ժամանակ գոյություն ունեցած չեչենական պետություն էր, որը Ռուսաստանը վերացրեց 1990-ականներին և 2000-ականների սկզբին տեղի ունեցած երկու պատերազմների ընթացքում։

NIYSO-ի պնդմամբ՝ հետագայում Բատուկաևն անցել էր հակառակ կողմ և սկսել աշխատել Ռուսաստանի օգտին՝ իշխանություններին փոխանցելով բոլոր նրանց անունները, որոնք երբևէ օգնել էին զինված ընդհատակին։

Բատուկաևը չի կրել նշանակված պատժի ամբողջ ժամկետը։ Բանտում նրան հավաքագրել էին Ուկրաինայի դեմ կռվելու համար՝ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության կազմում, իսկ ավելի ուշ նա միացել էր Ապտի Ալաուդինովի ղեկավարած «Ախմատ» ստորաբաժանմանը։ 2023-ի հոկտեմբերին Ալաուդինովը հայտարարել էր, որ Բատուկաևը պարգևատրվել է Արիության շքանշանով։ 2024-ի հունվարին Ռամզան Կադիրովը նրան պարգևատրել էր Ախմատ Կադիրովի շքանշանով։

2024-ի օգոստոսին Բատուկաևը տեսանյութ էր հրապարակել, որը նկարահանվել էր չեչենական ընդդիմադիր NIYSO շարժման անդամներից մեկի տան մոտ։ Տեսանյութում նա սպառնում էր, որ ակտիվիստն ու նրա հարազատներն այլևս չեն կարողանա ապրել այդ տանը։

«Դու և քո ընտանիքն այլևս երբեք չեք ապրի այս բակում։ Այս բակը կտան ինձ, և ես այստեղ մեծ տուն կկառուցեմ»,- ասել էր Բատուկաևը։

Բատուկաևը մահացել է 2025-ի փետրվարի 23-ին։ Ալաուդինովը պնդել էր, որ նա մարտական առաջադրանք կատարելիս երեք օր չքնելուց հետո մահացել է ուղեղային արյունազեղումից։ NIYSO-ի ներկայացուցիչները մեկ այլ վարկած են առաջ քաշել՝ պնդելով, որ պատճառը թմրամիջոցների գերդոզավորումն էր։ Շարժումը Բատուկաևի մահվան մասին հայտնել էր Ալաուդինովից մեկ օր առաջ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում