Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Գերմանիայի չեչենական սփյուռքի ներկայացուցիչները Աախեն քաղաքում բողոքի ակցիա են անցկացրել՝ ընդդեմ չեչեններին Ռուսաստան արտաքսելու ծրագրերի։ Ակտիվիստները պնդում են, որ Գերմանիայում ավելի քան 100 չեչեն ընտանիքի ներկայում արտաքսում է սպառնում, սակայն իշխանությունները չեն մեկնաբանել այս տեղեկությունը։
Բողոքի ակցիան նոյեմբերի 18-ին անցկացվել է Աախենի ներգաղթի ծառայության շենքի մոտ։ Մասնակիցները դիմել են Գերմանիայի կառավարությանը, Եվրամիությանը, ՄԱԿ-ին և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին՝ պահանջելով դադարեցնել արտաքսումները այն դեպքերում, երբ հայրենիք վերադարձը կարող է վտանգավոր լինել։
OC Media-ն դիմել է Գերմանիայի ներգաղթի մարմիններին՝ պարզելու, թե ակտիվիստների պնդումները որքանով են հիմնավոր, սակայն նյութի հրապարակման պահին պատասխան չի ստացել։
Իրավապաշտպան և Իչկերիայի ներկայացուցիչ Ռոզա Դունաևան ասում է, որ իրենք պահանջում են յուրաքանչյուր գործ քննել օբյեկտիվորեն և անհատապես, փախստականներին փաստաբանների հասանելիություն ապահովել և հաշվի առնել անչափահաս երեխաների շահերը։
Իչկերիան կարճ ժամանակ գոյություն ունեցած անջատողական չեչենական պետություն էր, որը Ռուսաստանը վերացրեց 1990-ականներին և 2000-ականների սկզբին տեղի ունեցած երկու պատերազմների ընթացքում։ Այժմ այն ունի վտարանդի կառավարություն։
«Այս տեղեկությունը մեր աղբյուրներից է, և ներգաղթի ծառայություն դիմած մարդկանց նույնպես այդ մասին ասել են։ Ես անձամբ ճանաչում եմ հինգ ընտանիքի, որոնց անդամները բանտերով ու խոշտանգումներով են անցել։ Նրանց ստիպում են հեռանալ։ [Չեչեն հրամանատար Զամիդ Չալաևը] ասել է, որ կգնդակահարի «ահաբեկիչներին օգնած» մարդկանց։ Հիմնականում փորձում են արտաքսել նրանց, ովքեր հեռացել են Ուկրաինա ներխուժումից հետո։ Բայց ոմանք արդեն 10-20 տարի է՝ այստեղ են ապրում»,- OC Media-ին ասել է Դունաևան։
Դունաևան մատնանշել է Սաիդ Աբուևի և Մուսլիմ Ալխազովի դեպքերը։ Ըստ հաղորդումների՝ նրանք նոյեմբերին Գերմանիայից հեռանալու հրահանգներ են ստացել։ Նրա խոսքով՝ երկու տղամարդիկ էլ ընդգրկված են Չեչնիայի իշխանությունների կազմած «մահապատժի ցուցակներում» և Չեչնիայից սպառնալիքներ են ստացել։ Իչկերիայի ներկայացուցիչները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ նրանց արտաքսումը կասեցնելու պահանջով։
Դունաևայի խոսքով՝ 2026-ի սկզբից եվրոպական երկրներից Ռուսաստան է արտաքսվել Չեչնիայից առնվազն 35 մարդ։ Նրա տվյալներով՝ նրանցից 15-ին արտաքսել են Գերմանիայից։ Դունաևան ասում է, որ արտաքսվածներին Ռուսաստան են տեղափոխել Վրաստանի, Սերբիայի և Թուրքիայի տարածքով։
Անկախ New Dosh Media-ի հրապարակած տվյալներով՝ տարեսկզբից Գերմանիան Ռուսաստան է արտաքսել Ռուսաստանի 246 քաղաքացու։ Գերմանիայի իշխանությունները չեն հայտնել, թե նրանցից քանիսն էին չեչեն։
Սեպտեմբերին Դունաևան հայտնել էր Գերմանիայից յոթ չեչենի արտաքսման մասին։ Նրա խոսքով՝ նրանք բոլորն ապաստան էին խնդրել և Գերմանիայի իշխանություններին ներկայացրել էին Չեչնիայի իշխանությունների կողմից հետապնդումների մասին ապացույցներ։ Նրանք Գերմանիայում ապրել են երեքից հինգ տարի, սակայն պաշտպանություն չեն ստացել։ Մերժման պատճառները չեն հրապարակվել։
Ավելի վաղ՝ օգոստոսին, չեչենական սփյուռքի ներկայացուցիչները արտաքսումների դեմ բողոքի ակցիաներ էին անցկացրել Բեռնում և եվրոպական այլ քաղաքներում՝ Գերմանիայի դեսպանատների մոտ։ Հոկտեմբերի 21-ին նման ակցիա էր անցկացվել նաև Վիեննայում։ Մասնակիցները գերմանացի դիվանագետներին դիմում էին փոխանցել՝ կոչ անելով մանրակրկիտ քննել ապաստանի դիմումները և մարդկանց չվերադարձնել այն երկրներ, որտեղ նրանց կարող են խոշտանգել կամ հետապնդել։
Գերմանիայի միգրացիոն ծառայության՝ New Dosh-ի հրապարակած վիճակագրության համաձայն՝ 2023-ին չեչեն ապաստան հայցողների 21,1 տոկոսը պաշտպանություն է ստացել, իսկ 2025-ի հունվար-նոյեմբերին՝ ընդամենը 3,9 տոկոսը։ Ցուցանիշը նվազել է ավելի քան հինգ անգամ։
Վերջին հինգ տարիներին Չեչնիայից եկած անձանց դիմումները կազմել են Գերմանիայում Ռուսաստանի քաղաքացիների ներկայացրած ապաստանի բոլոր դիմումների կեսից մինչև գրեթե երեք քառորդը։ 2023-ին Գերմանիայի իշխանությունները 6473 նման դիմում են ստացել։
Գերմանացի պատգամավորների հարցմանն ի պատասխան՝ Գերմանիայի կառավարությունն ընդունել է, որ Չեչնիայից եկած մարդիկ Ռուսաստանում առանձնահատուկ վտանգների են բախվում։ Դրանց թվում են խոշտանգումները, առևանգումները և չեչենական ուժայինների կողմից հետապնդումները։ Միաժամանակ Գերմանիայի իշխանությունները որոշ չեչեն դիմողների համար վտանգ են տեսնում նաև ենթադրյալ իսլամիստական արմատականացման պատճառով։
Չեչեն փախստականների վերադարձի անվտանգության հարցը բարձրացվել է նաև միջազգային մակարդակում։ Օգոստոսին սփյուռքի ներկայացուցիչներն այն քննարկել են ԵԱՀԿ-ի՝ խոշտանգումների կանխարգելմանը նվիրված հանդիպման ժամանակ։ Դունաևան այն ժամանակ ասել էր, որ նախորդ յոթ-ութ տարիներին իրեն հայտնի է դարձել Կովկասից առնվազն 21 մարդու մասին, որոնք սպանվել են Ռուսաստան արտաքսվելուց հետո։
Իրավապաշտպանները եվրոպական երկրներին կոչ են անում պահպանել միջազգային իրավունքով ամրագրված չվերադարձման սկզբունքը։ Այն արգելում է մարդուն վերադարձնել մի երկիր, որտեղ նրան խոշտանգումների, հետապնդումների կամ այլ վատ վերաբերմունքի վտանգ է սպառնում։ Արտաքսման հնարավորության մասին որոշումները պիտի ընդունվեն յուրաքանչյուր գործի անհատական հանգամանքները հաշվի առնելով։












